Ներաճած եղունգի խնդիրը ծանոթ է շատերին: Սա բավական տարածված խնդիր է, որի առաջացմանը կարող են նպաստել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նաև եղունգի հաստացումը, սեղմող կոշիկը, վնասվածքները և այլն:
Եղունգի ներաճման ամենատարածված ախտանշաններն են՝
· ներաճած եղունգի շուրջ եղած մաշկի ցավն ու այտուցվածությունը,
· ախտահարված մատի այտուցվածությունը,
· մաշկի կարմրածությունը,
· եղունգի շուրջը մաշկի ախտահարումը:
Բնական միջոցներ ներաճած եղունգը բուժելու համար
Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք կօգնեն բուժել եղունգն ու ախտահարված մաշկն առանց վիրահատական միջամտության: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:
1. Գոլ ջուր
Ներաճած եղունգը բուժելու հիանալի միջոց է հասարակ գոլ ջուրը: Օրական 3-4 անգամ ոտքերը գոլ ջրի մեջ դնելը կօգնի խուսափել բակտերիաների տարածումից, իսկ այդ ջրին Էպսոմի աղ ավելացնելու դեպքում կարելի է փափկեցնել մաշկն ու նվազեցնել բորբոքումը:
2. Օճառ
Շատ արդյունավետ միջոց է նաև ոտքերը պարբերաբար կաստիլյան օճառով լվանալը: Այս օճառը պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք պաշտպանում են մաշկը բակտերիաներից ու չորացումից և պահպանում են մաքրությունը:
3. Խնձորի քացախ
Կարելի է նաև ¼ բաժակ խնձորի քացախ ավելացնել գոլ ջրին և ստացված լուծույթն օգտագործել ախտահարված ոտքը լվանալու համար կամ խնձորի քացախի լուծույթը քսել ախտահարված եղունգին: Քացախը չի բուժի արդեն իսկ ի հայտ եկած բակտերիալ վարակը, սակայն իր հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ այն կօգնի պահպանել ապաքինվող մաշկի մաքրությունը:
4. Ատամնաթել և բամբակյա տամպոն
Ներաճած եղունգը բուժելու համար կարելի է օգտագործել նաև ատամնաթել կամ բամբակյա փոքրիկ տամպոն: Հարկավոր է զգուշորեն բարձրացնել եղունգը և տամպոնը կամ ատամնաթելը տեղադրել եղունգի և մաշկի միջև: Այս պարզ պրոցեդուրան կօգնի ուղղել եղունգի աճի ուղղությունը:
5. Ճիշտ ընտրված կոշիկ
Այս խնդիրը բուժելու համար բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել բարձրակրունկ ու անհարմար կոշիկներից, քանի որ դրանք ճնշում են գործադրում և թույլ չեն տալիս, որ ախտահարված եղունգն ապաքինվի: Նման դեպքերում հարկավոր է կրել հնարավորինս հարմարավետ կոշիկ, որն էլ ավելի չի վնասի եղունգը:
6. Եթերայուղեր
Ցավը մեղմելու և բորբոքումից ազատվելու համար կարելի է օգտագործել նաև եթերայուղեր: Ցանկության դեպքում կարելի է խառնել եթերայուղերը և ստացված խառնուրդն օգտագործել ախտահարված մաշկի բուժման համար: Օրինակ՝ կարելի է կոկոսյան ընկույզի յուղին ավելացնել նարդոսի, մեխակի, թեյի ծառի և հազրեվարդի եթերայուղեր և ստացված խառնուրդով պարբերաբար մերսել ախտահարված եղունգը:
Բացի այդ՝ կարելի է նաև պատրաստել մի հիանալի քսուք, որը նույնպես արդյունավետ կերպով կբուժի եղունգը: Քսուքի պատրաստման համար հարկավոր է.
· 2 ունկի (≈ 56.7 գրամ) հալվե վերայի գել,
· 2 ունկի կոկոսյան ընկույզի յուղ,
· 1 կաթիլ խնկունու յուղ,
· 2 կաթիլ անանուխի յուղ,
· 5 կաթիլ էվկալիպտի յուղ,
· 5 կաթիլ թեյի ծառի յուղ,
· 5 կաթիլ նարդոսի յուղ:
Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել փոքրիկ տարայի մեջ և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Այս քսուքն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ոտքերը լավ լվանալ, այնուհետև քսել խառնուրդն ախտահարված հատվածին: