Գաղտնիք չէ, որ Մերձավոր և Միջին արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում (Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան, Արաբական Թերակղզին ամբողջությամբ, Եգիպտոս, Թունիս, Մարոկկո, Լիբիա և այլ) խմելու ջրի խնդրի հարցը գնալով սրվում է և սպառնում առաջիկայում վերածվել բավականին բարդ լուծվող ճգնաժամի։ Ջրային ճգնաժամի դեմն առնելու համար քաղաքականության մեջ օգտագործվում է նույնիսկ «հիդրոպոլիտիկ» եզրույթը։ Մի շարք երկրներում, որտեղ այս ժգնաժամն իրապես սահմանային վիճակում է գտնվում, խնդրով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը: Օրինակ՝ հարևան Իրանում այս հարցերը փորձում է կարգավորել ԱԳՆ-ի համապատասխան բաժինը՝ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ։

Կան բազմաթիվ փորձագետներ և ակադեմիական շրջանակը ներկայացնող մասնագետները, որոնք կարծում են՝ այսպես շարունակվելու դեպքում ոչ ուշ, քան քառորդ դար անց, տարածաշրջանի համար ջրայի հիմնահարցը դառնալու է ամենամեծ խնդիրը։

Իհարկե, Հայաստանին այս տեսանկյունից վտանգ չի սպառնում, բայց, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, մեզանում առկա ջրային ռեսուրսների քանակը, ապա դեպքերի նմանօրինակ զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ կարճ ժամանակ անց, Հայաստանը կարող է վերածվել, պատկերավոր ասած, ջրային գերտերության, և ջուր մատակարարել տարածարջանի մոտ և հեռու բազմաթիվ երկրների։

Այնպես, ինչպես ներկայումս կան նավթագազային, ապա ոչ հեռու ապագայում, հնարավոր է լինեն նաև ջրային գերտերություններ, եթե առաջինի դեպքում բախտներս չի բերել, ապա երկրորդի դեպքում՝ ունենք առաջատար դառնալու բոլոր հնարավորությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել