Նախորդ երկու օրերի ընթացքում Հայաստանի լրատվական դաշտին վերաբերող երկու հետաքրքիր հետազոտութուններ հրապարակվեցին:

Ըստ «Freedom House»-ի տարեկան զեկույցի` Հայաստանը մամուլի ազատության ոլորտում լրջագույն առաջընթաց արձանագրած երկրների շարքում է: Ինչ խոսք, հաճելի լուր, մանավանդ, որ իրականությանը ամբողջությամբ համապատասխանող է:

Իսկ Երևանի մամուլի ակումբը հրապարակել էր ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013Թ. ՄԱՅԻՍԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ: 

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի մեդիածածկույթը` զեկույցի հեղինակները մի շարք դիտարժան փաստեր են հայտնավերել:

Նախ, աննախադեպ է որակվել ՀՀԿ-ի մեդիածածկույթը ողջ հեռուստաեթերում, որն ընդամենը 3-րդ էր ԲՀԿ-ից և ԲԱՐԵՎԻՑ հետո:

Մեկ այլ տվյալներով հաստատվում են այն մտահոգությունները, որ կուսակցական շաղկապում, իսկ երբեմն բացահայտ պատկանելություն ունեցող հեռուստաալիքները խիստ միակողմանի և ուղղորդված լրահոս են ապահովում: 

Եթե «ԵՐԿԻՐ-ՄԵԴԻԱ»-ի դեպքում իրավիճակը ավելի քաղաքակիրթ է, ապա «ԿԵՆՏՐՈՆ»-ի պարագայում ամբողջությամբ տեղավորվում է բանանային պետությունում ԹՎ-ների որևէ խոշոր սեփականատիրոջ տրամաբանության մեջ: 

Պարզվում է, բազմակարծությանը, ժողովրդավարության զարգացմանը, խոսքի և տեղեկատվության ազատությունների իրագործմանը նպաստելու փոխարեն սույն հեռուստաընկերությունը ավագանու ընտրությունները լուսաբանել է, ինչպես կլուսաբաներ որևէ գյուղական հարսանիք: 

ՀՀԿ-ի մասին արձանագրել 0 (!) դրական և 16 (!) բացասական անդրադարձ: Իսկ ԲՀԿ-ի մասին 8 դրական և 0 (!) բացասական հիշատակում: 

Սա է հավասարակշռված, անկողմնակալ և օբյեկտիվ գործունեությունը:

Իրավիճակը ավելի հստակ է դառնում, երբ վերհիշում ենք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ «ԿԵՆՏՐՈՆ»-ի լրատվական բլոկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի հսկողության տակ է:

Ճշմարիտ լինելու համար նաև պետք է ասել, որ Պետրոս Ղազարյանի «ՈՒՐՎԱԳԻԾ» հաղորդաշարում հյուրընկալվելու հրավերներ հանրապետականները ստացել են և մերժել, քանզի աղմկոտ հեռուստաեթերները չեն մտնում մեր քարոզչական ռազմավարության մեջ:

Ինչևէ, տարբեր երկրներում կան հարուստ մարդիկ, որոնք սեփական ԹՎ ունեն: 

Սակայն դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Բերլուսկոնիին պատկանող մեդիաները իրենց թույլ տային նման բացահայտ, ոչ պրոֆեսիոնալ և անզուսպ գործելաոճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել