Եթե այս տեղեկության մեջ ճշմարտության հատիկ կա, եթե «Հանցաքար» որակված «Հարսնաքարում» որևէ մեկի կողմից չափահասության նվիրագործման ծեսի վերածված դպրոցի ավարտական խնջույքը անցկացնելու ծրագիր կա, ապա դա նշանագրության լեզվով կարելի է որակել չափահասների կարգավիճակում հաստատելու անցումային կարևոր շրջանում բարոյազրկման ծրագրավորում: «Հարսնաքարում» տեղի ունեցած անմարդկային, դաժան հանցագործությունը դեռևս իրավական լուծում չի ստացել: Հանրության կողմից «Հարսնաքարում» տեղի ունեցած ձևով և բովանդակությամբ անբարոյական, սադիստական հանցանքի քննության շուրջ ձևավորված անվստահության մթնոլորտը ոչ միայն չի նոսրանում, այլև ամրագրվում է: Անչափահասությունից չափահասության անցման ծեսի իրականացման համար ընտրվող տարածքն ինքը ենթադրում է այդ տարածքի անբասիր, տվյալ հանրության, խմբի կողմից նվիրական համարվող սրբազան անցյալ, կամ` սրբազնացման միտում: «Հարսնաքարի» ընկալումը հանրության կողմից, ընդհակառակն, ընդհանրանում է հանցանքի և անառակության գաղափարների հետ: Այսպիսի տարածքում նվիրագործման ծեսի կարևոր տարրերից մեկի իրականացումը առնվազն նշանակում է, որ անցումային ծեսի մեջ մտցվում է հանցանքի և անառակության տարր, կամ, այլ կերպ ասած` չափահասությանը վերագրվող արժեքների մեջ հանցանքն ու անառակությունը ներդրվում են որպես հանրային արժեքներ: Ինձ այնպես է թվում, որ եթե նույնիսկ մեր հասարակության որոշ առկա չափահասներ այդ արժեքները խնկարկում են, ապա դպրոցն ավարտող երիտասարդները չեն հանդուրժի կամ չպետք է հանդուրժեն իրենց չափահաս ապագային միտված արժեքները այդ տարրերով «հարստացնելու» փորձերը: Նրանք պետք է իմանան, որ «ամոթի» և «անամոթի» սահմանները տարտամ չեն, դրանք հասկանալի և պարզ են: Մեր հասարակության մեջ ամոթալիի և անամոթության մեկնաբանությունների որոշ տարընթերցումները պայմանավորված են մեր հասարակությունում առկա բևեռացումներով, անցողիկ և ժամանակավոր են: Պետք է հուսալ, որ այս նախաձեռնության հեղինակները կհասկանան իրենց նախաձեռնության անամոթությունը, իսկ չափահասություն մտնող երիտասարդները չեն թույլ տա իրենց ներքաշել չափահասների շահախնդրություններով պայմանավորված մեղմ ասած ոչ առաքինի հարթություն: Սա հանրային արժեքների ներդրման գործում քննության նման մի բան է:
Կից նյութը` այստեղ