Գետինը բացվեր, մտնեինք մեջը ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ... Տեսնես Դինաակոպովնաները գոնե գիտակցո՞ւմ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը։
Կից նյութը՝
ԱՄՆ դեսպանության հայտարարությունը մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ
ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային, և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով, անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ-ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի:
Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Մուտքի վիզայի հարցազրույցի ժամանակ որակավորումների մասին կեղծ տեղեկանքներ ներկայացնելը թույլ չի տալիս Պետքարտուղարությանը իրապես գնահատել դիմողի որակավորումները, և դա հնարավորություն է ստեղծում, որ հանցավոր տարրերը, փախուստի մեջ գտնվող անձինք ու ահաբեկիչները կարողանան միջազգայնորեն ճանապարհորդել՝ վտանգելով հասարակական անվտանգությունը Միացյալ Նահանգներում և այլ երկրներում: Բացի այդ՝ փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից:
Վիզաների հետ կապված խարդախությունների դեմ պայքարի մեր ջանքերը շարունակվում են: Մեր հյուպատոսական պաշտոնյաները քննության կառնեն վիզայի դիմումները՝ ԱՄՆ ներգաղթային օրենքների ու կանոնակարգերի լիարժեք ապահովմամբ` ձգտելով մի կողմից աջակցել օրինական ուղևորություններին և մյուս կողմից` պաշտպանել ԱՄՆ ազգային անվտանգությունը: Միաժամանակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու Դիվանագիտական անվտանգության ծառայությունն ամեն ինչ կանեն պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով:
Այս և այլ գործերով հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է:
Գործին առնչվող մանրամասների համար կարող եք ընթերցել Արդարադատության դեպարտամենտի մամուլի հաղորդագրությունը՝ https://www.justice.gov/opa/pr/three-individuals-indicted-visa-fraud-scheme-profit և հրապարակված մեղադրական եզրակացությունը՝ https://www.justice.gov/opa/press-release/file/1032396/download:
Այս գործի կամ ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված այլ խարդախությունների վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ տրամադրելու նպատակով կարող եք գրել էլ. փոստի [email protected] հասցեով: