
Փղեր, սուրբ կենդանիներ՝ կովեր, թեյ, յոգա, հուզիչ ֆիլմեր ու սերիալներ: Ամենայն հավանականությամբ հենց այս երևույթների հետ եք ասոցացնում այսօր Հնդկաստանը: Սակայն քչերը կան, որոնք երբևէ լսել են այս երկրի հնագույն քաղաքներից մեկի մասին՝ Վարանասիի: Այս քաղաքը հայտնի է ևս մի քանի անվանումներով՝ Բենարես, Կաշի, Անանդականա, Մահասմանա:
Հենց Վարանասին է Հնդակստանի փիլիսոփայության, կրոնի, բժշկության և կրթության կենտրոնը: Գոյություն ունի լեգենդ, ըստ որի այս քաղաքը հիմնադրվել է Շիվա աստծու կողմից 5,000 տարի առաջ: Հնագիտական պեղումներ ևս անց են կացվել, որոնց արդյունքում էլ պարզ է դարձել, որ Վարանասին Հնդկաստանի հնագույն քաղաքներից մեկն է: Բացի վերանշյալ անվանումներից՝ բնակիչները քաղաքը կոչում են նաև «տաճարների ու վանքերի քաղաք», «լուսավորության քաղաք», «օրհնված քաղաք», «մեռյալների քաղաք»: Հետաքրքիրն այն է, որ հավատացյալ ու կրոնավոր յուրաքանչյուր հինդուսի գլխավոր ցանկությունը մահանալուց հետո հենց այս քաղաքում դիակիզվելն է: Աշխարհի մի շարք կետերից տարեցները գալիս են Վարանասի՝ հենց այս կրոնական քաղաքում իրենց կյանքն ավարտելու համար: Կան մարդիկ, որոնք իրենց կյանքի այդ վերջնական պահին են սպասում տասնյակ տարիներ շարունակ:
Հավատացյալ հինդուսները մեծ հավատք ունեն դեպի ռեինկարնացիան՝ հոգիների վերաբնակեցումը: Վերջնական ու լիարժեք հանգստությունը նրանք կոչում են մոքշա, որին երազում են հասնել բոլորը: Մոքշայի ընթացքում ամեն ինչ իր ավարտին է հասնում ու մարդն ազատվում է նյութական ամեն ինչից: Եվս մեկ լեգենդ գոյություն ունի, ըստ որի՝ Վարանասի քաղաքը հովանավորում է Բհայրավի աստվածը, ով մաքրում է հանգուցյալների կարման: Եթե հինդուսներին հաջողվում է իրենց վախճանը գտնել Վարանասիում, ապա մոքշան նրա համար անպատճառ գործում է: Հենց այս պատճառով էլ օրը 24 ժամ շարունակ այս քաղաքում վառվում են դիակիզման համար նախատեսված խարույկները:
Խարույկներն այրվում են Վարանասիի բազմաթիվ գհատերից երկուսում՝ Մանիկարնիկում ու Հարիշչանդրում: Գհատեր են անվանում դեպի սուրբ Գանգես գետ իջնող աստիճանները, որոնք նախատեսված են ջրում ծիսակատարություններ անցկացնելու համար:
Մանիկարնիկ Շմաշանեում (շմաշանե՝ դիակիզման խարույկի վառման համար նախատեսված վայրը) այրում են Հնդկաստանի բարձր կաստայի անձանց մարդկանց, իսկ Հարիշչանդրում դիակիզումը հասանելի է յուրաքանչյուրի համար:
Հետաքրքիր է այն փաստը, որ յուրաքանչյուր մարմին այրելու համար անհրաժեշտ է լինում միջինում 200-400 կգ բնական փայտանյութ և 4 ժամ ժամանակ: Հարուստների ու աղքատների միջև տարբերություն գոյություն ունի. երբ մահանում է հարուստ ընտանիքի անդամ, նրա դիակիզման ժամանակ օգտագործում են կարմիր թանկարժեք փայտ, որն անվանում են սանդալ: Իսկ թշվառները խարույկի մեջ նետում են էժանագին փայտանյութ: Վերջիններիս երբեմն բաժին են հասնում միայն նախկին հանգուցյալների դիակիզումից մնացած փայտերը, կամ էլ զբոսաշրջիկներն են նվիրաբերություն անում փայտ գնելու համար: Դիակիզումից մնացած մոխիրը լցնում են սուրբ Գանգես գետը, որի ջուրը, ըստ հինդուսների, նպաստում է կարմայի մաքրմանը: Մինչև 13 տարեկան երեխաների, հղի կանանց, բորոտությամբ տառապող կամ կոբրայի կողմից խայթված մարմինները չեն այրվում, այլ հենց այդպես նետվում են գետի մեջ:
Գանգեսը աշխարհում ամենակողտոտ գետերի շարքում 5-րդն է, որի ջուրը լցված է արդյունաբերական թափոններով, դիերով ու աղբով: Համաճարակաբանական փորձերը ցույց են տվել, որ Վարանասիում գետի 1 մլ ջրում բակտերիաների թիվը ավելի քան 120 անգամ գերազանցում է նորման: Ջուրը շագանակագույն է, սարսափելի տեսք ունի, սակայն դա չի խանգարում բնակչությանը շարունակել իր ծիսակատարությունները կատարել գետում, ինչպես նաև լողանալ, հագուստը լվանալ, ջուր խմել: