Այսօր լրացավ սումգայիթյան նախճիրի 30 տարին. փորձենք մի քանի դրվագով ամփոփել, թե ինչ էր կատարվել երեք տասնամյակ առաջ ադրբեջանական այդ հայաշատ քաղաքում:
1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Սումգայիթում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:
Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը: Ինտերնացիոնալ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր խափանել հիմնախնդրի հնարավոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղություններով և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից: Տասնյակ մարդիկ են սպանվել սադիստական դաժանությամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզվել է ծեծի, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվելուց հետո:
Այդ օրերին մի խումբ մոսկվաբնակ գիտնականներ գրել էին. «Ստալինյան գազանություններից հետո ԽՍՀՄ-ում չի եղել մի այնպիսի բան, որն այսչափ հետ շպրտեր մեզ` քաղաքակրթությունից դեպի վայրենություն»:
Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական և հոգեբանական տեսակետներից: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված խառնամբոխի հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բացեիբաց կոչում էին բռնությունների ընդդեմ բանակի: Հաջորդ օրն արդեն հանրահավաքները վերածվեցին բռնարարքների: Սումգայիթի քաղկոմի շենքի դիմաց անցկացված առաջին «հանրահավաքին» ներկա էին մինչև 50 հոգի, հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի: Քաղաքի ղեկավարության կողքին կանգնած էին նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, և պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրվեցին ներքին գործերի աշխատակիցների անգործության և անհոգի պահվածքի աննախադեպ փաստեր:
Հանրահավաքներին բացահայտ կերպով ձևավորվում էր զանգվածային հոգեկան գրգռվածության և հիստերիայի մթնոլորտ: Տրիբունաներից մահմեդականներին կոչում էին պարտքի` համախմբվել անհավատների դեմ պատերազմում: Ֆաշիստական կոչերից բորբոքված, բեռնատարներից անվճար բաժանվող սպիրտային խմիչքներից տաքացած, թմրանյութերից մոլեգնած ջարդարարները, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, մի նոր թափով սկսեցին հայերի բնակարանների զանգվածային ջարդերը, նրանց զանգվածային ծեծը, սպանությունները, որոնք շարունակվեցին մինչ ուշ գիշեր: Ամբոխին առաջնորդում էր ոչ այլ ոք, քան Կոմկուսի Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադեն` Ադրբեջանի պետական դրոշը ձեռքին: Ավազակախմբերին ղեկավարում էին նաև Սումգայիթում հայտնի մարդիկ` թիվ 25 միջնակարգ դպրոցի տնօրենը, Արաբլինսկու անվան թատրոնի մի դերասանուհի և ուրիշներ:
Փետրվարի 28-ին մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր՝ ինչ պիտի աներ: Խմբերի բաժանված ջարդարարները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ամենից հաճախ դուրս էին բերում նրանց փողոց ու բակ` հրապարակավ ծաղրուծանակի ենթարկելու համար: Տանջանքներից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:
Արդեն փետրվարի 29-ին քաղաք մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում են: Միայն երեկոյան դեմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ են լինում վճռական գործողությունների:
Կենտրոնական իշխանությունները շահագրգռված չէին պարզել սումգայիթյան արյունահեղության զոհերի ճշգրիտ թիվը: Պաշտոնապես հայտարարվեց, որ զոհվել են 36 հայ և 6 ադրբեջանցի, մինչդեռ բրիտանացի հետազոտող Թոմ դե Վաալը իր «Սև այգի: Խաղաղության և պատերազմի արանքում» գրքում խոսվում է 115 դիակի մասին:
Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր, այլ ոչ թե մի խումբ խուլիգանների տարերային արարք, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով կազմվել են նրանց ցուցակները, իշխանության մարմինները ցուցաբերել են անգործություն, հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին զոմբիացնող հատուկ պատրաստված սադրիչներ, տեղական միլիցիան աջակցել է ջարդարարներին:
Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը, նրան ծնունդ տված պատճառների քողարկումը և նրա իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելը հնարավոր են դարձրել, որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները հանրապետության ողջ տարածքով մեկ իրականացնեն էթնիկ զտումներ, որոնք էլ իրենց գագաթնակետին են հասել 1990 թվականի հունվարին Բաքվում կազմակերպված արյունալի խրախճանքի օրերին:
Հ.գ. Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»: