
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Կա, եթե չհաշվենք այն պահը, որ ուսուցչին կարող են առանց վերջինիս տեղյակ պահելու ազատել աշխատանքից՝ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի թոռնիկներին վատ գնահատական նշանակելու համար։ Ուսուցիչն անտեղյակ էր, որ նման մասշտաբի մարդկանց թոռնիկների ամենացածր գնահատականը 5 պիտի լինի։
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Կա, եթե չհաշվենք այն պահը, որ իշխանավորները, գնելով կամ «իրենցով անելով» ԶԼՄ–ները, դրանցից մի քանիսը օգտագործում են որպես սեփական աշխատանքը փնովելու, իշխանություններին «քլնգելու» միջոց՝ հետագայում աշխարհին ցույց տալու, որ տեսեք, Հայաստանում դեմոկրատիա է, ու մամուլը համարձակ «վրաերթեր» է անում մեզ։
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Կա, եթե չհաշվենք այն պահը, որ ընտրությունների ժամանակ ազգիս թեկնածուներն ընտրակաշառք են առաջարկում ու տալիս ամենատարբեր խոստումներ, որոնց նույնիսկ կեսի կատարման պարագայում Հայաստանն արդեն վաղուց նորմալ երկիր կլիներ, իսկ ընտրվելուց հետո առանց կարմրելու հրաժարվում են սեփական ասածներից։
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Կա, եթե չհաշվենք այն պահը, որ երկրի Կառավարությունը երևի երազում է տնտեսական աճ տեսնում սեփական երկրում, ապա երազը ներկայացնում որպես իրականություն և ամենուր հայտարարում, որ Հայաստանը լայն քայլերով առաջ է գնում։ Բովանդակ աշխարհը հավատում է, որ մեր երկրում առաջընթաց կա, տնտեսական աճի հետ մեկտեղ բացվում են աշխատատեղեր, ուստի կարելի է հայ այն ընտանիքներին, ովքեր փախել են սեփական երկրից և ապաստան խնդրել այլ երկրներում, մերժել ու հանգիստ սրտով «դեպորտ անել» հայրենիք։ Չէ՞ որ երկիրը զարգանում է, տնտեսությունն աճում, էլ ի՞նչ է հարկավոր երջանիկ լինելու համար։
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Կա, եթե չհաշվենք այն պահը, որ արտագաղթը հասել է անհավատալի չափերի, ու հայության 80 տոկոսը սեփական երկրի սահմաններից դուրս է ապրում։ Իսկ վիճակագրական և ոչ մի ընկերություն այնքան «դուխ» չունի, որ ընդամենը մեկ անգամ հրապարակի անկողմնակալ, իրական տվյալներ։ Չնայած սա այն պարագան է, երբ ամեն ինչ առանց որևէ վիճակագրության էլ ակնհայտ է։
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Կա, եթե չհաշվենք այն պահը, որ համատարած գործազրկության, լայնածավալ արտագաղթի, գնային ապաշնորհ քաղաքականության պարագայում էկոնոմիկայի նախարարությունը 2 հատ «էլիտար» բիո–զուգարան է գնում Երևանի համար՝ զբոսաշրջիկությունը զարգացնելու նպատակով։ Երբ սեփական ժողովրդի բազմաթիվ ընտանիքներ պատուհաս երկրի պատճառով ունեն բազում խնդիրներ, երկիրը 170 հազար դոլլար գումար է ծախսում՝ քաքամաններ գնելով։ Էստեղ են ասում «իմ սև սիրտ, քո վարդագույն տրուսիկ»։
Հայաստանում կա՞ դեմոկրատիա։
Հարցը նրանում է, որ «չհաշվելիք» պահերի ցուցակն այնքան մեծ է, որ շարադրանքը վերջ չի ունենա։ Ամենը կարելի է ամփոփել ընդամենը մեկ հարցով. եթե երկրումդ դեմոկրատիա՛ է, եթե լավ վարձատրվող աշխատանք կա՛, եթե երկրիդ տնտեսությունն աճու՛մ է, ապա ինչու՞ հայերն ամենուր են, բայց ոչ հայրենիքում։



