Հայաստանյան քաղաքական, վերլուծական, լրատվական դաշտի գերակշիռ հատվածը ՀՀ վարչապետի և չորրորդ նախագահի շուրջ դիլեման լուծված է համարում. վարչապետի պարագայում այդ դիլեման լուծված է համարվում Սերժ Սարգսյանի օգտին, իսկ նախագահի պարագայում, ինչպես հայտնի է, ընդհանրապես այլընտրանք գոյություն չունի։
Այս օրերին ռուսամետ աշխարհաքաղաքական սեկտորի վերլուծաբաններից ոմանք խորհուրդ են տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. նշվում է, թե ՀՀԿ նախագահի թեկնածուն առանձնապես ռուսներին չի հետաքրքրում, և նրանք ավելի շատ սևեռվում են վարչապետի վրա, այնուամենայնիվ, վերջիններիս սկսել են մտահոգել Սերժ Սարգսյանի կողմից իշխանության վերին օղակներում կատարվող կադրային դասավորությունն ու ուժերի հարաբերակցությունը։ Ռուսական շրջանակները վերադասավորումների ընդհանուր համատեքստում դեպի Արևմուտք որոշակի շեղում են նկատում, իսկ դա պայմանավորված է Արմեն Սարգսյանի՝ քաղաքական թատերաբեմ ներմուծմամբ։
Շրջանառվող տեսակետների բնորոշմամբ` Արմեն Սարգսյանի ինտեգրումը ՀՀ իշխանական նոր ձևավորվող բուրգին իրականացվում է ոչ այնքան և ոչ միայն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, որքան որոշ արտաքին համակարգերի կողմից։ Ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունն անգամ ինչ-որ չափով պարտադրված է դրսից։ Այդ առումով որոշակի հիմնավորումներ կան. օրինակ՝ հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։ Սա, ըստ էության, ուղերձ էր, որ Արևմուտքը, հատկապես անգլիական թևը, ավանդաբար մեծ ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա։
Հայաստանում արևմտյան աշխարհաքաղաքական վեկտորը ներկայացնող քաղհասարակության, հասարակական կարծիք ձևավորող սեգմենտի որոշ ներկայացուցիչներ, կարծես հակազդելով Հյուսիսից եկող տրամադրություններին կամ փորձելով քողարկել Արմեն Սարգսյանի՝ արևմտյան թեկնածու լինելու մասին վարկածը, միահամուռ սկսել են թերահավատություն հայտնել ՀՀԿ նախագահի թեկնածուի արևմտամետության վերաբերյալ՝ առաջին պլան մղելով չորրորդ նախագահի թեկնածուի՝ եվրասիական տարածքում ակտիվ գործունեությունը, ԱՊՀ երկրների ղեկավարների ու նրանց ընտանիքների (մասնավորապես՝ Նուրսուլթան Նազարբաևի) հետ ունեցած սերտ կապերը և խորհրդային անցյալի որոշ նրբերանգներ։
Արմեն Սարգսյանի մուտքը հայաստանյան իշխանական համակարգ բավականին լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ անկախ այն բանից, թե նա ինչ լիազորություններով է օժտված լինելու։ Եթե սկզբնական փուլում մեծ ուշադրություն չէր դարձվում նոր նախագահի ինստիտուտի վրա՝ համարելով, որ նա երկրորդական, երրորդական գործառույթներ ունի, ապա Արմեն Սարգսյանի մեկամսյա շրջագայությունները և որոշ հայտարարություններ նույն մոսկովյան աղբյուրներին հիմք տվեցին համոզվելու, որ, ի դեմս Արմեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանը հետաքրքիր կոմբինացիա է սկսում՝ փորձելով սահմանադրորեն թույլ պաշտոնյայի միջոցով քողարկված կերպով ուժեղացնել ՀՀ արևմտյան վեկտորը։
Ռուսական կողմին միանշանակ մտահոգում է այն փաստը, որ Ա. Սարգսյանը ներմուծվում է որպես ներքին հակակշիռ այն ուժերին, որոնք ապրիորի ասոցացվում են Ռուսաստանի հետ. խոսքն առաջին հերթին գործող վարչապետի մասին է, ում այսօր արդեն շատերը, կանխորոշված համարելով վարչապետի հարցը, ժամանակից շուտ վերագրում են առաջին փոխվարչապետի լիազորությունները։ Սակայն ակնհայտ է նաև, որ վարչապետի թեմայի շուրջ քննարկումներն առաջիկայում դառնալու են «Ելք» դաշինքի քաղաքական օրակարգը։ Դրա վկայությունն է մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում։ Վերջինս ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, որ դրժում է 2014 թ. իր հրապարակային ելույթում տված խոստումը նախագահ և վարչապետ չդառնալու մասին։
ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ ապրիլյան վերջնական վերադասավորումներից հետո ամեն ինչ չի վերջանում, այլ խոշոր առումով նոր փուլի սկիզբ է դրվում, ընդ որում՝ այդ նոր փուլն իսկապես դառնալու է նոր ժառանգորդի փնտրտուքի կամ նոր ժառանգորդին աստիճանաբար լիազորություններ հանձնելու փուլը։ Այս պարագայում շատերի համար նոր մեկնարկային պայմաններ են ստեղծվում։ Եվ նույն Կարեն Կարապետյանի համար շատ կարևոր է, որ շահեկան մեկնարկային դիրքեր զբաղեցնի։ Դրա համար նախ և առաջ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծի գործող վարչապետը՝ պայմանավորվելով Սերժ Սարգսյանի կամ դրսի ու ներսի ուժերի հետ, առաջին փոխվարչապետի պաշտոնում ունենալ այն նույն լիազորությունները, ինչ ուներ մինչ այդ։