Հին Չինաստանում երիտասարդ ընտանիքը պետք է ապրեր ամուսնու տանը, իսկ հարսը ծառայում էր և՛ ամուսնուն, և՛ նրա մորը: Այնպես էր պատահել, որ մի աղջիկ ամուսնությունից հետո ի վիճակի չէր տանել իր սկեսրոջ մշտական կշտամբանքները: Նա որոշել էր ազատվել սկեսրոջից: Աղջիկը գնաց դեղաբույսեր վաճառողի մոտ, ով իր հոր ընկերն էր, և ասաց.
— Ես այլևս չեմ կարողանում ապրել իմ սկեսրոջ հետ: Նա ինձ խելքահան է անում: Ուզում եմ, որ օգնեք ինձ: Ես լավ կվճարեմ:
— Ի՞նչ կարող եմ անել քեզ համար, - հարցրեց դեղաբույսեր վաճառողը:
— Ես ուզում եմ, որ Դուք ինձ մի թույն վաճառեք: Ես կթունավորեմ իմ սկեսրոջը և կազատվեմ նրանից, - պատասխանեց նա:
Երկար մտածելուց հետո դեղաբույսեր վաճառողն ասաց.
— Լավ, ես կօգնեմ քեզ, սակայն դու պետք է երկու բան հասկանաս: Առաջինը՝ դու չես կարող միանգամից թունավորել սկեսրոջդ, որովհետև այդ ժամանակ մարդիկ գլխի կընկնեն, թե ինչ է պատահել: Ես քեզ բույսեր կտամ, որոնք հետզհետե կսպանեն նրան, և ոչ ոք չի կասկածի, որ նրան թունավորել են...
Երկրորդը՝ որպեսզի վերջնականորեն կասկածները հանենք մեր վրայից, դու պետք է զսպես ցասումդ, սովորես հարգել նրան, սիրել, լսել և համբերատար լինել: Այ այդ ժամանակ, երբ նա մահանա, ոչ ոք չի կասկածի, որ դա դու ես արել:
Աղջիկը համաձայնեց բոլոր պայմաններին, վերցրեց բույսերը և սկսեց այն ավելացնել սկեսրոջ կերակուրին: Բացի դրանից նա սովորեց վերահսկել իրեն, լսել սկեսրոջը և հարգել նրան: Երբ սկեսուրը տեսավ, որ հարսի հարաբերությունը իր նկատմամբ փոխվել է, սկսեց ամբողջ սրտով սիրել նրան: Նա բոլորին պատմում էր, որ իր հարսը ամենալավն է, այնպիսին է, որ կարելի է միայն երազել: Մի կես տարուց նրանց հարաբերությունները այնքան մտերիմ և լավը դարձան, որ կարծես մայր և աղջիկ լինեին:
Եվ ահա, մի գեղեցիկ օր, աղջիկը եկավ դեղաբույսեր վաճառողի մոտ և խնդրեց.
— Աստծո սիրուն, խնդրում եմ Ձեզ, օգնեք սկեսրոջս, որ ձերբազատվի իմ տված թույնից: Ես չեմ ուզում սպանել նրան: Նա աշխարհի ամենալավ սկեսուրն է, և ես շատ եմ նրան սիրում:
Դեղաբույսեր վաճառողը ժպտաց և պատասխանեց.
— Մի անհանգստացիր, ես քեզ ոչ մի թույն էլ չեմ տվել: Այն, ինչ ես քեզ տվել եմ, ուղղակի համեմունքներ են: Իսկ թույնը գտնվում էր միայն քո գլխի մեջ, և դու ինքդ էլ դրանից ազատվեցիր:
Մայքլ Պարկես «Անուբիս» 1999
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4643651660054?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել