Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի որդիներ Ահմադը և Ադամը պատասխանել են ղազախ դպրոցական Աբայա Թաժիբայայի մարտահրավերին:
Երիտասարդ մարտիկները հրապարակել են համապատասխան տեսանյութը: Այդտեղ Ահմադ Քադիրովը հրաժարվում է մենամարտից՝ պատճառաբանելով տարբեր քաշային կատեգորիաները և խաղաղություն է առաջարկում ղազախ դպրոցականին:
«Աբայ‚ դու իսկական տղամարդ ես: Շարունակիր նույն ոգով: Եթե ճակատագրի բերմամբ մենք հանդիպենք‚ կհանդիպենք վանդակի մոտ‚ իսկ կյանքում եղբայրներ կլինենք: Արի մեր հանրապետություն‚ մենք միշտ ուրախ ենք հյուրեր ընդունել»‚- ասում է 12-ամյա Ահմադը:
Աբայ Թաժիբայը ավելի վաղ իր տեսանյութով դիմել էր Քադիրովի որդիներին և նրանց մարտահրավեր նետել: 10-ամյա տղան քիքբոքսինգից անցել է խառը ոճի մարտերի (MMA) այն բանից հետո‚ երբ տեսել է Ահմադի և Ադամի մենամարտերը:
Նշենք‚ որ 2016 թ.-ին Չեչնիայում անցկացվել էին երեխաների ցուցադրական մարտեր MMA օրենքներով‚ որոնցում մասնակցում էին Քադիրովի որդիները: Մենամարտերը ցուցադրվում էին հեռուստատեսությամբ‚ ինչի պատճառով հասարակական քննարկումների ալիք է բարձրացել: