Անգամ չգիտեմ որտեղից եւ ինչից սկսեմ: Այս տողերը սկսում եմ գրել, երբ ժամացույց սլաքը խփում է գիշերվա 12-ը: Այս պահին ընթանում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան` Ռեալ Մադրիդ – Բորուսսիա Դորտմունդ հանդիպումը եւ հաշիվը դեռ չի բացվել, սակայն այսօր ինձ ֆուտբոլը եւ առհասարակ գրեթե ոչինչ չի հուզում: Արդեն Մայիսի 1-ն է: Լրացավ ուղիղ 19 տարի, ինչ կյանքից հեռացել է Այրտոն Սեննան` մարդ, ում պարզապես կուռք չեմ կարող անվանել, մարդ, առանց որի ես գրեթե 2 տասնամյակ չէի զբաղվի այս գործով, մասնավորապես, տարվա ընթացքում մի քանի շաբաթ եւ կիրակի օրեր չէի հետեւի Ֆորմուլա 1-ի տարբեր մրցուղիներում տիրող` անվադողը անվադողի պայքարին: Գիտեք ի՞նչ, որքան էլ Ֆորմուլա 1-ն իմ կյանքն է եւ հուսով եմ նաեւ իմ ապագան, պետք է խոստովանեմ, որ այն այլեւս նախկինը չէ: Ֆ1-ի ստաժավոր երկրպագուները կհասկանան, թե նախկին ասելով ես ինչ ի նկատի ունեմ: Փոխվել է ամեն ինչ, փոխվել են ժամանակները, փոխվել են պիլոտները, փոխվել է պայքար հասկացությունը, որպես այդիպիսին: Դեռ 20 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ պիլոտներից մեկը, խախտելով պայմանավորվածությունը, վազանցի սեփական թիմակցին եւ խլի նրանից հաղթանակը, այն դեպքում, երբ իր թիմակիցը չի սպասում հարձակման: Իհարկե, 1982-ին եղավ նման դեպք, երբ Իմոլայում, այդ ժամանակ միայն Դինո Ֆեռռարիի անունը կրող մրցուղում, Դիդյե Պիրոնին, խախտելով նախնական պայմանավորվածությունը, վազանցեց Ֆեռռարիում իր թիմակից Ժիլ Վիլնյովին եւ խլեց նրանից հաղթանակը: Այդ ժամանակ դրա հետեւանքը ողբերգական եղավ, եւ 2 շաբաթ անց Վիլնյովը մահացավ, իսկ մի քանի ամիս անց Պիրոնին կոտրեց ոտքերը՝ եւս 5 տարի անց մահանալով մոտորանավակների մրցարշավում: Սան Մարինո, Իմոլա... Նույն վայրում 1994 թվականին մահացավ Այրտոն Սեննան: Նա մինչ օրս Ֆորմուլա 1-ի մրցուղում մահացած վերջին պիլոտն է, տա Աստված, որ այդպես էլ մնա: Սեննան շատ հետաքրքիր անձնավորություն էր, եւ նրա նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ ոչ միանշանակ է եղել: Նրան կարելի էր միաժամանակ ե՛ւ ատել, ե՛ւ պաշտել: Ինչո՞ւ ես ամենասկզբից ասացի, որ Սեննայի ժամանակի Ֆորմուլա 1-ն ուրիշ էր: Տեսնելով, թե ինչպես են հիմա Ֆեռռարիում շեշտը մեկ պիլոտի վրա դնում, ծիծաղով եմ հիշում, թե ինչպես 1988-ին Սեննան եկավ ՄաքԼառեն, որպեսզի հնարավորություն ունենա այդ ժամանակների ուժեղագույն պիլոտ Ալեն Պրոստի հետ նույն մեքենայով պայքարել: Այդ պայքարը դարձավ Ֆորմուլա 1-ի բոլոր ժամանակների ամենահիշվող եւ էտալոնայինը: Պայքար, որը հաճախ անցնում էր թույլատրելիի սահմանները: Օրինակ` 1988-ին Էշտորիլում, երբ Սեննան քիչ էր մնում պատին ծեփեր Պրոստին, երբ 1989-ին նույն Իմոլայում, Սեննան երկրորդ ստարտի ժամանակ վազանցելով Պրոստին, վերականգնեց ստատուս քվոն, եւ որից էլ սկսվեց նրանց թշնամանքը, պայքար, որի ժամանակ 1989-ին Սուզուկայում Պրոստը վազանցի ժամանակ փակեց դուռն ու վճռեց չեմպիոնական ելքը, պայքար, որի ժամանակ 1990-ին նույն Սուզուկայում, Սեննան գնալով ՖԻԱ-ին դեմ, հարվածեց Պրոտին եւ կրկին վճռեց չեմպիոնության ելքը, այս անգամ իր օգտին: Տեսնո՞ւմ եք, ես ինքս ինձ մի փոքր հակասեցի՝ ասելով, որ այն ժամանակվա պայքարն ավելի մաքուր էր: Բայց Ֆորմուլա 1-ից գոնե մի փոքր տեղյակ մարդը կհասկանա, որ դա ամեն դեպքում համեմատելի չէ մեկ ամիս առաջ արած Սեբաստյան Ֆետտելի արարքի հետ: Սեննան ինքն էլ է բազմիցս խոստովանել, որ Պրոստն իր թմրանյութն է, եւ որ առանց նրա ինքը մոտիվացիա չունի եւ չի կարող իր առավելագույնը ցուցադրել: Երբ 92-ին Պրոստը մեկ տարով հեռացավ Ֆ1-ից, Սեննան ուղղակի ձախողեց մրցաշրջանը, իսկ մեկ տարի անց Պրոֆֆեսորի վերադարձից հետո, չնայած, որ իր մեքենան այլեւս Հոնդայի շարժիչ չուներ, պայքարեց Չեմպիոնական տիտղոսի համար` Պատրիկ Հեդի ստեղծած ակտիվ կախոցներով ու հեղափոխական փոխանցումատուփով Ուիլյամս FW 15-ին զիջելով ընդամենը 26 միավոր: Միաժամանակ, ի տարբերություն այսօրվա տաք գլխիկների, Սեննան եւ Պրոստը մրցուղուց դուրս միմյանց անչափ հարգում էին: Պրոստը պատմում է, որ մի օր Սեննան անգամ եկել է իր տուն եւ գիշերել այնտեղ: Մի խոսքով, զգալով, որ շատ եմ ծավալվում, ես քիչ առաջ ջնջեցի գրածս տեքստից մի քանի էջ, քանի որ այս տողերով ես իմ առջեւ նպատակ չեմ դրել պատմել Սեննայի կենսագրության մասին: Առաջիկանում ես այն նկարագրող ֆիլմ կպատրաստեմ, գուցե նաեւ գիրք գրեմ: 1994-ին, երբ Պրոստն ավարտեց իր կարիերան, Ուիլյամս տեղափոխված Սեննան անճանաչելի դարձավ: Նա, մրցարշավների հանդեպ ունեցած իր մանկական վերաբերմունքով, չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր հետ հաղթանակի համար պայքարում է ոչ թե Պրոստը, անգամ ոչ թե Մենսելը կամ Պիկեն, այլ ընդամենը իր 3-րդ ամբողջական մրցաշրջանն անցկացնող Միխաել Շումախեռը: Առաջին գրան պրիում նա բոլորի համար շոկային սխալ թույլ տվեց, 2-րդի ժամանակ վթարվեց մեկնարկի ժամանակ, իսկ 3-րդ մրցարշավում... 3-րդ մրցարշավը բեկումնային դարձավ ոչ միայն հրաշագործի, այլ նաեւ Ֆորմուլա 1-ի համար: 1994 թվականի Սան Մարինոյի գրան պրին համաշխարհային սպորտի ամենասեւ օրերից է, իսկ Ֆորմուլա 1-ի ամենասեւը: Ուրբաթօրյա ազատ երթերի ժամանակ Variante Bassa շիկանում սարսափելի վթարի ենթարկվեց 22-ամյա բրազիլացի Ռուբենս Բարրիկելլոն: Սեննան առաջիններից մեկն այցելեց իր հայրենակցին հիվանդանոցում, որտեղից դուրս գալով լրագրողներին ասաց, որ նրա հետ ամեն ինչ կարգին է. մի քանի վնասվածքներ, ուղեցի ցնցում եւ կոտրված քիթ: Մյուս օրը որակավորման մրցումների ժամանակ, Ժիլ Վիլնյովի անունը կրող շրջադարձում, մոտ 330 կմ/ժ արագության տակ վթարվեց Ռոլանդ Ռացենբերգերը: Երիտասարդ ավստրիացին տեղում մահացավ: Սեննան շոկի մեջ էր, նա հրավիրեց պիլոտների հավաք, անվտանգության նորմերը քննարկելու նպատակով: Սեննայի հարազատները նրան համոզում էին դուրս չգալ մեկնարկին, քանի որ նրա հոգեկան վիճակը շատ վատ էր: Սակայն Սեննան Ֆորմուլա 1–ի գլխավոր բժիշկ Սիդ Ուոտկինսին ասաց, որ նա չի կարող հրաժարվել իր ճակատագրից եւ պետք է նստի մեքենան՝ ավելացնելով, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Մայիսի 1-ին` մրցարշավի մեկնարկի ժամանակ, Լեհտոյի եւ Լամիի վթարի հետեւանքով մի քանի հանդիսականներ ծանր մարմնական վնասվածքներ ստացան: Երբ անվտանգության մեքենան հեռացավ մրցուղուց, Սեննան մրցարշավի 5-րդ շրջանը սկսեց որպես առաջատար: Վերջին 3 որակավորման մրցումներում նա անհաղթելի է: 6-րդ շրջանի սկզբում, մտնելով արագընթաց Տամբուրելլո շրջադարձը, Սեննայի մեքենան շեղվեց ուղեծրից եւ բախվեց բետոնե պատնեշին... Ահա նրա կյանքի վերջին շրջանը
Կրկին ցանկանում էի կարճ գրել, բայց հուզմունքս թույլ չտվեց: Ավելի լավ է չշարունակեմ... Ստորեւ ներկայացնում եմ ուղիղ 5 տարի առաջ` մայիսի 1-ին, Սեննայի մասին պատրաստածս տեսանյութը: Այսօր եւս մեկը կպատրաստեմ...
P.S. Ամեն անգամ, երբ ես դժվարությունների եմ հանդիպում եւ ընկճված եմ լինում, ես լսում եմ նրա ձայնը եւ կյանքում ինձ առաջնորդող նրա խոսքերը: Այրտոն Սեննա Դա Դիլվա` 1960-1994, իսկ ինձ համար` 1960 - forever.