Մալայզիայի Քելանթանի նահանգի իշխանությունները տեղացի կանանց արգելել են հագնել տաբատ, ջինս և կարճ շրջազգեստ: Այդ հագուստը, նրանց կարծիքով, «հակասում է իսլամի կանոններին և ընդունակ է հարուցելու անառողջ հետաքրքրություն»:
Առաջին հերթին այդ որոշումը վերաբերում է վաճառողուհիներին և մատուցողուհիներին, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ «գրգռիչ» հագուստ կրում: «Մենք այլևս մտադիր չենք հանդուրժել իսլամի կանոնների նման խախտումները և պատրաստ ենք վճռական գործողություններ ձեռնարկել այդ տագնապեցնող միտման դեմ պայքարելու համար»,- հայտարարել է նահանգի Կոտա Բարու մայրաքաղաքի մունիցիպալ խորհրդի մամլո քարտուղարը:
Նրա համոզմամբ՝ մահմեդական կինը պետք է կրի ավանդական երկար զգեստ, որը հասնում է մինչև կոշիկները, գլխաշոր, որը ծածկում է մազերը և ճակատը:
Բացարձակապես անթույլատրելի են մինի շրջազգեստները, ջինսերը, կարճ կոֆտաներն ու թափանցիկ բլուզները: