Նախկինում Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր էր, շքերթ էր լինում, մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում էին: Այսօր այդ ամենը վերացել է, ինչպես բանվոր դասակարգը՝ բանվորի արձանի հետ միասին: Ինչ խոսք, ցանկալի է, որ ուրախ տոներ, ուրախանալու առիթներ շատ ունենանք, այնինչ ավելի շատ ողբերգական բաներին ենք ուշադրություն դարձնում: Մայիսի 1-ը հիմա նշվում է որպես աշխատանքի և խաղաղության օր, և տա Աստված, որ մարդիկ աշխատանք գտնեն ու խաղաղ ապրեն: Բայց քանի դեռ մեծ թվով գործազուրկներ կան, և աշխատելը շատերի համար խնդիր է` Մայիսի 1-ը դժվար թե մարդկանց ուրախություն ներշնչի: Տոնը զոռով չի լինում, պետք է հանգամանքներից բխի: Երբ բանվոր դասակարգ գոյություն ուներ, տեղին էր այդ օրը նշելը: Բայց սովետի հետ անցավ նաև այդ դասակարգը, առաջ եկան ուրիշ դասակարգեր, և բնականաբար այն տոները, որոնք նշվում էին խորհրդային տարիներին, դուրս մղվեցին մեր տոնացույցից: Երբ ամբողջ «բանվոր դասակարգը» Հայաստանում ստրկական վիճակում է` աշխատավորության տոն նշելն այդ մարդկանց հերթական անգամ նվաստացնելու միջոց կլինի: Խորհրդային տարիներին, երբ մայիսմեկյան տոնը նշվում էր` տնային կառավարչությունների աշխատակիցներն ուշադիր հետևում էին, որպեսզի հանկարծ իրենց թաղամասում առանց աշխատանքի որևէ մեկը չլինի: Եթե գտնում էին այդպիսի մեկին, պորտաբույծ էին համարում, կասկածում էին` եթե չի աշխատում, ինչպե՞ս է ապրուստի միջոց հայթայթում և նրան պարտադրաբար աշխատանքի էին տեղավորում: Այդ պայմաններում, երբ բոլորը համատարած աշխատանք ունեին, աշխատավորի տոնը նշելը տրամաբանական էր: Այսօր, երբ ցերեկը փողոց դուրս գալով` անգործ բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել, աշխատավորության ի՞նչ տոնի մասին կարող է խոսք լինել: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ամեն տարի նշում է այդ տոնը, այս տարի եւս բացառություն չի լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=522023257856794&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել