Դրես – կոդը («Dress code» թարգմանաբար նշանակում է հագուստի կոդեքս): Այն որոշակի կանոնների ամբողջություն է, որը կազմակերպության անդամներին թելադրում է հագուստի հստակեցված ոճ: Այդ կանոնները կարող են նշված լինել կազմակերպության կանոնակարգում, աշխատանքային ներքին կանոնակարգում, աշխատանքային պայմանագրում. դրանք ներկայացվում են հրամանով` գրավոր կամ բանավոր տեսքով:
«Դրես – կոդ» տերմինը ծագել է Անգլիայում և, այնուհետև, արագ տարածում գտել ամբողջ աշխարհով մեկ: Այն կիրառվում է հագուստի ոլորտում կանոնների հստակեցմամբ, որը ցույց է տալիս մարդու պատկանելությունը որոշակի աշխատանքային խմբին: Դրես – կոդը համարվում է կազմակերպության կորպորատիվ մշակույթի շարունակությունն ու դրա ֆիրմային անվանումի անբաժան մասը:
Աշխատակցի համապատասխան արտաքին տեսքը կարևոր նշանակություն ունի, այն մատնանշում է գործերի ընթացքը կազմակերպությունում, ցույց տալիս հարգանք աշխատանքային գործընկերների ու հաճախորդների նկատմամբ: Աշխատակցի հագուստի վերաբերյալ պահանջները կարող են մանրակրկիտ կերպով նկարագրված լինել աշխատանքային պայմանագրում, որը խախտելը կարող է բերել համապատասխան պատասխանատվության: Դրես – կոդի հարցերով զբաղվում է HR – մենեջերը և ոճաբանը: Դրես – կոդը կոնկրետ աշխատանքային հագուստ չէ, այն չի սահմանափակում մարդու անհատականությունն ու սեփական արտաքինի հանդեպ ստեղծագործական մոտեցումը:
Դրես – կոդն ունի ազդեցության երկու ուղղություն` արտաքին և ներքին: Արտաքին ազդեցությունը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի տպավորություն են թողնում կազմակերպության միանման հագուստով աշխատակիցները հաճախորդների, համագործակցող կազմակերպությունների վրա. չէ՞ որ միանման հագնված մարդիկ դիմացինի աչքերում ամբողջական կերպար են ստեղծում: Աշխատակցի արտաքին տեսքն էլ կարևոր նշանակություն ունի կազմակերպության մասին կարծիք կազմելու համար. այն կարող է բարեկեցության, կազմակերպության հաջողության, նույնիսկ արտադրանքի բարձր որակի ցուցանիշ համարվել:
Դրես-կոդի ներքին ազդեցությունը ոչ պակաս կարևոր է, քան արտաքինը: Աշխատակազմի հագուստի նույն ձևը ընդհանրության, միասնականության կարևոր զգացում է առաջացնում: Ասում են` դեռևս Ալ. Մակեդոնացին նկատել էր, որ երբ զինվորները միանման էին հագնված լինում, նրանց մարտական ոգին ավելի էր ուժեղանում:
Դրես-կոդ սահմանելով` կազմակերպությունն ընդգծում է իր կարգավիճակն ու աշխատանքային տրամադրություն ստեղծում աշխատակիցների մոտ: Ցանկացած կնոջ էլ չի խանգարի աշխատել սեփական կերպարի ձևավորման վրա: Նոր աշխատանքի ընդունվելիս անհրաժեշտ է դրական տպավորություն թողնել և ձգտել ընդգրկվել նոր աշխատակազմի մեջ: Եթե մեծամասնությունը խիստ ոճի կոստյումներ է կրում, ապա հարկավոր է կրկնօրինակել դրանցից ամենաչեզոքները: Օրինակ` բաճկոն ու կիսաշրջազգեստ: Այսպես` ամառային սեզոնին ցանկալի է նախապատվությունը տալ երկնագույն, բաց կանաչ ու բաց մանուշակագույն երանգներին, իսկ ձմռանը` կապույտ, մանուշակագույն, մուգ մոխրագույն և սև երանգներին: Ըստ հոգեբանների` շագանակագույն կոստյումը անհաջող ընտրություն է: Կոշիկները պետք է 3-4 սմ բարձրություն ունենան:
Եթե աշխատանքային գործունեության մեջ առաջընթաց եք ակնկալում, ապա Ձեր արտաքին տեսքի մեջ տղամարդկային տարրեր մտցրեք, քանի որ դա զուգորդվում է վստահության ու հուսալիության հետ:Օրինակ` Ձեր սովորական պայուսակի փոխարեն օգտագործեք կաշվե աշխատանքային պայուսակ: Եթե Դուք արդեն ղեկավար եք, ապա փորձեք ընդգծել Ձեր հեղինակությունը հագուստի միջոցով: Այն պետք է ավելի թանկարժեք լինի, քան ենթականերինը: Հայտնի վարպետների կողմից էլեգանտ զարդարանքն ու օծանելիքը միայն կլրացնեն Ձեր` ղեկավարի կարգավիճակը: Սակայն, նշենք, որ կան նաև որոշակի արգելքներ: Կտրականապես չի կարելի հագնել մինի, մաքսի կիսաշրջազգեստներ, կրծքի մասում խորը բացվածքով հագուստ, կոնքի հատվածում ճեղքով, նախշավոր կամ ծաղկավոր հագուստ: Կտորեղենը կարող է շատ տարբեր լինել, սակայն այն հիմնականում պետք է լինի դասական ոճի: Գործնական հագուստում ամենից հարմարը համարվում են մուգ երանգներից մուգ կապույտը, մուգ մոխրագույնը, շագանակագույնը, սևը և կապտականաչը, իսկ բաց երանգներից` մարմնագույնը և բաց մոխրագույնը:
Դրես-կոդի կանոնները սովորաբար կախված են լինում կազմակերպության առանձնահատկություններից: Հագուստի ոճերից ամենախստապահանջը բնորոշ է բանկային ոլորտի աշխատողներին: Շատ խիստ են հետևում իրենց աշխատակիցների արտաքին տեսքին նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռեստորանա – հյուրանոցային բիզնեսը, ապահովագրությունը, վճարովի առողջապահությունը և կրթությունը:
Դրես – կոդը ենթադրում է, որ չի կարելի երկու օր անընդմեջ կրել միևնույն հագուստը: Դուք պետք է նվազագույնը երեք – չորս զույգ անդրավարտիք ունենաք, երկու – երեք բաճկոն, նվազագույնը` հինգ վերնաշապիկ, ընդ որում` դրանք պետք է համահունչ լինեն իրենց գույնով, ձևով, և այդ ժամանակ տարբեր ձևերով դրանք համադրելով, Դուք կարող եք հաճախ փոխել զարդարանքը: Ներկայացուցչական մասնագիտություններում գործած, բրդե հագուստ կրելը արգելված է: Արգելվում է նաև պաշտոնական միջավայրում (բանակցություններ, հաճախորդների ընդունում…) հանել բաճկոնը: