Վերջին շրջանում տարբեր փորձագետներ հաճախ են խոսում Նախիջևանի հարցի շուրջ, որը խիստ օրախնդիր է դառնում: Սա առաջնային նշանակություն է ստանում առաջին հերթին Հայաստանի և Արցախի անվտանգության առումով:
Այդ տեսանկյունից ենք պարտավոր դիտարկել նաև թուրք-ադրբեջանական ռազմական շփումներն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ նաև Նախիջևանի տարածքի օգտագործման վրա հիմնվածները: Նորագույն ժամանակներում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ուժեղացման ու ինտենսիվացման գործում, անշուշտ, հաշվարկի կետ պետք է համարել 2016 թ. ապրիլի սկզբին Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների 2-3 օրը: Եվ զուր չէ, որ այն ժամանակ թե՛ Ռուսաստանը (ԱԳՆ մակարդակով), թե՛ Իրանը (խորհրդարանի խոսնակի և այաթոլլահ Խամենեիի ռազմական խորհրդական գեներալ Սեֆևիի մակարդակով) Թուրքիային կոշտ նախազգուշացրին, որ Մոսկվան ու Թեհրանը շատ լավ գիտեն, թե ով է հրահրել Իլհամ Ալիևին՝ սրելու լարվածությունն ու փորձելու վերսկսել լայնածավալ պատերազմը: Ուստի երբ 2017-ի հունվարի սկզբին Էրդողանն անսպասելիորեն իր ելույթներից մեկում հայտարարեց, թե «Թուրքիայի անվտանգությունն սկսվում է ոչ միայն երկրի սահմաններից, այլև Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից ու Հալեպից», պարզ դարձավ, որ Անկարան, խոսքով հանդես գալով իբր որպես Իրանի և Ռուսաստանի գործընկեր, ասենք, Սիրիայում խաղաղության ու կայունության վերականգնման գործում, իրականում պատրաստվում է Անդրկովկասի հաշվին «երկրորդ ճակատ» բացել ընդդեմ Թեհրանի ու Մոսկվայի: Եվ այդ նպատակով կարող է օգտագործվել հենց ԼՂՀ-ի և Ադրբեջանի հակամարտության գործոնը, քանի որ Մինսկի խմբի համանախագահների նախընթաց տասնամյակների որոշումների համաձայն՝ Նախիջևանի ինքնավարության տարածքը ևս համարվում է հակամարտության գոտի: Նաև այն գործոնը, որ, Թուրքիայի հետ 1921 թ. կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համաձայն, Թուրքիան շարունակում է իրեն համարել Նախիջևանի կարգավիճակի երաշխավորը:
Նշենք, որ Նախիջևանի կարգավիճակը սահմանվում է 1921 թ. Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջև կնքված այն նույն Կարսի պայմանագրի համապատասխան հոդվածով: Սակայն Ադրբեջանի հովանավորությունը Նախիջևանի նկատմամբ չի նշանակում, թե այն անպայման մտնում է նրա կազմի մեջ: Այս կապակցությամբ թուրքական շատ փորձագետներ սկսել են հարց տալ Էրդողանի կողմից Նախիջևանի հիշատակման պատճառների մասին․ չէ՞ որ Հայաստանը կարծես հրապարակայնորեն հանդես չի եկել Կարսի պայմանագրի չեղարկման պահանջով:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, թե «Հայաստանի քաղաքականությունը նպատակաուղղված է «Մեծ Հայքի» ստեղծմանը: Սակայն չկա Երևանի որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ որևէ տարածքային պահանջ ներկայացված լինի հարևան պետություններին: Ավելացնենք նաև, որ Ադրբեջանի նախագահը, ավանդաբար վկայակոչելով անանուն աղբյուրներ, 2016 թ. նոյեմբերին հայտարարեց, թե իբր իր վրա «ճնշում են գործադրում՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», սակայն ինքը «թույլ չի տա, որ ի հայտ գա երկու հայկական պետություն»: Բայց թե ո՞վ է հայտարարում և ու՞մ հետ է հեռակա կարգով բանավիճում Ալիևը համեստորեն լռում է: Վերջապես Թուրքիայի նախագահն իր ելույթներում վաղուց արդեն շրջանառության մեջ է դրել «փլուզում» տերմինը և հայտարարում է, որ «թույլ չի տա որևէ ձևի քրդական պետության ի հայտ գալը»:
Դատելով շատ գործոններից և Մոսկվայից ու Թեհրանից արվող անուղղակի հայտարարություններից՝ «քրդական անկախություն» տերմինը հետաքրքրում է ոչ միայն Արևմուտքին ու Իսրայելին, այլև Ռուսաստանին ու Իրանին: Ճիշտ է, ո՛չ Սիրիայում և ո՛չ էլ Իրաքում: Բայց այդ դեպքում մնում է միայն Թուրքիայում: Իսկ այդ ժամանակ էլ խաղի մեջ է մտնում, ասենք, Փոքր Արարատ սարի ու նրա շրջակայքի, Նախիջևանի կարգավիճակի և, ի վերջո, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի պետք լինել-չլինելու մասին անցած դարի 30-ական թվականների իրանա-թուրքական գործարքի վերանայման «ժամանակացույցի մեխանիզմը»: Սակայն եթե Թուրքիան և Ադրբեջանը գիտակցել են, որ խաղասեղանին է դրված իրենց պետկազմավորումների ապագայի հարցը, ապա, հասկանալի է, նրանք կաշխատեն դիմադրել: Թեկուզև արմատական որոշումները անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, ասենք, Անդրկովկասում հայերի ու ադրբեջանցիների միջև ռազմական բախման նոր ալիք բարձրացնելու միջոցով: Որովհետև դա թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին հաստատ կհարկադրի «շեղվել» Փոքր և Առաջավոր Ասիայի աշխարհաքաղաքական «վերաձևաչափման» վարկածներով իրենց հաստատված ռազմավարական խնդիրներից: