Առաջիկա մի քանի հրապարակումներում կանդրադառնանք Ադրբեջանի տնտեսական համակարգում ընթացող վայրիվերումներին և տարածաշրջանային քաղաքականությանը:
Ադրբեջանում վերջին տարիների տնտեսական իրադարձությունների ընթացող զարգացումների միջև կարելի է անցկացնել հետաքրքիր զուգահեռականներ: 2012-ին Իլհամ Ալիևը նորից հարձակվեց British Petroleum-ի վրա՝ սպառնալով վերջինիս դատարան տանել, ինչպես և 2007-ին: Տարբերությունն այն է, որ Ի.Ալիևն այսօր համարում է, որ խափանվել է Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի արդյունահանման BP/AIOC եռափուլ ծրագիրը: Ինչպես 2007-ին, այնպես էլ այժմ, նորից վեր են հանվել Շահութաբերության իրական դրույքի հետ կապված հարցերը:
Եվ նորից Ադրբեջանում պատրաստվում են նախագահական ընտրություններին, ինչպես 2007-ին սկսել էին նախապատրաստվել սահմանադրական հանրաքվեին: Այս նմանությունները կարող էին բացատրվել նախագահական ընտրությունների փուլին բնորոշ հռետորաբանությամբ, երբ հիմնական թեկնածուն կարիք ունի ադրբեջանական հասարակության աչքում նորից ամրապնդել «ժողովրդի շահերի պաշտպանի» իմիջը: Այո, կարող էին, եթե չլինեին այս զուգահեռների խորքում ընկած շատ ավելի հիմնարար նշանակություն ունեցող հանգամանքներ: Բանն այն է, որ Ադրբեջանում ավարտվում է այսպես կոչված Մեծ նավթի դարաշրջանը:
Կարելի է պնդել, որ ավարտվում է նաև BP ընկերության և Բաքու-Թբիլիսի-Ջեհյան «ոսկյա դարը»: Հասկանալի է, որ այս գործընթացը տևական է, և BP ընկերության դիրքերը դեռ բավական ամուր են. ի թիվս այլ փաստերի: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանին (և տարածաշրջանին) սպասվում են գազի դարաշրջանը, գազակոնդենսատի նոր դաշտերի վրա իշխելու հարցը, Կասպիցի սահմանազատման տակավին չլուծված և պոտենցիալ հսկայական լարվածություն պարունակող խնդիրը, ֆրանսիական (և իսրայելական) ընկերությունների և կապիտալի եռանդուն «հարձակումը», տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային զարգացման խնդիրները: Եվ ամենակարևորը` տարածաշրջանում ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն գործընթացների» երկու մեծ սցենարների առկայությունը` եվրոպական և եվրասիական:
ՀՀ համար այստեղ ամենակարևորն (ու մտահոգիչն) այն է, որ ինչպես 1994-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրության ստորագրումը սերտորեն միահյուսված էր Ադրբեջանում «Մեծ նավթի դարաշրջանի» կերտման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների շրջափակման գործընթացների հետ՝ համահունչ «Ալիևի դոկտրինի» աշխարհաքաղաքական «ինտեգրացիոն սցենարին», այնպես էլ այսօր տակավին անհայտ ու դժվար նշմարելի միտումներ կարող են ընկած լինել մոտ ապագայի «գազի դարաշրջանի», Հարավային Կասպիցի սահմանազատման և նոր «տարածաշրջանային ինտեգրացիոն սցենարների» թիկունքում: Կարծում ենք, որ ՌԴ-ում և Վրաստանում վերջին ժամանակահատվածում ընթացող քաղաքական և իշխանական գործընթացները հստակ լավատեսության հիմք են տալիս: Բայց նաև վստահ ենք, որ առկա են լուրջ վտանգներ:
Դրանցից ամենատեսանելին ու անմիջականն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունն է տարածաշրջանում՝ պայմանավորված. նավթային դարաշրջանի ավարտով, 2009թ. սահմանադրական փոփոխություններով և 2013 և 2018թթ. . նախագահական ընտրություններով, 2006-ից մեկնարկած սեփական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումով, դրանում Իսրայելի (և ՌԴ) էական դերակատարմամբ, ռազմականացման պետական համալիր ծրագրի մշակմամբ և իրականացմամբ, հակաիրանական պլացդարմի ստեղծման ներկայիս գործընթացներով, սեփական քարոզչության և մյութոսների ծուղակն ընկնելով:
Հարցերի այս թնջուկը տարածաշրջանային զարգացումների համատեքստում դեռ կարոտ է ուշադիր և հավասարակշռված քննության: