Աստիճանաբար բյուրեղանում է իրադրությունը թե՛ Աֆրինի, թե՛ Ռեջեփ Էրդողանի իրական մտադրությունների շուրջ: Քրդական աղբյուրները տեղեկացնում են, որ հունվարի 27-ի խորհրդաժողովում Թուրքիայի նախագահը թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք դժվար է մեկնաբանել այլ կերպ, եթե ոչ հավակնություն հսկայական տարածքների նկատմամբ, ընդ որում՝ ոչ միայն սիրիական: Էրդողանն ասել. «Մենք քայլեր ենք անում, և մեր ազգը կհետևի մեզ, որովհետև Թուրքիան միշտ գերիշխող է եղել անգամ իր սահմաններից դուրս, ուստի և մենք պետք է պետությունը պահենք-պահպանենք այնպիսին, ինչպիսին եղել է միշտ: Մեր երկրի հողը կրճատվել է, ու մենք թույլ չենք տա, որ այն մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս, մենք պետք է պաշտպանենք մեր եղբայրներին նաև աշխարհի այլ մասերում»,- ասել է նա:
Փաստորեն, Էրդողանը հրապարակայնորեն հայտարարել է «նոր օսմանիզմի» պլանի իրագործման քաղաքականությանը Թուրքիայի վերադարձի մասին․ չէ՞ որ երբեք «թուրքական հող» չի եղել Թուրքիայի շրջակա ոչ մի տարածք՝ բացի այն ժամանակաշրջանից, երբ տարբեր դարաշրջանների քաղգործիչներն ու մտածողները բացահայտորեն և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի բռնակալ ու «հիվանդ» էին անվանում ի տեր հանգուցյալ Օսմանյան կայսրությունը:
Վերջերս Թուրքիայի նախագահի արած հայտարարությունների էությունն այն է, որ նրա քիմքին հաճելի է ընդլայնել Թուրքիայի ներկա սահմանները՝ նպատակ ունենալով «պաշտպանել այլ երկրներում ապրող եղբայրներին»: Դժվար է պատկերացնել, որ այդ քայլերն Էրդողանը պատրաստվում է ձեռնարկել միայնակ, առանց ԱՄՆ-ի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի և այլոց աջակցության: Իսկ օսմանյան թուրքերի եղբայրները սփռված են մոլորակի համարյա բոլոր ծագերում. առաջին օրինակի համար հեռուն գնալ պետք չէ․ դա, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն» է, անկախ Կիպրոսի տարածքը, որը զավթվել է դեռ անցած դարի 70-ական թվականներին: Երկրորդ օրինակը բառացիորեն մեր կողքին է. այդ հենց թուրքերն ու հանգուցյալ Հեյդար Ալիևն էին տարիներ ի վեր աշխարհի գլուխը մտցնում, թե իրենք «մեկ ժողովուրդ-երկու պետություն» են: Եվ ամենևին էլ առաջին տարին չէ, որ գրվում է, թե նաև նպատակ կա Նախիջևանի տարածքը գրեթե «զիջելու» Թուրքիային:
Եթե շարժվենք էրդողանյան տրամաբանությամբ, ապա Սիրիան ու Իրաքը նույնպես Թուրքիայի «մեր եղբայրների», այսպես կոչված, թուրքմենների բնակության վայրերն են: Դա նաև Իրանի տարածքի զգալի մասն է, որտեղ ապրում են տարբեր թրքալեզու ազգեր ու ենթաազգեր: Դա Միջին Ասիան է, ինչպես և Աֆղանստանի հյուսիսային մասը, նույնիսկ Արևմտյան Չինաստանի հսկայական տարածքներ, ինչպես նաև ՌԴ-ն, այդ թվում՝ Ղրիմի, ապա և Մոլդովայի ու գրեթե ամբողջ Բալկանյան թերակղզու մասին: Թուրք առաջնորդի հայտարարությունները հնչել են սիրիական, հիմնականում քրդաբնակ Աֆրին քաղաքի վրա թուրքական բանակի հարձակման ֆոնին: Այնպես որ, ամենևին էլ «քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների» ոչնչացումը չէ Էրդողանի մտքին: Նա «փորձաքայլ» է արել «մեր եղբայրների պաշտպանության» ինչ-որ նախագծի առնչությամբ՝ «մեր հողերի կրճատման» օժանդակ թեզիսի և «մենք թույլ չենք տա, որ այն մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս» սպառնալիքի ուղեկցությամբ:
Դատելով այդ սպառնալիքի հնչեցման ժամանակի ընտրությունից՝ Էրդողանին ուղղակի հրահանգ է տրված հենց այն նույն ուժերի կողմից, որոնք սկզբում Սիրիայի քրդերին հրապուրեցին ԱՄՆ-ի խնամակալության տակ գտնվող, այսպես կոչված, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի դաշինքի» շարքերը, իսկ ներկայումս ծուլորեն կոչ են անում թուրքերին «սահմանափակվել», «զուսպ լինել» և սպառնում են Սիրիայի այլ մասերի քրդերին, եթե նրանք մտադրվեն գնալ Աֆրինի վրա՝ օգնելու ցեղակիցներին: Ներխուժման սկզբում ամերիկացիները նախազգուշացրել էին, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռված ոչ մի զինյալ չմեկնի Աֆրին՝ թուրքական բանակի դեմ կռվելու համար, և որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի դաշինքի» այն կազմավորումները, որոնք կհեռանան ռազմաճակատի իրենց տեղամասերից ու կմեկնեն Հալեպի հյուսիս (այսինքն՝ Աֆրին), կզրկվեն ամերիկյան ռազմատեխնիկական օժանդակությունից: