Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, որ կառուցվել է 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո այն Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868-1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.)։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։
Եկեղեցին օծվել է 1888 թ. սեպտեմբերի 20-ին և գործել մինչև 1930 թվականը, երբ Խորհրդային Ադրբեջանի կողմից փակվեցին Արցախ աշխարհի բոլոր եկեղեցիները: 1984 թ. Ս. Ամենափրկիչ եկեղեցին իբրև պատմաճարտարապետական հուշարձան սկսեց վերանորոգվել, սակայն 1988 թ.՝ Շուշիի հայաթափումից հետո, կրկին մեծ վնաս հասցվեց եկեղեցուն. այն վերածվեց զինապահեստի, իսկ հետագայում որպես ավտոտնակ:
1992 թ. մայիսի 8-ին՝ քաղաքի ազատագրումից հետո, վերսկսվեցին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եվ ահա 1998 թ. հուլիսի 18-ին՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնի նախօրյակին, վերասրբագործվեց եկեղեցին: Ջրով և գինով լվացվեցին եկեղեցին և Ս. Խորանը: Ապա Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևոր հայրերի ուղեկցությամբ մինչև ուշ գիշեր սրբալույս մյուռոնով մեկիկ-մեկիկ վերաօծեց վեմ քարը, եկեղեցու սյուները, դռները, մկրտության ավազանը, բոլոր սուրբ նշանները: Հուլիսի 19-ին, Քրիստոսի Պայծառակերպության տոնին, վերաօծված եկեղեցում շուրջ 80-ամյա ընդմիջումից հետո մատուցվեց առաջին Ս. Պատարագը: