Այս օրերին Հարավային Կորեայում ընթանում են հերթական ձմեռային Օլիմպիական խաղերը, և համաշխարհային սպորտի այդ մեծ փառատոնին մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչները: Իսկ ահա հայ մարզիկների կողմից համաշխարհային օլիմպիադաներին առաջին մասնակցությունն արձանագրվել է դեռևս 1912 թվականին: Այդ տարի Ստոկհոլմում կայացած ամառային Օլիմպիական խաղերին մասնակցեցին նաև Օսմանյան կայսրության երկու ներկայացուցիչներ՝ թեթև ատլետներ Վահրամ Փափազյանը (վազք, նկարում՝ ձախից) և Մկրտիչ Մկրյանը (հնգամարտ): Ներկայացվող պատկերում բերված են այդ իրադարձության վերաբերյալ Վիքիպեդիայի տվյալները:

Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը մեկնել էին Ստոկհոլմ հայ համայնքի կողմից հանգանակված գումարներով՝ թուրքական կառավարությունը գումար չէր հատկացրել հայ մարզիկներին: Դրամահավաքը կազմակերպվեց Օսմանյան կայսրության բոլոր հայաշատ համայնքներում: Նշենք, որ Թուրքիայում 20-րդ դարասկզբին մեծ հետաքրքրություն կար սպորտի հանդեպ, իսկ հայերը լավագույն մարզիկների համբավ ունեին երկրում և իրենց պատվի հարցն էին համարում օլիմպիական խաղերին մասնակցելը:

Հետաքրքիր է, որ արդեն Ստոկհոլմում պարզվեց, որ գլխավոր մարզահրապարակում Օլիմպիական խաղերի բոլոր մասնակից երկրների դրոշները ծածանվում են՝ բացի Օսմանյան կայսրության: Թուրքական կազմկոմիտեի ներկայացուցիչը բողոք է ներկայացնում և պահանջում է մարզահրապարակում բարձրացնել իրենց դրոշը: Դրան ի պատասխան օլիմպիադայի կազմակերպիչները բացատրում են, որ Օսմանյան կայսրության դրոշը իրենք միտումնավոր չեն կախել՝ ի նշան բողոքի թուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում հալածանքի ենթարկվող հայ ու հույն ազգաբնակչության, և հատկապես՝ 1909-ին Ադանայում տեղի ունեցած հայերի դաժան կոտորածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել