Քաղաքական ընդդիմության առկայությունը ժողովրդավարության հիմնական և էական առանձնահատկություններից մեկն է: Ռոբերտ Դալն իր դասական աշխատություններում ընդդիմության առկայությունը համարում է պոլիարխիայի, կամ ժողովրդավարության, գոյության անհրաժեշտ ու պարտադիր պայման և նշում դրա վրա ազդող փոփոխականների մի ամբողջ շարք: Նա ներկայացնում է ժողովրդավարության անհրաժեշտ պայմանները, որոնք ամբողջությամբ կապված են ընդդիմության՝ որպես յուրահատուկ քաղաքական ինստիտուտի, առկայության հետ:
Նշված պայմաններից կարելի է ընդգծել աջակցության և քվեարկության համար մրցելու իրավունքը, ինչը ենթադրում է, որ ընտրողներն ընտրովի պաշտոնի համար պայքարող քաղաքականության սուբյեկտների զանազան առաջարկություններից ընտրություն կատարելու որոշակի այլընտրանք կունենան կամ ունեն: Դա իր հերթին ենթադրում է հայացքների որոշակի հեռավորություն։ Սա, իր հերթին, կարևոր է ընդդիմության առկայության համար:
Չափանիշներից կարելի է առանձնացնել նաև տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների և դրանց գործունեությունն ապահովող օրենքների առկայությունը: Այլընտրանքն այս դեպքում ենթադրում է ոչ միայն տարբերվող բովանդակություն, այլև դեպքերի և քաղաքականության այլ մեկնաբանություն:
Կարելի է նշել ժողովրդավարության բազմաթիվ սահմանումներ, որոնցից յուրաքանչյուրում կհանդիպենք այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են աջակցություն, համագործակցություն, իշխանություն, մրցակցություն և այլն, որոնք նախապես ենթա- դրում են հակադիր տեսակետներ: Ընդդիմության էությունը և դերն անցումային քաղաքական վարչակարգում կարդակը կարելի է գնահատել գոյություն ունեցող ընդդիմության բնույթի ու գործունեության միջոցով, ինչը կարող է չափվել, օրինակ, քաղաքական պլյուրալիզմի որոշակի մակարդակի առկայությամբ:
Դասական ընդդիմության մասին խոսելիս փորձում ես այն հանադրել և զուգահեռներ անցկացնել հայրենի քաղաքական դաշտում գործող ընդդիմության հետ և, ակնհայտ է դառնում, որ քաղաքական դաշտի այդ սեգմենտը գրեթե բացակայում է: Կան նաև ուժեր, որոնք ուղղակի փորձում է այս կամ այն կերպ համդրվել իշխանության հետ և իրենց տեղն ունենալ քաղաքական գործընթացների տարբեր հատվածներում` հանրության մոտ ստեղծելով արհեստական իմիտացիաներ: