Երևանի քաղաքապետ`
Պրն. Տարոն Ա. Մարգարյանին

Երևանի ԿԵՆՏՐՈՆ համայնքի բնակչուհի`
Զոյա Սահակի Պետրոսյանից
(հասցե` Թամանյան փ., 3 շ., բն.52,
Հեռ. 58 99 44)


Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգարժան պարոն Մարգարյան!!!
Ես` Զոյա Սահակի Պետրոսյանս, թոշակառու եմ, 1929թ. ծ.: Բնակվում եմ ԿԵՆՏՐՈՆ համայնքում, Թամանյան 3, բն. 52 հասցեում: 

Խնդրում եմ Ձեզ պաշտպանել ինձ և իմ իրավունքները Երևանի «ԿԵՆՏՐՈՆ» համատիրության (Վարդանանց 5ա) զարհուրելի և ապօրինի քայլերից իմ նկատմամբ:

«ԿԵՆՏՐՈՆ» համատիրությունը, լինելով ինքնակոչների մի խումբ, քանի որ գոյություն չունի բնակիչների գրավոր համաձայնություն, որով կորոշվեր տալ նրանց իրավունք բնակիչների հարցերի և խնդիրների վարչարարությամբ զբաղվել, իրեն իրավունք է վերապահում առանց փաստերի հիմնավորապես ստուգման, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման անդորրագրերի ստուգման, որոնք առկա են բնակիչների մոտ, հայց ներկայացնել դատական ատյաններ` գումարի բռնագանձման պահանջով և բոլոր դրամական միջոցների և հաշիվների վրա արգելանք դնելու` այդ թվում թոշակի:

Ես միշտ պարտաճանաչ կատարում եմ վճարումներ այն ամենի համար, ինչից օգտվում եմ` գույքահարկ (մեկ սենյականոց բնակարանի), աղբահանություն և մնացած բոլոլ այլ կոմունալ ծառայությունների դիմաց, ընդ որում` անում եմ դա նախապես և միանգամից մի քանի ամսվա համար: Ունեմ կատարածս մուծումների բոլոր անդորրագրերը վերջին 3 տարվա դիմաց: 

Սույն թվականի ապրիլի 10-ին ես չկարողացա ստանալ ո´չ թոշակս և ո´չ էլ ½ դրույք աշխատավարձս Երևանի Պետ. Կոնսերվատորիայից, քանի որ` ինչպես ավելի ուշ պարզվեց, իմ բոլոր դրամական աղբյուրներն ու միջոցները դրված են արգելանքի տակ առանց որևէ հիմքի:
Պարզելով իմ հաշվեհամարները արգելանքի տակ դնելու պատճառները՝ ճշտվեց, որ համատիրությունը, չունենալով համապատասխան փաստաթուղթ իմ ստորագրությամբ՝ ինձ ծանուցելու մասին, զրկել է ինձ գոյատևելու իրավունքից` խախտելով իմ սահմանադրական իրավունքները, և ներկայացրել 70.000 ՀՀ դրամի հաշիվ կոմունալ ծառայությունների դիմաց:

Միայն այն բանից հետո, երբ ես նրանց ներկայացրի աղբահանության դիմաց վճարման վերջին 3 տարվա անդորրագրերը, իմ պարտքը կտրուկ նվազեց և դարձավ այժմ 20.000 ՀՀ դրամ` բակի մաքրման, որը մշտապես կեղտոտ է և դետոկսիկացիայի համար:

Այսպիսով, մանրակրկիտ չստուգելով իմ հաշիվներին վերաբերող փաստաթղթերը, «ԿԵՆՏՐՈՆ» համատիրությունը զրկել է ինձ անգամ խիստ անհրաժեշտ դեղերի գնման հնարավորությունից, որոնք կենսականորեն անհրաժեշտ են իմ առողջության համար և ամենատարրական սննդի գնման հնարավորությունից` կալանք դնելով իմ հաշվեհամարներին դատարանի միջոցով:
Վերջին 3 տարվա անդորրագրերի ներկայացնելուցս հետո ինձ խոստացան 2-3 օրվա ընթացքում կարգավորել այս խնդիրը` հանելով կալանքը իմ թոշակից:
Արդյունքում` կտրուկ վատացել է իմ առողջական վիճակը. հաճախացել են հիպերտոնիկ կրզերը, և առաջացել է առիթմիա:

«ԿԵՆՏՐՈՆ» համատիրություն դիմել եմ 11.04.2013թ.-ին, իսկ այսօր արդեն 27.04.2013թ. է: Մինչ օրս ոչինչ չի փոխվել, և ամեն բան նույնն է: Ես չեմ կարող ստանալ անգամ մեկ լումա մինչև դատավորը, որը մոտ 10 օրից կվերադառնա իր արտերկրյա ուղևորությունից, չհանի արգելանքը իմ հաշվեհամարից:

Անգամ եթե իմ պարտքի չափը մի քանի անգամ ավել լիներ, քան ներկայիս 20.000 ՀՀ դրամը, նրանք չունեին ոչ մի բարոյական իրավունք զրկել միայնակ թոշակառուիս գոյությունը պահպանելու միջոցներից: Դժվար թե աշխարհում գտնվի թեկուզ մեկ երկիր, որտեղ ևս նման կերպ են վարվում իրենց քաղաքացիների հետ:

Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա, որ դեռ 5 տարի առաջ` նախորդ նախագահական ընտրություների ժամանակ, դիմել էի համատիրություն` ինձ մեծ վնաս հասցնելու կապակցությամբ: Շենքի արտաքին պատին ամրացված անձրևաջրերի արտատար խողովակի անսարքության հետևանքով ջուրը, գոյանալով հորդ անձրևներից, ներթափանցել է իմ բնակարան` փչացնելով իմ` այն ժամանակ դեռ նոր, խոհանոցի նորոգումը: Համատիրություն դիմելուց հետո ինձ խոստացել էին, որ կվերանորոգեն` վերացնելով խոհանոցի վնասվածքը: Երկու ամիսը մեկ ինձ պարտաճանաչ զանգում և տեղեկացնում էին, թե ինչ փուլում է գտնվում այդ հարցի լուծումը: Սակայն խոստացած վերանորոգումը մինչ օրս չի կատարվել:
Ստացվում է, որ նրանք չեն կատարում իրենց բուն պարտականությունները և իմ կողմից իրենց դեմ հայց ներկայացնելու փոխարեն դեռ նրանք են համարձակվում ինչ-որ 20.000 դրամի համար փակել իմ օրինական հասանելի դրամական բոլոր աղբյուրները:

Լինելով ՀայՖիլհարմոնիայի մենակատար՝ ես 37 տարի ներկայացրել եմ Հայաստանը 1953-1990թթ. ԽՍՀՄ-ի բոլոր քաղաքներում և արտերկրներում, 50 տարիների ընթացքում հարյուրավոր մասնագետներ եմ կրթել, որոնք Հայաստանում և արտերկրներում են աշխատում: Եվ այդ ամենից հետո ես արժանանում եմ նման կրիտիկական վիճակի`«ԿԵՆՏՐՈՆ» համատիրության, մեղմ ասած, անբարեխիղճ աշխատանքի:

Դիմելով Ձեզ՝ խնդրում եմ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել այս հարցի լուծման գործընթացը, որը կենսականորեն կարևոր է ինձ համար:

Կանխավ շնորհակալ եմ,

ՀԽՍՀ Վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր` Զոյա Պետրոսյան

ք. Երևան

«_27_». ________04___________ . 2013թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել