Որոշ գիտնականներ կարծում են, որ անիմացիայի առաջին նմուշներից մեկը ստեղծվել է մոտավորապես 5000 տարի առաջ: Եվ տեղ է գտել մի չթրծված կավե գավաթի վրա: Այդ գավաթը (10 սմ բարձրությամբ, 8 սմ տրամագծով) հայտնաբերվել է Շահրե-Սուխտե («այրված քաղաք») հնավայրում (Իրանի հարավ-արևելք, Սիստան և Բելուջիստան նահանգ, Աֆղանստանի սահմանին մոտ): Պեղված բրոնզեդարյան բնակավայրը ենթադրաբար պատկանում է ջիրոֆտյան մշակույթին, գոյատևել է մոտ մեկ հազարամյակ (Ք.ա. 3200-2100 թթ.):

Գավաթի վրա պատկերված է այծ, որը ցատկում և պոկում է արմավենու տերևները: Հնագետները նույնիսկ կարճ անիմացիոն հոլովակ են ստեղծել` պատկերներն ի մի բերելով: Իհարկե, կրկնվող պատկերներով գավաթներն այս շրջանում նորություն չէին, բայց առաջին անգամ է պատկերվում շարժումը:

Այսպիսի տեսք ունի հնագույն մուլտը.


կամ էլ այսպիսի, ըստ You-Tube.



Ահա գավաթն ամբողջությամբ`

Animation_vase Shahre sukhte

Ահա պատկերը ժապավենի տեսքով.

Vase_animation.svg

Այս հնավայրում ևս մեկ հետաքրքիր գտածո է հայտնաբերվել` ամենահին արհեստական աչքը (2006 թվականի դեկտեմբերին): Այն կիսագնդաձև է, մոտ 2,5 սմ տրամագծով: Շատ թեթև նյութից է պատրաստված, ենթադրաբար` բիտումային մածուկից: Արհեստական աչքի մակերեսը պատված էր ոսկու բարակ շերտով, մեջտեղում շողքերի նման տարածվող ոսկե թելերով շրջանագիծ էր փորագրված (պատկերում էր աչքի ծիածանաթաղանթը): Արհեստական աչքն հայտնաբերվել է կնոջ աճյունի կողքին: Արհեստական աչքի երկու կողմում բարակ անցքեր էին բացված, որոնց միջով անցկացվում էր ոսկե լարը, որով աչքը ամրացվում էր ակնախոռոչում: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեցին ոսկե լարերի հետքերը, այսինքն, աչքը մշտապես օգտագործվել է:
Ահա կմախքը և արհեստական աչքը ակնախոռոչի մեջ.


Burnt_City_Artificial_Eye3

Կնոջ կմախքը թվագրվում է Ք.ա. 2900-2800 թթ., նա բավականին բարձրահասակ է եղել (1,82 մ), մահացել է 25-30 տարեկան հասակում, հավանաբար, ծագումով Արաբական թերակղզուց է եղել: Ըստ երևույթին, այդ կինը գուշակի կամ քրմուհու դեր է կատարել համայնքում, և ոսկյա շողերով աչքը պետք է ծիսական նշանակություն ունենար: Կնոջ մահվան պատճառը հայտնի չէ:
Աչքն այսպիսի տեսք ուներ և, ենթադրաբար, այսպես կրել է այն քրմուհին.

ey1 demonstration

Շահրե-Սուխտեում նաև հայտնաբերվել էր հնագույն նարդու տեսակներից մեկն իր զառերով: Խաղատախտակը նման է Ուրի արքայական խաղատախտակին: Մինչև վերջ պարզ չէ՝ ինչպես են խաղացել այս խաղը: Հնարավոր մի վերակազմության մասին այստեղ:

boardgames_fig_1

dice-burnt-city

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել