Փառք ու պատիվ:
Ծնվել է ապրիլի 27, 1914 Գյումրի — (մահ. է մարտի 14 1984, Երևան) Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան)։ Մայրը՝ Աստղիկը, այրիացել էր նրա ծննդից քիչ առաջ, Հայկական ցեղասպանության ընթացքում: Շիրազը մեծացավ աղքատության մեջ: Առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով): Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ.: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները:
Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը չափածո է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների, որոնցից են՝ «Անի», «Իմ մայրիկ», «Թող իմ սերը գաղտնի մնա», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմ», «Հեթանո
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը, քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր:
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:
Անհատականություն
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով: 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է`...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են: Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք: Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին:
Պոեզիա
Շիրազը մոտ քառասուն բանաստեղծությունների և թարգմանությունների գրքերի հեղինակ է: Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը՝ հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին հայ գրականության լավագույն նմուշներից: Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում: Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»: «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,-գրել է Վիլիամ Սարոյանը: «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,-ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն:
Շիրազի պոեմները հայտնի էին ողջ Սովետական Միությունով մեկ (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում: Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում: Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ:
Ստեղծագործական աշխատանք
Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։
1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը։
Հուշեր Շիրազի մասին
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես.
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»:
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը սակայն փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։
Հովհանես Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։
1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:
Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ:
Մահացել է Երևանում 1984 թ.-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ: