Երեխաները հնարավորություն չունեն իրենց ընտանիքներին ընտրելու. նրանց ծնողները իրենց կողքին են լինում մշտապես, յուրաքանչյուր փորձության ընթացքում:

Երբ երեխան ծնվում է «հրեշների» ընտանիքում, ապա, որպես կանոն, լինում է ծնողների կրկնօրինակը: Իոսիֆ Ստալինը երեք երեխա ուներ՝ Յակովը, Վասիլին և Սվետլանան: Նրանք չէին ընտրել Ստալինի ընտանիքում ծնվելը, սակայն ճակատագիրն այդպես էր դասավորվել:

Յակովի ինքնասպանության փորձը

Երբ Ստալինի առաջին կինը՝ Եկատերինան, մահացավ, Ստալինը շատ փոխվեց: Կնոջ թաղման արարողության ժամանակ նա հանդիսավոր կերպով ասաց. «Նրա հետ մեռան իմ վերջին ջերմ զգացմունքները մարդկության նկատմամբ»: Ստալինն ավելի սառը, գրգռված դարձավ: Սառեցին նրա հարաբերություններն իր և Եկատերինայի որդու՝ Յակովի հետ:

Ստալինը կրկին ամուսնացավ, այս անգամ՝ Նադեժդա Ալելուևայի հետ, սակայն այդպես էլ չհանդարտվեց: Նա հարբեցողությամբ էր զբաղվում, և նրա դժբախտություններն արտացոլվում էին վարած դաժան և վայրի քաղաքականության մեջ: Երբ ամեն ինչ սարսափելի աստիճանի հասավ, Նադեժդան վերադարձավ ծնողների տուն՝ իր երեխաներին հետը տանելով: Իսկ Յակովը՝ Եկատերինայի որդին, մնաց հոր հետ՝ սարսափելով նրանից:

Ստալինի հետ միասին ապրելն այնքան դժվար էր, որ 1930 թ., երբ տանը միայնակ էր, Յակովը ինքն իրեն կրակեց ուսից: Նրան շտապ հիվանդանոց հասցրին, որտեղ բժիշկներին հաջողվեց փրկել տղայի կյանքը, իսկ Ստալինին կանչեցին որդուն տեսակցության:

Ստալինը նայեց որդուն և ուղղակի ասաց. «Նա անգամ չի կարողանում ուղիղ կրակել»:

 

Ստալինը Նադեժդային ինքնասպանության հասցրեց

Ինչքան էլ որ Ստալինը նեղացնում և դավաճանում էր նրան, Նադեժդան միշտ տուն էր վերադառնում, մինչև մի օր լցվեց նրա համբերության բաժակը: Կրեմլում կայացող երեկույթի ժամանակ, երբ նշում էին Հոկտեմբերյան հեղափոխության 15-րդ տարեդարձը, Նադեժդան հրաժարվեց խմել Ստալինի՝ հյուրերի կողմից առաջարկված կենացը:

«Է՜յ, դու՛,- Ստալինը բղավեց կնոջ վրա,- խմի՛ր»:

«Չհամարձակվես բղավել ինձ վրա»,- բարձր տոնով պատասխանեց Նադեժդան և վազելով հեռացավ Կրեմլից:

Տանը նա մի նամակ գրեց, որտեղ Ստալինին ներկայացնում էր որպես դաժան բռնակալի, որը ցավ էր պատճառում և՛ իր երկրին, և՛ ընտանիքին: Նամակն ավարտելուց հետո նա պառկել է մահճակալին և կրակել ինքն իրեն:

Ստալինը թաքցնում էր կնոջ ինքնասպանության փաստը իր երեխաներից և ժողովրդից: Սվետլանան տասը տարի շարունակ անգամ տեղյակ չէր, որ մայրը մահացել է: Կնոջ հոգեհանգստի արարողության օրը Ստալինը հայտարարել է, որ «Նադեժդան հեռացավ որպես թշնամի»: Այդ արարողությանը Ստալինը չի մասնակցել և այլևս երբեք չի այցելել երկրորդ կնոջ գերեզմանին:

 

Ստալինը Սվետլանայի առաջին սիրուն ուղարկել է Գուլագ

Երբ Յակովը բանտում էր, Սվետլանան առաջին անգամ սիրահարվում է: Իր մոր մահվան 10-րդ տարելիցին 17-ամյա աղջիկը հանդիպում է 38-ամյա կինոռեժիսոր Ալեքսեյ Կապլերին: Վերջինս մխիթարում էր աղջկա վիշտը, պարում էր նրա հետ և նվիրում այնպիսի գրքեր, որոնք աղջկա հայրը՝ Ստալինը, արգելել էր հրատարակել:

Ստալինը չափազանց բարկացած էր: Նա գաղտնի կերպով հետևում էր Սվետլանայի հեռախոսային խոսակցություններին Ալեքսեյի հետ և որոշում կայացրեց տղային տասը տարով ուղարկել Գուլագ, որը բռնի ազատազրկման և կալանավորման վայր էր: Սվետլանան շատ նյարդայնացած և բարկացած էր ու պնդում էր, որ ինքն ու Ալեքսեյը սիրում են իրար: Լսելով սա՝ Ստալինը ապտակեց դստերը և ասաց. «Մի քեզ նայիր, ո՞վ քեզ կսիրի: Դու հիմար ես»:

 

Ստալինը թողեց, որ Յակովը մահանա համակենտրոնացման ճամբարում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Հիտլերը փորձեց առևտրային գործարք կնքել. նա առաջարկում էր Յակովին հետ վերադարձնել՝ գերմանացի մարշալ Ֆրիդրիխ Պաուլուսի դիմաց: Ստալինը հնարավորություն ուներ իր որդուն փրկելու, սակայն նա չարեց դա: «Ես մարշալին չեմ փոխանակի լեյտենանտի հետ»,- ասել է Ստալինը:

Այսպիսով՝ Յակովի հայրը թողեց որդուն, որպեսզի նա մահանա գերմանական համակենտրոնացման ճամբարում: Յակովի միակ ընկերները ճամբարի մյուս անդամներն էին, որոնցից շատերը լեհեր էին, և տղան վատ իրավիճակում հայտնվեց, երբ լեհերը տեղեկացան, որ Ստալինը 15,000 լեհ սպաների է սպանել Կատինում: Այս դեպքից հետո Յակովին սկսեցին ատել տեղի ընկերները: 

Հուսահատ Յակովը, չդիմանալով այս ամենին, մոտենում է ճամբարի էլեկտրական ցանկապատին և հոսանքահարվելով մահանում:

Սա միակ դեպքն էր, երբ Յակովն իր հորը հպարտացրեց: Վերջինս կնոջը ցույց էր տալիս Յակովի նկարը, որ արվել էր ինքնասպանությունից առաջ և ասում էր. «Նայի՛ր, ազնիվ մարդն իր վախճանին է մոտենում»:

 

Ստալինի մահից հետո Վասիլիին ձերբակալել են

Վասիլին գիտեր, որ ինքն առանձնապես հայտնի չէր: Նա կասկած չուներ, որ իր հոր մահի նույն վայրկյանից նա վտանգի մեջ կհայտնվի և նա ճիշտ էր:

Ստալինը մահացավ 1953 թ., իսկ Վասիլիին անմիջապես ձերբակալեցին պետական գույքի յուրացման համար: Մի աղջկա սիրահետելու համար նա սպորտային համալիր էր կառուցել, որտեղ Ռուսաստանի ամենամեծ լողավազանն էր տեղակայված: Վասիլին դա արել էր Սովետական օդային ուժերի համար նախատեսված գումարով:

Խրուշչովն ազատեց Վասիլիին 1960 թ., սակայն ուղիղ մեկ տարի անց նա կրկին հետ գնաց բանտ՝ ճանապարհային պատահարի պատճառով: Ազատ արձակվելուց հետո նա աքսորվեց Կազան:

Վասիլին շուտ մահացավ՝ իր հետ տանելով ողջ ժողովրդի ատելությունը: Մահվան պատճառը տարիների ընթացքում զարգացած քրոնիկ ալկոհոլամոլությունն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել