Նոբելյան մրցանակն անվանված է Ալֆրեդ Նոբելի՝ շվեդ ինժեների՝ դինամիտի գյուտի հեղինակի պատվին: Իր ողջ կյանքի ընթացքում նա խոշոր գումարներ է աշխատել և մահից առաջ պատվիրել է յուրաքանչյուր տարի գումարային պարգևատրում տալ այն մարդկանց, ովքեր գիտության ոլորտում մեծ ներդրումներ են ունենում: Պարգևատրվող գիտական ոլորտներն էին ֆիզիկան, քիմիան, ֆիզիոլոգիան, բժշկությունը, գրականությունը, տնտեսությունը, խաղաղությունը: Ի դեպ՝ տնտեսությունն այս շարքում ավելացվել է 1969 թ. շվեյցարական բանկի կողմից: Տարօրինակ է այս շարքում չտեսնելը մաթեմատիկա անվանումը. չէ՞ որ դեռ դպրոցի առաջին դասարանից մեզ ասում են, որ մաթեմատիկան կարևորագույն գիտություն է և տիրում է ողջ աշխարհին:
Ամենատարածված և հավանական վարկածն այն բանի, թե ինչու այս բնագավառների մեջ Ալֆրեդ Նոբելը չի ընդգրկել մաթեմատիկան, այն է, որ մի գեղեցիկ օր գյուտարարը իմացել է իր կնոջ՝ հայտնի մաթեմատիկոսի հետ դավաճանության մասին: Իր ողջ կյանքի ընթացքում Նոբելը հիշել է այդ դեպքը և որոշել է պատժել բոլոր մաթեմատիկոսներին՝ պարգևատրումների շարքում չմտցնելով նրանց բնագավառը: Սակայն սա միայն վարկած է, քանի որ, խորությամբ ուսումնասիրելով Ալֆրեդ Նոբելի կյանքը, պարզ է դառնում, որ նա երբեք ամուսնացած չի եղել: Միևնույն ժամանակ հավանական է նաև, որ դա ոչ թե նրա կինն է եղել, այլ՝ ուղղակի սիրելի աղջիկը:
Շվեդը մի անգամ խնդրել է Ալեքսանդրա անունով մի աղջկա ձեռքը, սակայն մերժում է ստացել: Չկա ոչ մի հիմք կարծելու, որ ավելի ուշ Ալեքսանդրան իսկապես ամուսնացել է նրա հետ: Վարկած կա նաև, որ աղջիկը ոչ թե մերժել է Ալֆրեդին, այլ մահացել է հիվանդության հետևանքով: Ամեն դեպքում, այս ամենը պատահել է երիտասարդ տարիքում, իսկ, ինչպես հայտնի է, ժամանակը բուժում է: Այնպես որ, դժվար թե գյուտարարն ամբողջ կյանքի ընթացքում նեղացած լինի աղջկանից:
Վկայություն կա, որ Ալֆրեդ Նոբելը որոշ ժամանակ շփվել է իր քարտուղարուհի Բերտա Կինսկիի հետ, սակայն ավելի ուշ վերջինս հեռացել է և ամուսնացել ուրիշի հետ: Սակայն Ալֆրեդն ու Բերտան ավելի շատ նման էին լավ ընկերների, այլ ոչ սիրահարների, անգամ նամակագրական կապ են պահպանել Բերտայի հեռանալուց հետո: Հենց այդ պատճառով էլ ոչ մի նեղացվածության և վրեժի մասին խոսք գնալ չի կարող:
1876 թ. Նոբելը ծանոթացել է Սոֆի Հես անունով երիտասարդ աղջկա հետ, որը բարդ բնավորություն է ունեցել և երկար ժամանակ շանտաժի է ենթարկել Ալֆրեդին, որպեսզի ամուսնանար նրա հետ: Նամակագրության մեջ աղջիկն ինքն իրեն անվանում էր «Մադամ Սոֆի Նոբել»՝ մարդկանց գցելով շփոթմունքի մեջ: Որոշ ժամանակ անց Նոբելն ու Սոֆին դադարել են շփվել, և աղջիկն ամուսնացել է կապիտանի հետ, որն էլ կա՛մ կնոջը թողել է երեխայի ծնունդից հետո, կա՛մ ուղղակի խորտակվել է: Այս դեպքում էլ չի կարելի խոսել Ալֆրեդի ու Նոբելի վատ հարաբերությունների մասին, քանի որ մինչ կյանքի վերջը Նոբելը հոգ է տարել Սոֆիի և նրա երեխայի մասին: Ալֆրեդ Նոբելի կյանքում այլ կանանց գոյության մասին այլևս վկայություններ չկան:
Եվ եթե վարկածներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, ապա ո՞րն էր պատճառը մաթեմատիկան պարգևատրվող բնագավառների ցանկում չներգրավելու:
Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ այդ տարիներին արդեն իսկ գոյություն ուներ մրցանակ մաթեմատիկայի բնագավառի համար, և Ալֆրեդ Նոբելը չէր ցանկանում մրցել դրա հետ:
Սակայն, ամենայն հավանականությամբ, Ալֆրեդ Նոբելն ուղղակի չի դիտել մաթեմատիկան որպես գիտություն, որում հետագայում որևէ հայտնագործություններ կարելի է անել: Նա հետաքրքրվում էր ֆիզիկայով, քիմիայով և գրականությամբ, որոնց վերաբերյալ շատ աշխատություններ ունի: Նա չէր վիճարկում նաև բժշկության կարևորությունը մարդկության համար: Իսկ ահա մաթեմատիկան, որտեղ վաղուց որևէ հայտնագործություն չէր արվել, նա առաջ ընթացող գիտություն չէր համարում: Ստացվում է՝ Ալֆրեդ Նոբելն ուղղակի ցանկ էր կազմել այն գիտությունների, որոնք, ըստ նրա, արժանի էին հատուկ ուշադրության: