1. «Համար մեկ»․ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և շատ անկախ մարդկանց նշան է։ Իրենց ինքնաբավությունն ունի միմյանց հակասող երկու կողմեր․ մի կողմից նրանք ինքնավստահ անձնավորություններն են, որոնք հաճախ օրինակ են ծառայում շրջապատի համար, մյուս կողմից էլ ծայրահեղ անհատականություններ և եսասերներ են, որոնք պատրաստ չեն հաշվի նստել ուրիշի կարծիքի հետ։ Հաճախ հանդես են գալիս առաջնորդների և նախաձեռնողի դերում իրենց նորարարական ոգու և վճռականության շնորհիվ։ Նրանք բավականին հավակնոտ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նվիրական նպատակին հասնելու համար։

Բացասական հատկանիշներն են՝ գոռոզամտությունն ու համառությունը։ Իրենց բնորոշ զսպվածության պատճառով նրանց շատ բարդ է ցույց տալ (նույնիսկ ամենամոտ մարդկանց) զգացմունքների ամբողջական խորությունը։

 

2. Այս օրը ծնվում են գերզգայուն մարդիկ։ Նրանք կարևորում են նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդկանց ցանկացած խնդրանքը։ «Երկուսը» հավասարակշռության և ամուր միության նշան է։ Նրանք հրաշալի գործընկերներ են, կոլեգաներ, ընկերներ և կյանքի ուղեկիցներ։ Նրանց սիրո պատմությունը նման է հեքիաթի։ Հաճախ այս մարդիկ հանդես են գալիս որպես միջնորդներ և դատավորներ՝ նրանք հրաշալի դիվանագետներ են, անկեղծ են, դաստիարակված, զգայուն։ Ի դեպ, այս սրբազան թվին են պատկանում արվեստագետներն ու ռոմանտիկները։ Նրանց չափից ավելի համեստությունը հաճախ ամենամեծ խոչընդոտն է հանդիսանում կարևորագույն խնդիրներ լուծելու հարցում։ Զգայուն բնավորության մյուս ծայրահեղությունն է ընկճախտի մեջ հայտնվելու հակումը։

 

3. «Երեքը» գեղարվեստական երևակայության, ստեղծարար ինտելեկտի, մարդամոտության և կարեկցանքի նշան է։ Սա համագործակցության և չեզոքության խորհրդանիշ է։ Ամսի երեքին ծնվում են անխոնջ լավատեսները, որոնք կարող են երջանիկ լինել և վայելել կյանքը։ Նրանք հրաշալի հումորի զգացում ունեն, օժտված են հիանալի ինտուիցիայով, որի շնորհիվ կատարելապես բացահայտում են ամենակարևոր մտքերն ու գաղափարները։ Նրանց կարծիքը հաստատ արժե հաշվի առնել։ Սակայն երբեմն նրանց զգայունությունը ծայրահեղության հակառակ կողմն է անցնում։ Տխրության պահերին նրանք հակված են չափազանցնել աննշան խնդիրները։

 

4. Պատասխանատու, բարեխիղճ, լուրջ, հուսալի մարդիկ, որոնք չեն խուսափում բարդ խնդիրներ լուծելուց։ Շրջապատող մարդիկ դա միանգամից զգում են, և իզուր չէ, որ «չորսերին» հաճախ են դիմում օգնության խնդրանքով, և հաստատ անպատասխան չեն մնում։ Այս օրը ծնված մարդիկ փայլուն գործարարի համբավ ունեն։ Սեփական աշխատանքով նրանք ունակ են մի մեծ կարողություն ստեղծել, և թվում է, թե չկա այնպիսի մի աշխատանք, որն իրենք չեն կարող կատարել։ Նրանք ձգտում են ճշգրիտ գիտությունների ուսումնասիորությանը։ Այս մարդիկ գիտակցաբար են վերաբերվում ցանկացած անհաջողություններին՝ անկումներն ընկալելով որպես կյանքի փորձի անբաժանելի մի մաս։ Սեփական սխալներից կարողանումն են ճիշտ հետևություններ անել, իսկ հետագայում նաև օգուտ քաղել։ Ավելին՝ յուրաքանչյուր բարդություններն ու խոչընդոտները միայն ստիպում են նրանց առանց ջանքեր խնայելու հասնել ցանկացած արդյունքի։

 

5. «Հինգը» ազատության խորհրդանիշ է։ Այս օրը ծնված մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես օգտագործեն և տնօրինեն այն ըստ պահանջի։ «Հինգը» ճանապարհորդների և արկածասերների, շատ մարդամոտ, հետաքրքրասեր և ունիվերսալ մարդկանց նշան է։ Սա հանճարների նշան է։ Նրանք, ովքեր լույս աշխարհ են եկել ամսի հինգին հակված են խորհրդավորության։ Նրանց գրավում է ամեն խորհրդավորը, անհայտը, տարօրինակը․․․ Կարևոր խորհուրդը, որը կարելի տալ «հինգերին»՝ կանգ առեք մի փոքր։ Հապճեպ եզրակացություններ մի արեք և մի արագացրեք իրադարձությունները։ Ձեր անհամբեր բնավորությունը, արագ որոշումներ կայացնելու միտումը կարող են չար կատակ խաղալ և դժբախտացնել Ձեզ։

 

6.Սա սիրո և փոխըմբռնման, ազնվության և հավատարմության, ընտանիքի և ընկերության նշան է։ Այս օրը ծնված մարդկանց մոտ շատ զարգացած է պատասխանատվության զգացողությունը, գեղարվեստական տաղանդը, հումանիտար գիտությունների հանդեպ ձգտումը։ Նրանք մեծահոգի են, տնակյաց, օգնում են ուրիշներին թե խորհուրդներով, թե գումարով։ «Վեցերը» հրաշալի ընկերներ են, որոնց կարելի է վստահել ամենակարեւոր գաղտնիքները։ Այս թիվը կապված է նաև կուրացնող խանդի և սեփականատիրոջ մտածելակերպի հետ։ Նրանք բավականին համառ են, աներես և ենթարկվում են շողոքորթությանը։

 

7. Իմաստության և գիտակցության նշան է։ Պատահական չէ, որ հաջողակ այս օրը ծնված մարդիկ սիրում են կարդալ, պատրաստ են միշտ ինչ-որ նոր բան սովորել և կապել կյանքը մտավոր գործունեության հետ։ Գիտությունների և գյուտերի նկատմամբ հսկա ներուժ ունեն։ Կատարելապաշտներ են, սիրում են միայնությունը։ Բացասական հատկանիշներն են՝ գաղտնիությունը, վիճելու նկատմամբ կիրքը, մեկուսանալու հակումը, համառությունը, դյուրագռգռությունը։

 

8․ Սա իշխանության, հովանավորչության, գործնական ունակությունների և կառավարման նշան է։ Այս մարդիկ հաճախ գտնում են իրենց քաղաքականության ոլորտում, դառնում են կորպորատիվ կառավարման ոլորտի փորձագետներ և բավականին հարմարավետ են իրենց զգում իշխանավորի դերում։ Նրանք եսակենտրոն, գովասանք և համընդհանուր ճանաչում սիրող մարդիկ են։ Սա այն թիվն է, որը բարձր եկամուտ և նյութական հաջողություններ է խորհրդանշում։ Մի փորձեք խղճահարություն և մեղքի զգացում հայցել նրանցից՝ խղճի խայթը խորթ երևույթ է «ութերի» համար։ Բացասական հատկությունները՝ չափազանց հավակնությունը, ստորադասի նկատմամբ կոպտությունը և անհամբերատարությունը մարդկանց նկատմամբ։ Մեծ գումարները և գլխակորույս հասույթը կարող են փչացնել «ութերին»։

 

9․Օրացույցի ամենազգայուն ներկայացուցիչներից մեկը։ Նվիրված ընկերներ, կյանքի ռոմանտիկ ուղեկիցներ, շահագրգիռ գործընկերներ։ Նրանց մոտ զարգացած է գրելու տաղանդը։ Ամենավառ հատկանիշը՝ առատաձեռնությունը։ Այս հատկությունը նշում են բոլոր նրանք, ովքեր ծանոթ են «իների» հետ։ Նրանք հեշտությամբ ներում են վիրավորանքները և ներողամիտ են ուրիշների թերությունների նկատմամբ։ Բարեխիղճ աշխատակիցներ են, որոնք երբեք բաց չեն թողնի նոր նախագծերը։ Միակ բանը, որ նրանց պակասում է՝ սեփական միջոցների նկատմամբ մեծ ուշադրությունն է։ Ցանկացած չափի գումարը մեկ ակնթարթում անհետանում է նրանց ձեռքից։

 

10․ Ամենահակասական թվերից մեկն է։ Երկու սրբազան նիշերի համադրություն է, որոնց իմաստը նշանակում է՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Այս մարդիկ գործում են պարզ․ նրանք խուսափում են ինտրիգներից, բարդ շրջադարձերից և խորամանկ պլաններից և միշտ ընտրում են ամենապարզ և ճիշտ ճանապարհը։ Նրանք մեծ սիրտ ունեն և մաքուր հոգի։ Հայտնի են իրենց ընկերական շրջապատում և միշը իրենց կողմ են ձգում շրջապատի մարդկանց։ Խորհուրդ «տասերին»՝ պատկերացրեք ձեր նպատակներն ու երազանքները․ Դուք պետք է մանրամասն ուսումնասիրեք դրանք, որպեսզի կատարվեն։

 

11․ Ոչ մի այլ թիվ այսքան ուժեղ հոգևոր բաղկացուցիչ։ Դեռ մանկուց այս մարդիկ ընտրում են իրենց համար ներքին զարգացման և գթասրտության ճանապարհը։ Նյութական արժեքները նրանց համար վերջին տեղում են՝ առաջին հերթին նրանք մտածում են իրենց հոգու մասին։ Այս մարդիկ գիտակցում են խոսքի ուժը, այդ իսկ պատճառով երբեք իզուր խոստումներ ու խորհուրդներ չեն տալիս։ Իսկապես արժե հաշվի առնել իրենց կարծիքը և համոզված լինել, քանի որ նրանք արդեն հասցրել են գնահատել այս տեսակ որոշում ընդունելու հնարավոր հետևանքները։

 

12․ Ամսի 12-ին ծնված մարդիկ «1» թվանշանից վերցրել են կամքի ուժը, դրական մտածելակերպը և անմար էներգիան։ Իսկ երկուսից՝ ներքին ներդաշնակությունը, ուժերի հավասարակշռությունը, կազմակերպչական փայլուն տաղանդը և հաղորդակցման հմտությունները։ «Տասներկուսը» մարդկության համար սուրբ թվանշան է, և չի կարելի մոռանալ այդ փաստի մասին։ Ավելի քան հազար տարի առաջ այս թիվը ընտրվեց օրվա ժամը, տարին ամիսների բաժանելու և երկարության չափը որոշելու համար։ Պատահական չէ, որ հենց այս մարդիկ են կատարում կարևոր առաքելությունները՝ նրանք կարող են դեպի լավը փոխել աշխարհը։

 

13․ Ամենավիճելի թիվն է, որը տրանսֆորմացիայի փուլ է նշանակում։ Այս մարդիկ ոչ ոքի անտարբեր չեն թողնի։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում կատարելության են ձգտում, նրանց կյանքում անընդհատ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում՝ թե անձնական, թե գործնական ասպարեզում։ «Կայունությունը» հաստատ նրանց բառապաշարի հետ կապ չունեցող բառ է։ Բացասական հատկանիշերից է անհանդուրժողականությունը մյուսների նկատմամբ։ Խոշոր վեճից հետո նրանք հազվադեպ են որևիցե շանս տալիս, նույնիսկ եթե անձը ակնհայտ արժանի է այդ հնարավորությանը։ Բացի այդ նրանք բավականին ալարկոտ են, ինչը հաճախ խանգարում է նրանց նպատակներին հասնելու համար։

 

14․ Այս թիվը պատկանում է այն մարդկանց, որոնք հավատում են կատարյալ ազատությանը առանց որևիցե սահմանափակումների։ Անգամ մի փորձեք սահմանափակել նրանց ինչ-որ հարցում, այլապես նրանք կկորչեն Ձեր կյանքից ընդմիշտ։ Բավականին տաքարյուն են, կորցնում են վերահսկողությունը բարկության պահին, որի համար, սակայն, հետագայում զղջում են։ Շատ շուտ են սիրահարվում, նույնիսկ կայուն հարաբերություններում գտնելով՝ միշտ ունեն ինչ-որ մեկին աչքի տակ։ Ավելի կրքոտ սիրեկաններ դժվար է գտնելը։

 

Այս օրը ծնված մարդիկ երբեմն բիզնեսում ֆինանսական կորուստներ են ունենում։ Նրանք պետք է ավելի խնայողաբար վերաբերվեն իրենց նյութական կարողությանը, և ավելի լավ է վստահել ֆինանսների կառավարումը հուսալի գործընկերոջը, որի աուրան ունակ է խափանել բացասական իրադարձությունները։

 

15․ Այս թվի ներքո ծնվում են գյուտարարներն ու երազկոտները։ Նրանք բնությունից օժտված են բազմաթիվ տաղանդներով՝ սկսած տեխնիկականից մինչ բանաստեղծական, և որոնցից շատերը կարող են մեծ հաջողություն գրանցել ընտրած մասնագիտության մեջ։ Սակայն ամենաբարդ խնդիրները լուծելու համար նրանք չունեն բավարար համբերություն և ինքնատիրապետում։ Ցանկացած բարդության և խնդրի շատ լուրջ են վերաբերում։ Սակայն բացահայտ չեն արտահայտում իրենց դժգոհությունը՝ նախընտրելով ուղղակի լռել։ Նրանք ծայրահեղ զգայուն են և ցավագին են արձագանքում ամենաչնչին քննադատությանը։ Այս մարդկանց մոտ զարգացած է կարեկցանքի և գթասրտության զգացողությունը։ Նրանք ավելի ազդեցիկ են ուրիշների ցավի նկատմամբ, քան շատ-շատերը․ նրանք դժվարությամբ են համակերպվում թույլ և անօգնական մարդկանց ճնշման փաստի հետ։

 

16․ Այս թիվն ասում է, որ իր տերը խորը վերլուծող անձնավորություն է, և երբեք չի մատնի իրական զգացմունքները։ Պատասխանատու, դաստիարակված, ընկալունակ, առատաձեռն, իր տեսակի մեջ խորհրդավոր և անկախ։ Հրաշալի ինտուիցիայի տեր։ Երիտասարդ տարիքում չի վախենում արտահայտել սեփական կարծիքը բացահայտ և ցանկացած առիթով, սակայն, ցավոք, հետագայում ամենագետի համբավի է արժանանում։ Տարիների ընթացքում ավելի զուսպ է դառնում՝ փակ, զգույշ և քիչ շփվող։ Տանել չի կարող անլրջությունը. եթե որոշել է հարաբերություններ սկսել, ապա նրա զգացմունքները ուժեղ են և լուրջ։ Նա շատ զգայուն և անձնվեր զուգընկեր է։

 

17․ Որքա՜ն դիմացկուն են նրանք։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես են այդպիսի ֆիզիկական տվյալները զուգորդվում խոցելի հոգու հետ։ Ուզու՞մ եք նվաճել նրանց սիրտը։ Անկեղծորեն արտահայտեք Ձեր սերն ու քնքշանքը։ «Տասնյոթերը» չեն սիրում սուտն ու կեղծավորությունը։ Դեռ մանկուց նրանց նուրբ բնավորությունը չի հանդուրժում քննադատությունը։ Նրանք դժվարությամբ են համակերպվում բացասական պատասխանի հետ. «ոչ»-ը նրանց բարկացնում է, նույնիսկ ագրեսիվ դարձնում։ Եթե նրանք հավատում են ինչ-որ բանի, ապա անհնար է նրանց հակառակը համոզել։ Սիրում են ուշադրության կենտրոնում լինել, հաճախ որպես մուսա են հանդես գալիս կամ ոգեշնչման աղբյուր են դառնում ստեղծագործ մարդկանց համար։

 

18․ Արդարության համար պայքարողների նշան է։ Այս մարդիկ պատրաստ են մինչև վերջ պաշտպանել ոչ միայն սեփական, այլ նաև իրենց ընկերների և կոլեգաների
շահերը։ Նաև նրանք բավականին պահպանողական են՝ ցանկացած գործում հիմնվում են բացառապես սեփական փորձի և գիտելիքների վրա, հազվադեպ են լսում ուրիշների կարծիքները։ Սա ազնվականների թիվ է։ Նրանք տառապանքների միջով կանցնեն և նույնիսկ ընկճախտի մեջ կընկնեն, եթե որևիցե պատճառներով նրանց հեղինակությունը նվազի, և կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի վերականգնեն այն։ Այս մարդկանց միշտ անհանգստացնում է իրենց արտաքին տեսքը և այն, թե որքան գրավիչ են համարում իրենց շրջապատում։ Հազվադեպ են հայտնվում ծիծաղելի և զվարճալի իրավիճակներում, քանի որ սովոր են շատ զգույշ գործել։ Սիրային հարաբերություններում ամենից վեր համարում են փոխադարձ հարգանքը։ Հաճախ այս մարդիկ խորը զգացմունքային կապ ունեն իրենց մայրերի հետ, ում բարոյական աջակացությունն ու խրախուսումը շատ կարևոր է։

 

19․ Նրանց կյանքի սցենարը հայելիների թագավորություն է հիշեցնում։ Նրանք պետք է ուշադիր լինեն խոսքերի և արարքների մեջ։ Ոչ մի արարք՝ թե ստոր, թե բարի նպատակներով, անհետ չի անցնում նրանց համար․ ճակատագիրն անընդհատ արտացոլում և վերադարձնում է հարյուրապատիկը։ Հաճախ վճարում են անցյալի սխալների համար։ Նախընտրում են կայունությունը՝ ընտանիքում և աշխատավայրում։ Նրանց համար արժեք ունի միան այն բանը, ինչին որ կարելի է դիպչել։

 

20․ Չեն հանդուրժում միայնությունը․ որքան շատ մարդ է նրանց շրջապատում, այնքան ավելի լավ։ Գերազանց հռետորներ են և հավատարիմ ընկերներ։ Սիրում են աղմկոտ երեկույթներ, համերգներ։ Հյուրասեր են, ռոմանտիկ։ Սիրում են երաժշտություն, պար, ունեն մեծ ստեղծագործական պոտենցիալ։ Նրանց երազանքները գրեթե միշտ կատարվում են, սակայն երբեմն բողոքում են և դժգոհ են իրենց ձեռքբերումներից։ Հեշտությամբ են ընկնում ուրիշների ազդեցության տակ։

 

21․ Նրանք սիրում են կյանքը և պատրաստ են ամեն օր շնորհակալ լինել իրենց գոյության համար։ Հիմնականում հարուստ ընտանիքներից են։ Կենտրոնացած են փողի վրա, որը ակնհայտ սիրում են։ Նրանցից հրաշալի տնտեսագետներ, բանկիրներ, ֆինանսիստներ կլինեն։ Արժե վստահել ընտանեկան ամբողջ բյուջեի տնտեսումը։ Կարևորում են սեփական կարգավիճակը հասարակության մեջ։ Նրանց թուլությունը սեքսն է։ Նրանք ունակ են առանձնացնել իրական զգացմունքը կենդանական բնազդից, և այս պատճառով եթե նույնիսկ դավաճանում են սիրելիին, ապա անում են դա միայն բնազդաբար՝ լարվածությունից ազատվելու նպատակով։

 

22․ Լուսավորության և գիտության թիվն է։ Այս մարդիկ սիրում են սովորեցնել ուրիշներին, և դա նրանց մոտ շատ լավ է ստացվում։ Մանկավարժությունն ու դասախոսական աշխատանքը կարծես ստեղծված է իրենց համար։ Չեն խուսափում պատասխանատվություն ստանձնել իրենց ասած ամեն խոսքի համար։ Այս մարդկանց անպայման պետք է գովել և խրախուսել։ Այս մարդիկ հաղթող են, սակայն հաջողությունների են հասնում միայն լարված աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե պատահական։ Այս մարդկանց թվում շատ բարերարներ և բարեգործներ կան։

 


23․ Այս խորհրդավոր թիվն իր մեջ կրում է արկածների և անընդմեջ առաջ շարժվելու մոլուցքը։ Այս օրը ծնվածները քաջ են, նպատակասլաց, համառ, մարդամոտ։ Մեծ հաջողություններ ունեն բիզնեսում, ֆինանսական սեկտորում և նորարարության ոլորտում՝ չնայած նրանց տաղանդները բազմազան են, և նրանք կարող են կայանալ գրեթե ցանկացած մասնագիտության մեջ։ Նրանք լի են լավատեսությամբ, խանդավառությամբ և հետաքրքրասիրությամբ։ Կարևորագույն նրանց համար ազատությունն է, և նրանք չեն սիրում հաշվետու լինել։

 

24․ Սա անվտանգության և հավատարմության խորհրդանիշ է։ Չկա ավելի ուշադիր և զգուշավոր ներկայացուցիչ, քան այս օրը ծնված մարդիկ։ Նույնիսկ աննշան քայլ կամ որևիցե արարք անելուց առաջ նրանք անպայման կկշռեն բոլոր կողմ և դեմ տարբերակները, կգնահատեն հնարավոր ռիսկերը, և միայն դրանից հետո որոշում կկայացնեն։ Նրանց կյանքում կարևորագույն տեղ է զբաղեցնում սնունդը։ Ընդ որում, դա արտահայտվում է տարբեր ձևերով։ Նրանք կարող են բացել սեփական ռեստորանը կամ դառնալ հայտնի խոհարար։ Նրանց օրինակելի կարգապահությանը կարելի է միայն նախանձել։

 

25․ Այս մարդկանց կյանքը տնօրինում է ինտուիցիան, որը սահմանում է հոգևոր ուժերի և կանխատեսումների հետ։ Աներևակայելի զգայուն մարդիկ են, և նրանց կարծիքը չի կարելի անտեսել։ Եթե նա վերջին վայրկյանին փոխեց որոշումը, քանզի ինչ-որ վատ բան է կանխազգում, ապա ավելի լավ է ենթարկվել առանց առարկելու։

 

26․ Երկուս ու վեցը գումարելիս ստանում ենք ութ՝ երկու փակ շրջան, որոնք անվերջության նշան են։ Նրանք ամենահավատարիմ ընկերներն ու ամուսիններն են։ Նրանք հանդես են գալիս հովանավորների դերում, քանի որ ունեն դրա համար բոլոր տվյալները՝ կամքի ուժ, հզոր էներգիա, ղեկավարելու տաղանդ, զգայունություն։ Բացասական կողմերն են՝ փառասիրությունը և անսահման իշխանության մոլուցքը։ Այս մարդիկ կարգ ու կանոն են նախընտրում, և նրանց տանը միշտ մաքրություն և գեղեցկություն է տիրում։

 

27․ Այս մարդիկ օժտված են բուժելու, ամոքելու զորությամբ։ Այս թվի ներկայացուցիչները գտնում են իրենց կոչումը բժշկության և առողջապահության ոլորտում։ Նրանք հրաշալի ամոքիչներ են, հաճախ՝ այլընտրանքային թերապիայի կողմնակիցներ։ Նրանք էմոցիոնալ են, զգայուն, ունակ են խորը կարեկցանքի. մտերիմների նկատմամբ հոգատարությունը զգում են հոգու յուրաքանչյուր բջիջով։ Երբեք չեն հուսահատվում, կյանքի փարձից դասեր են քաղում և հեշտությամբ կարող են ամեն ինչ սկսել նորից։ Անհամբեր են, ինքնահավան։

 

28․ Այս թիվը օրենք է խորհրդանշում։ Այս մարդիկ օժտված են պատասխանատվության զգացումով։ Նրանք միշտ կոչ են անում բոլորին հետևել սահմանված կանոններին։ Հիանալի դատավորներ կամ իրավագիտության բնագավառի աշխատակիցներ են։ Սակայն երբեք իրենց մեղավոր չեն զգում և չեն ընդունում սեփական սխալները, նախընտրում են մեղադրել շրջապատող մարդկանց։

 

29․ Էմոցիոնալ հսկայական ներուժի թվանշան։ Այս մարդիկ շատ ծայրահեղ են՝ այսօր սիրում են, իսկ վաղը՝ ատում։ Պատճառը թվերն են՝ «երկուսը» խաղաղարարների և դիվանագետների նշան է, իսկ «ինը» ՝ արկածախնդիրների։ Ֆինանսական առումով նրանց բախտը միշտ բերում է. հեշտությամբ են մեծ գումարներ վաստակում, շահում տարատեսակ վիճակախաղերում։ Իսկ անձնական կյանքը փոքր-ինչ աշխատանք է պահանջում։ Նրանք անընդհատ սիրահարվում են «սխալ մարդկանց» և զուգընկերոջ կողքին հաճախ տառապում են անպաշտպանության զգացումից։

 

30․ Գործարար, անկախ և կամքի ուժ ունեցող մարդկանց թվանշան։ Ֆանտաստիկ հիշողության տեր են, ունակ են կենտրոնանալ՝ անջատվելով շրջակա միջավայրից։ Նրանց ինտելեկտի հնարավորությունները հսկայական են, իսկ նրբանկատությունն ու ուղեղի արագությունը օգնում են լուծել ամենաբարդ խնդիրները։ Նրանց կյանքը լի է իրադարձություններով։ Եթե անկողմնակալ կարծիքի կարիքն ունեք, ապա խորհուրդ հարցրեք ամսի 30-ին ծնվածներից։ Նրանք չեն վարանի ձեր երեսին ասել ողջ ճշմարտությունը և լավ խորհուրդ տալ։

 

31․ Սա նպատակասլաց և անկախ մարդկանց նշան է։ Բաց չեն թողնում ոչ մի հնարավորություն, որն իրենց ընձեռել է կյանքը։ Ցանկացած սկսած գործ կատարյալ ավարտին են հասցնում։ Այս հատկությունն օգնում է նրանց բարձր դիրք զբաղեցնել հասարակության մեջ։ Ամենահամարձակ ծրագրերի հրաշալի կազմակերպիչներն են։ Միշտ նոր ճանապարհներ և ուղղություններ են փնտրում։ Գնահատում են կայունությունն ու հավատարմությունը։ Մի փորձեք խաբել նրանց, ընդմիշտ կկորցնեք իրենց վստահությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել