Newmag.am-ը գրում է.

Տասնչորս տարեկան էի, երբ սովորում էի Ապ­պենցել գավառի վարժարանում: Գրող Ռոբերտ Վալ­զերը Հերիսաուի հոգեբուժարանում անցկացրած տարիներին հաճախ էր զբոսնում մեր կողմերում: Նա վախճանվեց ձյան մեջ: Նկարներում պարզ երևում էր ձյան մեջ խրված նրա մարմնի հետքը: Մենք չէինք ճանաչում նրան: Նույնիսկ գրականության մեր ուսու­ցիչը նրան չէր ճանաչում: Երբեմն միտք եմ անում, որ գրեթե երեսուն տարի Հերիսաուի հոգեբուժարանում անցկացնելուց հետո Ապպենցելի ձյան բնական շի­րիմում սեփական մահկանացուն կնքելը հավանա­բար երանություն է: Եթե մենք իմանայինք Վալզերի մասին, գոնե ծաղիկներ կքաղեինք նրա համար: Ան­գամ Կանտն է հուզվել, երբ մահից առաջ մի անծանո­թուհի վարդ է նվիրել նրան: Ապպենցելում ամեն ինչ մարդուն կարծես զբոսանքի է տրամադրում: Ալ կար­միր, փարթամ ծաղիկներով զարդարված, ճերմա­կաերիզ փոքրիկ պատուհաններին նայելիս թվում է, թե դրանց հետևում մի ամբողջ արևադարձային ան­տառ է փթթում, պարզապես անտեսանելի շղթաները զսպում են, որ դուրս չպրծնի: Տպավորություն է, թե ինչ–որ մթին ու անառողջ իրադարձություններ են կա­տարվում այնտեղ: Այդ անառողջ միջավայրը երանելի Արկադիայի կերպարանքն էր ընդունել: Թվում էր, թե այնտեղ մահվան խաղաղություն ու անդորր էր տի­րում: Ճերմակ ծաղիկների ցնծություն: Իսկ պատու­հաններից այն կողմ՝ հրապուրիչ մի բնապատկեր, և դա բնավ պատրանք չէ, այլ Zwang, ինչպես ասում էին վարժարանում՝ կարգադրություն: Վարժարանում մենք գերմաներեն, ֆրանսերեն ու մշակույթի պատմություն էինք ուսանում: Ես չէի սովորում: Ֆրանսիական գրականությունից Բոդլե­րի անունն եմ հիշում միայն: Ամեն օր արթնանում էի առավոտյան հինգին ու մեկնում զբոսանքի: Բարձրա­նում էի վեր և լանջի մյուս կողմում՝ ներքևում, նայում էի ջրի ոլոր–մոլոր գծին: Դա Բոդենի լիճն էր: Նայում էի հորիզոնին, լճին, ու մտքովս չէր էլ անցնում, որ մոտ ապագայում լճի շրջակայքում գտնվող վարժարանը դառնալու էր իմ օրրանը: Ես խնձոր ուտելով քայլում էի: Մենակություն էի փնտրում, իսկ ավելի ստույգ՝ գո­յության կատարյալ վիճակ, ու միաժամանակ նախան­ձով էի լցվում աշխարհի անցուդարձի հանդեպ:

Մի օր, երբ բոլորս նստած էինք ճաշի սեղանի շուրջը, մի նոր աղջիկ մտավ վարժարան: Տասնհինգ տարեկան էր նա, մազերը շեղբի պես սուր էին ու փայ­լուն, հայացքը խիստ էր ու սևեռուն, քիթը՝ սուր, ու երբ ծիծաղում էր, մի բան, որ հազվադեպ էր լինում, կա­րելի էր տեսնել նրա սուրծայր ատամները: Ճակատը գեղեցիկ էր ու լայն և ասես տեսանելի էր դարձնում նրա մտքերը, նախնիներից ժառանգած տաղանդը, խելքը և հմայքը: Նա ոչ մեկի հետ չէր խոսում. խոր արհամարհանքը պարզորոշ դրոշմված էր նրա սառը դիմագծերին: Գուցե նրա ուշադրությունը նվաճե­լու ցանկությանս միակ պատճառը դա էր: Նրա կեց­վածքի մեջ մարդասիրության նշույլ անգամ չկար, թվում էր՝ այդ աղջիկը մարդկային ցեղի բոլոր ներ­կայացուցիչների հանդեպ միայն նողկանք է զգում: Ինձ թվում էր, որ իր բանականությամբ նա ինձնից մի քանի քայլ առաջ էր: Երբ սեղանից վեր կացանք, ես մոտեցա ու ասա­ցի. «Bonjour»: «Bonjour»,— կտրուկ պատասխանեց նա: Ես ներկայացա՝ նորակոչիկի պես հայտնելով անուն–ազգանունս, նա էլ՝ իր հերթին, ու այդքանով մեր խոսակցությունն ավարտվեց: Նա հեռացավ՝ ճա­շասենյակում աշխույժ խոսակցություններ վարող աղ­ջիկների հետ ինձ մենակ թողնելով: Մի իսպանուհի ոգևորված ինչ–որ բան էր պատմում, բայց ես բնավ չէի լսում նրան: Ականջիս հասնում էին միայն տարբեր լեզուների աղաղակող հնչյունները: Այդ օրը նորեկ աղջկան այլևս չտեսանք, բայց երեկոյան ճիշտ ժա­մին նա ներկայացավ ընթրիքի ու, ինչպես կարգն է, կանգնեց իր աթոռի հետևում: Անշարժ, քողարկված: Տնօրենը ձեռքով նշան արեց, բոլորս նստեցինք քար լռությամբ, որը շուտով վերածվեց զվարթ խոսակցու­թյան և ժխորի: Հաջորդ օրը նա ինձ առաջինը բա­րևեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել