Օրերս esyes.am-ն իր ընթերցողներին ներկայացրեց Սոնա Շահգելդյանի ֆրանսերեն երգըորը կոչվում էր «Le reve brise»: Երգչուհին այն ներկայացրել էր որպես իր նոր երգ: Երեկ նույն երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել երգչուհի Վարսան, և երգը կռվախնձոր է դարձել:

 

 

Ինչպես երևում է, այս ամենին առավել բուռն է արձագանքել Սոնա Շահգելդյանը, ով այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ...

Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է youtube-յան իմ ալիքում, արդեն ունի իր «տեսահոլովականման վիդեոն» ոմն երգչուհու կատարմամբ:

Երգի հեղինակը նույն ինքը Զարիֆյանն է, երգի ձայնագրված տարբերակն իմ մատուցմամբ է, և արդեն կար տեսահոլովակ նկարահանելու գաղափար և հանկարծ...

...վայ-երգչուհին ու ռեժիսորը բուսնեցին և աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է...

Մենք սա այսպես չենք թողնի... »:

esyes.am-ն այս մասին զրուցեց Վարսայի հետ, ով նշեց, որ երգի համար վճարել է և այն գնել դեռևս տարիներ առաջ. «Ես շատ հարգում եմ Նարինե Զարիֆյանին, ուղղակի անձնական խնդիրներ են եղել, ինչը, չգիտես ինչու, ազդեց գործունեության վրա: Սակայն ես այս երգը գնել եմ, այն իմն է, և ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Ես սիրում եմ այն, երգել եմ ու կերգեմ: Ինչ վերաբերում է մնացած  մեկնաբանություներին, ինձ համար դրանք զուտ ամբիցիաներ են, ագրեսիայի դրսևորում, ընդամենը՝ հիստերիա, և դա ընդհանրապես չի հուզում ինձ»:

Նշենք, որ արտերկրում երգիչները երգեր գնելիս պայմանագիր են կնքում հեղինակի հետ, որով սահմանվում է՝ հեղինակն այդուհետև իրավունք ունի՞ օգտագործել կամ վերավաճառել երգը, թե՞ բացառիկ իրավունքները փոխանցվում են երգչին: Հայաստանում այս պրակտիկան ընդունված չէ: Վարսան էլ նշեց, որ պայմանագիր չի կնքել: «Երգեր միայն Նարինե Զարիֆյանից չէ, որ ունեմ, համագործակցել եմ նաև Ավետ Բարսեղյանի, Արսեն Գրիգորյանի, ԴերՀովայի և այլոց հետ: Ոչ ոքի հետ պայմանագիր չեմ կնքել: Հայաստանում դա ընդունված չէ,- ասաց Վարսան ու նշեց, որ այսուհետև ևս չի պատրաստվում պայմանագիր կնքել, ուղղակի հետագայում կիմանա՝ ում հետ է աշխատում: - Ես երգելու եմ այս երգը, որովհետև դա իմ երգն է, եթե ուրիշն էլ է ցանկանում կատարել, թող ինքն էլ երգի, տեսահոլովակ նկարահանի: Ինձ համար բացարձակ միևնույնն է, դա ինձ չի հուզում»:

 

Սոնա Շահգելդյանը նաև ասել է, թե կփորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի Վարսայի տեսահոլովակը հեռուստատեսությամբ չցուցադրվի: Վարսան Սոնայի խոսքերի մասին հետևյալն ասաց. «Դա ընդամենը հիստերիայի դրսևորում է: Այլ կերպ ես դա չեմ հասկանում: Ինձ համար շատ ծիծաղելի է այս ամենը: Ես այլ ոճում եմ ապրում և չկամ այս սկանդալների մեջ: Եթե հեռուստաընկերությունները կորոշեն, որ տեսահոլովակս ցուցադրելն իրենց համար խնդիր է, թող չցուցադրեն, ես չեմ նեղանա: Հիմա ինտերնետի դար է, և ես արդեն տեղադրել եմ տեսահոլովակս Youtube-ի իմ էջում, արձագանքներն էլ շատ լավ են եղել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, դրանք ինձ բացարձակ չեն հուզում, իրենց է դա հուզում, թող իրենք էլ ինչպես ուզում են լուծեն իրենց հարցերը»:

Վարսան նշեց նաև, որ 2011 թվականին երգն արդեն ներբեռնված է եղել «vkontakte» սոցիալական ցանցում, 2012-ին էլ ներբեռնել է երգի հայերեն տարբերակը: «Շուտով նյութ կլինի այն մասին, որ ԵՊՀ-ում կայացած ֆրանսիական փառատոնի ժամանակ ևս ես նույն այդ երգն եմ ներկայացրել: Ընդ որում՝ փառատոնի կազմակերպիչներից մեկն էլ երգի խոսքերի հեղինակ Զավեն Հարությունյանն է եղել»,- եզրափակեց երգչուհին:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել