Վեհաժողովում գործում է Կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության արտաքին անկախ մարմին, և «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող զեկույցի հետևանքով մի քանի ազգային պատվիրակություններ շտապեցին «առողջացնել» իրենց պատվիրակությունները և ազատվել այս կամ այն կերպ Ադրբեջանի հետ կապ ունեցող իրենց պատգամավորներից: Նշեմ, որ նրանց թվում կան շատ ակնառու գործիչներ, ովքեր Վեհաժողովում զբաղեցնում էին լուրջ պաշտոններ: Նշեմ նրանցից մի քանիսին:
Եվ այսպես, Բելգիայի պատվիրակության կազմից հեռացվել է «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. ինչ սպասել մարդու իրավունքների հարգման տեսանկյունից» զեկույցի հեղինակ, Խավիարային դիվանագիտության սիրահար, բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը։
Գերմանիայի պատվիրակությունից հեռացվել է Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարին Շտրենցը, ով, ինչպես պարզվում է, Ադրբեջանից ստացել է ամսական 7500 եվրո աշխատավարձ:
Գերմանիայի պատվիրակության կազմում այլևս չկա պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը, ում մասին զեկույցում չնայած և չկան «խավիարասիրության» բացահայտ փաստեր, սակայն նա միշտ էլ աչքի է ընկել իր ջերմ կապերով այս թիմի հետ: Նշեմ, որ ԵԺԿ քաղաքական խմբի ղեկավարությունը մշտապես փոխանցվել է յուրայիններին` Լուկա Վոլոնտե, ապա Պեդրո Ագրամունտ, հետո` Աքսել Ֆիշեր: Կարծում եմ, Ֆիշերը փորձ է կատարում իր անունը մաքրելու և պատվիրակությունից դուրս է եկել հետագա սկանդալներից խուսափելու համար:
Եվ վերջապես, իբրև պարտության բացահայտ ընդունում` Ադրբեջանի պատվիրակությունից հեռացվել են «Խավիարային դիվանագիտության» անմիջական կատարողները, մարդիկ, ում անունները հրապարակվել են թե Վոլոնտեի հետ նամակագրական փաստերում և թե զեկույցներում: Էլհան Սուլեյմանով, Մուսլում Մամմադով ու Էլշան Մուսաև - նրանք այլևս Ստրասբուրգ չեն մեկնի:
Ինձ մնում է ավելացնել, որ այս հրաշալի միջավայրում չորեքշաբթի, հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Իրոք, Վեհաժողովը բռնել է ինքնամաքրման ուղին, և դեռ ապացուցելու է աշխարհին և հատկապես ադրբեջանցիներին, որ փողից առավել մեծ ուժ ունի ճշմարտությունը: