Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը եվրոպական պատմության մեջ ժամանակաշրջան է, որը հայտնի է մշակութային բազմապիսի վերափոխումներով: Վերածննդի դարաշրջանը փոխարինելու եկավ Միջին դարերին և դարձավ միջանկյալ շրջան վերջինիս ու Լուսավորության դարաշրջանի համար:

Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Վերածննդի կարևորագույն պահերն ու որոշ հետաքրքիր փաստեր պատմական այդ դարաշրջանի վերաբերյալ:

 

Կարճ՝ Վերածննդի դարաշրջանի մասին

Միանգամից չի կարելի ասել, որ եվրոպական մշակույթի Վերածննդի դարաշրջանը համաշխարհային նշանակություն ու տարածում է ունեցել: Ռենեսանսի սկզբի և ավարտի տարեթվերն անհնար է հստակորեն նշել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական տարբեր երկրների համար այդ տարեթվերը տարբերվում են: Սակայն ընդունված է համարել, որ Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում:

Իսկ ո՞րն է այս շրջանի առանձնահատկությունը: Նախևառաջ այն, որ միջնադարյան կրոնական ֆանատիզմին փոխարինելու եկան լուսավորական մշակույթն ու հումանիզմը:

Անտրոպոցենտրիզմը (գաղափար, ըստ որի՝ բոլոր մշակութային և գիտական հետազոտությունների կենտրոնում կանգնած է մարդը) դարձավ գերիշխող գաղափարախոսություն:

Հենց այս ժամանակ վերածնվեց հետաքրքրությունը մոռացված անտիկ մշակույթի նկատմամբ: Այստեղից էլ առաջացել է «Վերածնունդ» անվանումը:

Ռենեսանսի հիմնական ֆենոմենն այն էր, որ Բյուզանդական կայսրության անկումից հետո եվրոպական տարբեր պետություններ փախած բյուզանդացիները սկսեցին տարածել իրենց գրադարանները: Դրանցում կային բազմաթիվ անտիկ սկզբնաղբյուրներ, որոնք այն ժամանակ Եվրոպայում հայտնի չէին:

Քաղաքներում սկսեցին հայտնվել ու թափ հավաքել տարբեր գիտական և մշակութային կենտրոններ, որոնք գործում էին եկեղեցուց անկախ: Այս շարժումը սկսվեց Իտալիայում:

Վերածննդի դարաշրջանը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանի՝

1. Պրոտոռենեսանս (XIII դ. 2-րդ կես – XIV դ.)

2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)

3. Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)

4. Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)

Վստահությամբ կարելի է ասել, որ Եվրոպայի բոլոր երկրներում Վերածնունդն ունեցել է հսկայական ազդեցություն:

Ըստ էության՝ Վերածննդի դարաշրջանը ֆեոդալական հասարակական համակարգից բուրժուականին անցումն է: Հենց այդ ժամանակ ձևավորվեցին ազգային կառավարությունները, որոնց մեջ զարգացավ առևտուրը, և հաստատվեցին միջազգային դիվանագիտական հարաբերություններ:

Անհավանական տեմպերով զարգացավ գիտությունը և գրատպագրությունը: Աշխարհագրական հայտնագործությունները և բնագիտության առաջացումը մարդկության գիտակցության մեջ հեղափոխում արեցին: Հիմք դրվեց հետագա գիտական տեսությունների և բացահայտումների համար:  

Մարդը Վերածննդի ժամանակաշրջանում

Վերածննդի ժամանակշրջանի մարդը կտրականապես տարբերվում է միջնադարյան մարդուց: Նրան բնորոշ են ուժի հանդեպ հավատն ու մտքի ուժը, երկրպագությունը անբացատրելի պարգև հանդիսացող արվեստի նկատմամբ:

«Երիտասարդ կնոջ դիմանկարը», Սանդրո Բոտիչելի 

Հումանիզմն ուշադրության կենտրոն է բերում մարդու իմաստությունը և արժեքները՝ որպես բանական արարածի օրհնություն: Հենց սա էլ հանգեցնում է գիտության բուռն զարգացմանը:

Հումանիստներն իրենց պարտքն էին համարում անտիկ ժամանակաշրջանի գրականությունը տարածելը, քանի որ կարծում էին, որ գիտության ու գրականության մեջ էր իրական երջանկությունը:

Մի խոսքով՝ Վերածննդի դարաշրջանի մարդն ամեն կերպ փորձում էր զարգանալ և բարելավել իր մշակութային և գիտական գործունեությունը:  

Իսկ ինտելեկտը կարևորագույն տեղ էր զբաղեցնում մարդու համար: Այստեղից էլ առաջացել են հակակղերական տարբեր մտքեր, որոնք հաճախ դեմ էին կրոնին ու եկեղեցուն:

 

Վերածննդի գրականությունը

Վերածննդի գրականության հիմքը դրել է հանճարեղ Դանթե Ալիգիերին (1265-1321): Գրելով «Աստվածային կատակերգությունը»՝ նա, ըստ էության, բացահայտեց բոլոր ժամանակների մարդու էությունը:

Ֆրանչեսկո Պետրարկան (1304-1374) իր սոնետներում ներկայացնում է անձնուրաց սերը որպես կյանքի իմաստ: Ըստ նրա՝ մարդու ներքին աշխարհի հարստությունն անիմաստ է առանց անձնուրաց սիրո:

Վիլյամ Շեքսպիր. դիմանկար

Ընդհանուր առմամբ Վերածնունդն իր ողջ էությամբ ներկայացվում է Ջովանի Բոկաչոյի նովելներում, Նիկոլո Մաքիավելիի տրակտատներում, Լուդովիկո Արիոստոյի և Տորկվատո Տասոյի պոեմներում:

Ռենեսանսի այս ներկայացուցիչները մի շարքի վրա կանգնեցին հին հունական և հին հռոմեական ստեղծագործողների հետ:

Վերածննդի դարաշրջանում գրականությունը երկու տիպի էր բաժանվում՝ ազգային պոեզիա և անտիկ գրականություն: Այս երկու տիպերի միասնությունն է ստեղծում հետաքրքիր, կիսաֆանտաստիկ աշխատություններ, ինչպիսին է «Դոն Կիխոտը»:

Հայտնի են դառնում դրաման և թատրոնը: Առավել հայտնի դրամատուրգներ էին անգլիացի Ուիլյամ Շեքսպիրը  և իսպանացի Լոպե դե Վեգան:

 

Վերածննդի դարաշրջանի նկարիչները

Անկասկած, Վերածննդի դարաշրջանի նկարիչները մեծ ուշադրության են արժանի:

Սանդրո Բոտիչելին Ռենեսանսի գեղարվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Նրա ամենահայտնի կտավներն են՝ «Վեներայի ծնունդը», «Գարուն», «Վեներան և Մարսը»:

«Վեներայի ծնունդը», Սանդրո Բոտիչելի: անտիկ ժամանակների առաջին նկարներից մեկը, որում պատկերված է կնոջ մերկ մարմին: Թվագրվում է 1485 թ.: 

Լեոնարդո դա Վինչին առհասարակ բոլոր ժամանակների ամենահանրահայտ նկարիչներից և գիտնականներից է: Յուրահատուկ ունակությունների էր տիրապետում և մի շարք գյուտերի հեղինակ է: Հանճարի ամենահայտնի գործերն են «Խորհրդավոր ընթրիքը», «Մոնա Լիզան», «Մադոննա Բենուան»:

Ռաֆայել Սանտին իր կյանքի 37 տարիների ընթացքում բազմաթիվ հրաշալի կտավներ է ստեղծել, որոնցից առավել հայտնի են «Սիքստինյան տիրամայրը», «Երիտասարդ կնոջ դիմանկարը»:

«Վիտրուվյան մարդը», Լեոնարդո դա Վինչի: Սա Ռենեսանսի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: 

Միքելանջելո Բուոնարոտի՝ Ռենեսանսի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ: Նրա աշխատանքների մասին մինչ օրս լեգենդներ և անգամ անեկդոտներ են պատմվում: Բացի գեղանկարներից՝ նա նաև 300 բանաստեղծությունների հեղինակ է, որոնք հասել են մինչև մեր օրեր: Ամենախոշոր աշխատանքներն են «Մադոննա Դոնին», «Մովսես» և «Դավիթ» քանդակները:

Տիցիանո Վեչելլոն հայտնի նկարիչ էր: Դեռ չէր լրացել Տիցիանոյի 30-ամյակը, երբ նրան սկսեցին համարել «գեղանկարների արքա և արքաների գեղանկարիչ»: Նրա հայտնի աշխատանքներն են «Ուրբինյան Վեներան», «Եվրոպայի առևանգումը», «Մադոննա Պեզարոն»:

«Աթենական դպրոց», Ռաֆայել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել