Սեպտեմբեր ամիսն էր,  բայց ստույգ չեմ կարող ասել, թե կոնկրետ որ օրն էր: Ընդամենը մի քանի օր էր անցել այն օրվանից, երբ ես համալսարան ոտք դրեցի որպես ուսանող: Ընկերոջս հետ նստած էինք դասի: Որոշեցինք վերջին դասը չնստել: Ընկերս առաջարկեց, որ իր երկու ծանոթ աղջիկների հետ ոտքով գնանք ԵՊՀ ու հետ գանք: Քանի որ ուրիշ պլաններ չունեի, համաձայնեցի: Ու այդ համաձայնությունը դարձավ այս պատմության սկիզբը:
Չնայած, որ ես նրա հետ նույն դպրոցում եմ սովորել, ես չեմ ճանաչել նրան, և միայն այդ օրը ծանոթացանք: Առաջին տպավորությունը լավն էր: Հավանեցի, խելացի աղջիկ էր երևում: Այդ օրվանից հետո ես նրան տեսնում էի կամ ընդհանուր հոսքային դասերի ժամանակ, կամ դասամիջոցի ժամանակ միջանցքում:
Ահա եկավ առաջին կիսամյակի ավարտը, երբ մենք պետք է ընտրեինք մեր երկրորդ մասնագիտությունը և տեղափոխվեինք ուրիշ խմբեր:
Երբ նայում էի արդեն նոր ցուցակները, տեսա նրա անունը… Ընկերոջս հարցրի՝ արդյոք դա նույն մա՞րդն է, ասաց՝ հա: Մի տեսակ ներքին ուրախություն ապրեցի, որովհետև ուզում էի նրան ճանաչել:
Ձմեռային արձակուրդները վերջացան, սկսվեց նոր կիսամյակը, և ես առաջին անգամ գնացի այդ խումբ դասի: Դասից հետո ամաչելով մոտեցա նրան և, քանի որ նա էր խմբի ավագը, խնդրեցի նրա բջջայինի համարը: Երեկոյան տանը նստած մտածում էի, թե ինչ պատրվակ հորինեմ, որ զանգեմ նրան: Մտածեցի ու հիշեցի… Ես չէի արտագրել դասացուցակը… Ըհն… Լավ առիթ է: Կզանգեմ, կհարցնեմ, համ էլ կխոսեմ հետը: Զանգեցի... Ցավոք սրտի, համարն անհասանելի էր…
Ժամանակի ընթացքում մտերմացանք, սկսեցինք շատ շփվել, զանգել իրար, իրար հետ տուն գնալ դասից և այլն, և այլն: Ավարտվեց երկրորդ կիսամյակը, և սկսեցին ամառային արձակուրդները: 3 ամիս չտեսա նրան… Միայն հեռախոսով կամ սոցիալական ցանցով էինք շփվում իրար հետ: Հիմա եմ հասկանում, թե ինչքան ծանր էին այդ ամիսները ինձ համար… 3 ամիս անց, դասերը սկսվելուց մի քանի օր առաջ, որոշեցինք խմբով հավաքվել: Առաջինը եկավ նա և խմբի աղջիկներից մեկը: Երբ մոտեցա նրանց, զգացի, որ ահավոր կարոտել եմ, ուզում էի՝ գնայի, բարևեի, գրկեի ու համբուրեի: Բայց վախ անցավ միջովս. «Բա որ չհասկանա՞: Բա որ սխալ բան մտածի՞: Բա որ էլ չխոսա՞ հետս…»:
Շարունակելի…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել