2015-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանն անցավ այլ կառավարման համակարգի. մինչ այդ գործող կիսանախագահական կամ խառը կառավարման համակարգը փոխվեց, և ՀՀ-ն անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելին:
Պառլամենտարիզմը պետության օրենսդիր մարմնի`որպես ինքնուրույն մարմին կայացման և զարգացման մի գործընթաց է: Պառլամենտարիզմն արտահայտվում է պետության ներսում իշխանության երեք թևերի` գործադիր, օրենսդիր և դատական, հստակ դրսևորումներով և, որ ամենակարևորն է, այն գործում է միմյանց նկատմամբ վերահսկողության և հակակշռի սկզբունքով:
Ներկայումս պառլամենտական կամ խորհրդարանական կառավարման համակարգը մոլորակի շատ զարգացած երկրներում հանդիսանում է նախապատվելի կառավարման մոդել: Այս համակարգում մինչ այդ առաջնային խաղացող նախագահին փոխարինում է վարչապետը. չի կարելի ասել, որ նախագահն ընդհանրապես որևէ ֆունկցիա չի ունենում, այն ստանում մի յուրահատուկ խորհրդանշական կարգավիճակ` դառնում է պետության ներկայանալի առանձին այցեքարտի ինստիտուտ:
ՀՀ քաղաքական դաշտում վերջին շրջանում շարունակվում է քննարկվել, թե առաջիկա ապրիլին ինչպիսի վերադասավորումներ են սպասվում, ով կստանձնի վարչապետի պաշտոնը, սակայն մինչ այդ կա ևս հետաքրքիր գործընթաց: Մարտի 2-ին պառլամենտը կընտրի ՀՀ չորրորդ նախագահին` ազդարարելով խորհրդարանական Հայաստանի կառավարման մոդելի ստարտը:
Ինտրիգը կայանում է նրանում, որ անընդհատ շրջանառվում են նախագահի թեկնածուների տարբեր անուններ` Արկադի Ղուկասյան, Գագիկ Հարությունյան (չնայած նա հերքել էր այդ տեղեկությունը), Էդուարդ Նալբանդյան և այլք: Նախօրեին նախագահականում մտավորականության հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և, որ ամենակարևորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:
Չփորձեմ որևէ անհատի վրա կենտրոնանալ, ուղղակի թվարկեմ խորհրդարանական որոշ երկրներ և ներկայացնեմ նրանց նախագահներից մի քանիսին: Պառլամենտական երկրներն են՝ Եվրոպայի մի շարք զարգացած պետություններ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սերբիան և այլն, Իսրայելը, Հնդկաստանը և ևս մի քանի տասնյակ պետություններ:
Թվարկված բոլոր երկրների նախագահների թվարկմամբ ձեզ չեմ ձանձրացնի. կխոսեմ Գերմանիայի, Իտալիայի և Իսրայելի նախկին նախագահների մասին:
Այս մարդիկ, չնայած ներկայացնում են խորհրդարանական պետություն, և թվում է, թե չպետք է լինեին առաջնային ֆիգուրներ, այնուամենայնիվ, իրենց քաղաքական վարքով և հասարակական համակրանքով իսկական խորհրդանիշներն են հանդիսանում:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի քաղաքական դաշտի ամենադասական քաղաքական գործիչներից մեկն է, քանի որ, ունենալով փայլուն քաղաքագիտական կրթություն, նա դրան զուգահեռ բավականին նախանձելի ուղի է անցել` փոխկանցլեր, արտաքին գործերի նախարար, իսկ մինչ այդ բավականին լուրջ պոստեր զբաղեցրել պետական ապարատի միջին օղակներում:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ի տարբերություն իր գերմանացի գործընկերոջ, իրավաբանական դաշտի ներկայացուցիչ է, իրվաբանական գիտությունների դոկտորը նաև դատավոր է աշխատել, իսկ արդեն քաղաքականությում եղած ժամանակ զբաղեցրել կրթության նախարարի պաշտոնը:
Լուսահոգի Շիմոն Պերեսի մասին մի քանի նախադասություն գրելը, համաձայնեք, որ անթույլատրելի է, որպեսզի ընկալելի լինի, թե ինչ հումանիստ ու պետականակենտրոն անհատ էր նա: Խաղաղության Նոբելյան այս մրցանակակակիրն իր փոթորկոտ կյանքում եղել է իր սիրելի Իսրայելի հետ և անգամ 94 տարեկան հասակում շարունակում էր արարել հանուն իր երկրի: Պետական գրեթե բոլոր լուրջ ու պատասխանատու աթոռներում աշխատած Պերեսը նախագահի դասական տեսակի օրինակ է:
Թե առաջիկայում հայ քաղաքական ուժերն ում կառաջադրեն, հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ այժմ քաղաքական ինտրիգների սիրահարների համար իսկական գործելու ժամանակն է, ում մտքի թռիչքն ու ֆանտազիան, ինչքան հնարավոր է, թվարկում ու ներկայացնում են տարբեր անհատների ու իրենց համար ցանկալի թեկնածուների: