ՏԵՍԱՅ, ՈՐ ԱՅՍ ՆԻՒԹԸ ԲՆՕՐԻՆԱԿՈՎ ՏԵՂԱԴՐՈՒԱԾ Է
ՈՒՂՂԱԿԻ ԱՐԴԷՆ ԲԵՐԵԼ ԵՄ

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Ո՞ՒՐ Է ՏԱՐԵԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԵՏՔԵՐԸ
Անցած շաբաթ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունն ավարտվեց, եւ ՀՀ  ԱԱԾ քննչական վարչությունը կողմերին տրամադրեց քրեական գործի նյութերի պատճենները: 
Ինչպես հայտնի է, այդ գործով որպես մահափորձի իրականացնողներ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնց, ըստ նախաքննության, այդ հանցագործությունը պատվիրել է ՀՀ նախագահի նախկին մեկ այլ թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Հայրիկյանի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, բնականաբար, նույնպես ծանոթացել է նախաքննության նյութերին, ինչից հետո համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

ԷՊՈՍԱԳԵՏՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ

-Հասկանալի է` նախաքննության ավարտը դեռ դատավճիռ չէ: Այսինքն` Վարդան Սեդրակյանի ու մյուս մեղադրյալների նկատմամբ անմեղության կանխավարկածը գործում է: Դրանով հանդերձ, ըստ Ձեզ, նախաքննության նյութերն ինչքանո՞վ են համոզիչ, որ հենց մեղադրվող անձինք են հանցագործության կատարողներն ու պատվիրատուն:
- Միանշանակ ճիշտ եք. առանց օրինական ուժ ստացած դատական ակտի ոչ ոք իրավունք չունի ասել, որ հանցագործությունը կատարել են տվյալ անձինք: Այդ առումով նախաքննության նյութերը, իհարկե, դատարանում ենթակա են գնահատման: Իսկ այս պահին կան ձեռք բերված որոշակի ապացույցներ, որոնցից ելնելով նախաքննությունն իրականացնող մարմինը եզրակացրել է, որ հանցագործությունը կատարողներն ու կազմակերպիչը հենց այդ երեք անձնավորություններն են: Սակայն կցանկանայի խնդիրը նայել նաեւ հետեւյալ տեսանկյունից. անկախ նրանից, թե դատաքննությունում ինչ ընթացք կունենա այս գործը, չմոռանանք, որ ինչպես տուժողի, այնպես էլ` մեղադրյալների ետեւում գոյություն ունեն ճակատագրեր, ընտանիքներ, երեխաներ: Եվ ծանոթանալով այս գործին՝ հասկանում ես, որ տեղի է ունեցել ողբերգություն, որի պատասխանատուն, իհարկե, ոչ թե 
իրավական, այլ բարոյական առումով, մենք բոլորս ենք, հասարակությունը: Հասարակություն, որը ստեղծեց այսպիսի վիճակ, հասարակություն, որի մասնիկը, արժեքների կրողը ինչպես տուժողն է, այնպես էլ` մեղադրյալները: Կարծում եմ, որ այս պատմության խնդիրների խնդիրը հենց այս հանգամանքն է: Առավել եւս, որ այս գործը, հասկանալի է, որ ուղղված էր ոչ միայն նախագահի թեկնածու Հայրիկյանի, այլև ողջ երկրի, պետության անվտանգությանը: Այսինքն`կատարողների, պատվիրատուների եւ, չգիտեմ, այլ անձանց (գոնե ինձ համար դեռ մութ է, թե ովքեր են նրանք) ցանկությունը ոչ թե շարքից հանեին, ֆիզիկապես ոչնչացնեին քաղաքական գործչին, այլ թուլացնեին երկրի հիմքերը: Այս հարցն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ, ամեն մեկն իր չափով, կարողանա պատկերացնել, որպեսզի հետագայում կարողանանք նման իրավիճակներից խույս տալ:
- Հասարակության մեջ դեռ մահափորձի պահից տարաբնույթ քննարկումները չեն դադարում: Օրինակ` քիչ չեն կասկածները, թե ձերբակալվածները բոլորովին այն անձինք չէին, ովքեր իրականացրել էին հանցագործությունը: Եվ այդ տեսակետը, ի վերջո, հանգում էր մեր շատ պարզ հարցադրմամբ. ինչո՞ւ պետք է Սեդրակյանը ցանկանար սպանել Հայրիկյանին, որ վերջինիս հաշվին ընտրություններում ունեցած իր առանց այդ էլ բավականին ցածր դիրքերը մի փոքր բարելավե՞ր. ո՞րն է տրամաբանությունը: Ըստ ձեզ` նախաքննությունը տվե՞լ է այդ հիմնական հարցի պատասխանը:
- Տեղի է ունեցել հանցագործություն, ծանր հանցագործություն: Փաստենք, որ նախաքննության ընթացքում ապացուցվեց, որ կրակել են մարտական զենքից` «Նագան» տեսակի ատրճանակից, եւ հանցագործը զենքն ուղղել էր նախագահի թեկնածուի կրծքին: Այսինքն` խոսել, թե գործողության նպատակը եղել է վախեցնելը կամ նման մի բան, իմ կարծիքով, ճիշտ չէ. ըստ իս, եղել է մահափորձ:
- Ուրեմն ինչո՞ւ պետք է նախագահի մի թեկնածուն ցանկանար մյուս թեկնածուի մահը... Առավել եւս դա փորձեր իրականացնել, ինչպես ասում են, վարորդի ու ծեփագործի, այսինքն` սպանության հարցում գոնե առաջին հայացքից ամենեւին էլ ոչ պրոֆեսիոնալ երեւացող անձանց ձեռքերով:
- Ո՞ւմ էր դա ձեռք տալիս, կամ ինչքանո՞վ էր դա ձեռք տալիս Սեդրակյանին. նախաքննության նյութերում դա տեսանելի չէ, քանի որ տվյալ անձնավորությունը ցուցմունք չի տվել:
Ինչ վերաբերում է, թե կատարողը վարորդ է կամ ծեփագործ, դա այդքան էլ այդպես չէ, քանի որ նախաքննության նյութերից երեւում է, որ նա անցել է որոշակի ճանապարհ, տիրապետել է որոշակի գործառույթների, այսինքն` կարող էր իրականացնել տվյալ հանցագործությունը: Այլ խնդիր է, որ ոչ իր կամքով չի կարողացել մինչեւ վերջ հասցնել:
- Եթե Սեդրակյանը չի խոսել, ուրեմն, նախաքննությունն այլ մեթոդներով, այլ ապացույցներով չի՞ կարողացել գտնել հանցագործության շարժառիթները:
- Ամեն դեպքում, Սեդրակյանը, ըստ էության, ցուցմունք չի տվել, լռում է, ցուցմունք չի տալիս, եւ ավելին` նույնիսկ չի ընդունում իր մեղքը:
- Անկեղծ ասած, այն տպավորությունն է, որ նախաքննությունն այդպես էլ համոզիչ կերպով չի տվել հիմնական հարցի պատասխանը, ինչո՞ւ պետք է Սեդրակյանը փորձեր սպանել Հայրիկյանին: Իսկ դա հասարակության համար կարող է եւ ընկալելի չլինել:
- Դա այնքան էլ այդպես չէ. կարծում եմ, շատ հարցերի պատախան տվել է նախաքննությունը, եւ շատ հարցերի պատասխան էլ հանրությունը կստանա դատաքննության փուլում:
- Իսկ, օրինակ` զենքը ո՞ւմ էր պատկանում, որտեղի՞ց էր ձեռք բերվել. զենքի թեման եւս տարբեր խոսակցությունների առիթ է տվել եւ հուսանք, որ նախաքննությունն ամբողջականորեն տվել է դրանց պատասխանը:
- Ըստ նախաքննության նյութերի` համաձայն կատարողների ցուցմունքների, զենքի համար Սեդրակյանը վճարել է հազար դոլար:
- Փաստորեն, ստացվում է նման մի վիճա՞կ. երկու անձինք ցուցմունք են տալիս, թե իրենք են Սեդրակյանի հանձնարարությամբ իրականացրել հանցագործությունը, նա էլ` պարզապես հրաժարվում է: Ուրեմն, այդ երկու անձանց հայտարարությունները ինչքանո՞վ է բավարար նախագահի նախկին թեկնածուին մեղադրելու համար:
-Նախաքննության նյութերում ոչ միայն առկա են 
ցուցմունքներ, այլ նաեւ ձեռք են բերվել որոշակի ապացույցներ, որոնք էլ հիմք են տվել նախաքննության մարմնին եզրակացնել, որ կազմակերպիչը տվյալ անձնավորությունն է:
- Իսկ Սեդրակյանի եւ մյուս երկու մեղադրյալների միջեւ առերեսում անցկացվե՞լ է:
- Անցկացվել է, սակայն, ըստ նախաքննության նյութերի, այդ պահին եւս Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունք տալ, այսինքն` ժխտել կամ հաստատել մյուս երկու մեղադրյալների ցուցմունքները:
- Հնարավոր համարում եք, որ, ի վերջո, Սեդրակյանը դատարանում անմեղ հայտարարվի:
- Քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատական ակտ, ամեն տարբերակ էլ հնարավոր է, ոչ մի բան չի կարելի բացառել: Իսկ նախաքննության նյութերը դեռեւս ենթակա են բաց դատաքննության փուլում, այսպես ասած, խոշորացույցով զննման:

ԵՂԵԼ ԵՆ ԱՅԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ

- Նախաքննությունից գրեթե անմիջապես հետո ի հայտ եկավ մեկ վարկած եւս, որ այս հանցագործությունը չէր կարող առանց շատ բարձր պատվիրատուների լինել:
- Նախ կուզենայի ընդգծել, որ մահափորձից անմիջապես հետո բարդ համալիր օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացվել պետական լիազոր մարմինների կողմից, եւ դա, ըստ իս` կատարվել է ոսկերչական ճշգրտությամբ:
Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա դրանց մի մասը որոշակի տրամաբանության ենթարկվում է: Օրինակ, որ իրականում մահափորձի իմաստը ոչ թե միայն Հայրիկյանի ֆիզիկական ոչնչացումն էր, այլ այդ կերպ ընտրարշավի վրա որոշակի ազդեցություն գործելը: Վերջին հաշվով, եթե հանցագործությունը հաջողվեր հաջողությամբ ավարտին հասցնել, ապա նախագահի թեկնածուներից մեկի մահը, ըստ գործող օրենսդրության, միանշանակ պետք է հանգեցներ նոր ընտրությունների...
- Իսկ նոր ընտրությունների դեպքում Սեդրակյանը կարող էր եւ առհասարակ 
չառաջադրվել: էլի հասնում ենք այն հարցին, թե ո՞րն էր նրա շահը: Այսինքն` տրամաբանորեն չպե՞տք է մտածենք, որ եթե պատվիրատուն Սեդրակյանն էր, ապա նա էլ իր հերթին պետք է, որ որոշակի այլ պատվիրատու կամ պատվիրատուներ ունենար:
- Հարցն այսպիսով քաղաքականացնում եք: Իհարկե, տարբերակներից մեկն էլ դա է, եւ ինչու չէ, կարելի է ենթադրել, որ կազմակերպիչներին պետք է փնտրել այլ հարթություններում: Ամեն դեպքում, փաստն այն է, որ ինչ էլ լիներ հանցագործության նպատակը, միեւնույն է` արդյունքում դա ինչ-որ կերպ անդրադառնալու էր նախագահական ընտրություններին` նոր ընտրությունների կամ ընտրությունները հետաձգելու տեսքով: Եվ այստեղ ես արժանին եմ մատուցում իմ վստահորդին` Հայրիկյանին, ով մահափորձից անմիջապես հետո, քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, չփորձեց ջուր լցնել այն անձանց ջրաղացին, ովքեր կարող էին ընտրությունները տապալելու կամ հետաձգելու նպատակ հետապնդել: Եվ հենց  դա էր պատճառը, որ Հայրիկյանը զերծ մնաց Սահմանադրական դատարանում գործը քննության առնելու դիմում ներկայացնելուց եւ դրանից բխող մյուս հետեւանքներից: Այսինքն` տվյալ դեպքում ստորադասելով իր անձը իմ վստահորդը ցուցաբերեց պետականամետ գործողություն:
- Սակայն եղան նաեւ ուժեր, որոնք չհաջողված սպանությունից հետո էլ փորձում էին Հայրիկյանին ամեն կերպ համոզել, նույնիսկ` ստիպել գնալ ՍԴ: Այդ գործընթացը ինչ-որ առումով չի՞ նմանվում հանցագործության երկրորդ փուլին:
- Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես էին որոշ անձինք ջանում համոզել Հայրիկյանին, թե ճիշտը ՍԴ դիմելն է: Եվ երբ, ի վերջո, Հայրիկյանը հրաժարվեց, նա պարզապես դարձավ շատ խորը քննադատության թիրախ, ընդհուպ նրան սկսեցին մեղադրել իշխանությունների հետ համագործակցելու մեջ:
- Մեկ նրբերանգ եւս. մահափորձից հետո, երբ դեռ Սեդրակյանը նախագահի թեկնածու էր ու կալանավորված չէր, նա ինքն էր առաջ քաշում տարբեր վարկածներ: Օրինակ` հանցագործությունը կապում էր ինչ-որ մասոնական կառույցների հետ, որոնց անդամներ էր համարում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ այլն: Այլկերպ ասած, մատնանշում էր, թե այս մահափորձն ունի արտաքին ծագում: 
Այդ կարգի վարկածները նախաքննության ընթացում ուսումնասիրվե՞լ են:
- Ճիշտն ասած, կոնկրետ այդ վարկածից տեղյակ չեմ, կարծում եմ, որ նախաքննության մարմինները բոլոր նման վարկածները պետք է, որ ուսումնասիրած լինեն: Ամեն դեպքում, քրեական գործում տեսանելի են այն գործողությունները, որոնք, ըստ նախաքննության մարմնի, ուղղակի առնչություն ունեն տվյալ հանցագործության հետ: Ամեն դեպքում, կուզենայի նկատել, որ երբեք հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում: Իսկ այս հանցագործությունը, կարծում եմ, ենթակա է տարբեր ինստանցիաներում բազմակողմանի քննարկման: Վերջին հաշվով, սեղանին դրված էր ոչ միայն քաղաքական գործչի կյանքն ու առողջությունը, այլ մեր ողջ երկրի ու հասարակության ճակատագրի հարցը: Ինչ-որ մեկը կամ ոմանք փորձեցին մեր երկրում ստեղծել շիլա-շփոթ վիճակ, որից պետությունը չկարողանա դուրս գալ, արդյունքում տուժողը առաջին հերթին լինելու էր մեր պետությունը, հասարակությունը: Հենց այս տեսնակյունից է, որ պետք է խնդրին մոտենանք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆ. ՙՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ ՉԵՄ ԳՏՆՈՒՄ՚

Ավարտվել է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ կասկածվող էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունը: Նախաքննության հետ կապված մանրամասները փորձեցինք պարզել Վարդան Սեդրակյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆՍԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՑ, ով ինչպես միշտ խուսափեց մանրամասներ հայտնելուց, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ մանրամասների տեղեկանալ:
- Քրեական գործը կազմված է հինգ հատորից, արդեն երկրորդ անգամ եմ կարդում այդ հատորները, բայց մեզ` այսինքն Վարդան Սեդրակյանին վերաբերող ինչ-որ բան չեմ գտնում, մեր մեղքի բաժինը չեմ գտնում: Սկսել եմ երրորդ անգամ կարդալ, ասում եմ մարդ ես կարող ա էլի, մի բան գտնեմ, կարող ա լավ չեմ նայել: 
Վարդան Սեդրակյանին դատարանում պետք է դատեն ոչ թե գործում կցված նյութերի համար, այլ դատախազի ներկայացրած մեղադրանքների համար: Դրա համար սպասում ենք գործը գնա դատարան, ծանոթանանք մեղադրական եզրակացությանը, ըստ այդմ էլ` հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ: Մինչեւ շաբաթվա վերջ գործը կուղարկվի դատարան:
Բնական է, որ եթե այս կարգի ծանր հանցագործության դեպքում երեք-չորս փաստ գումարում ես իրար ու դրան տալիս այլ գնահատական, բնականաբար, պետք է լիներ այն, ինչ եղավ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել