«Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը բարձրորակ և թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությանն է: Մտավախության կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծողները առիթից կօգտվեն և թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20, այլ մինչև 40 տոկոսով: Հայաստանում թունաքիմիկատի շուկայի շուրջ 50 տոկոսը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապ ունեցող «Նատալի ագրո» ընկերությանը, որը թունաքիմիկատ արտադրող եվրոպական հեղինակավոր ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչն է: Սակայն դրանց հետ միասին չինական թունաքիմիկատների մի ողջ զինանոց է ներկրվում Հայաստան: Հաջորդ խոշոր ներկրողներն են «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ները: Նշենք, որ հիմնականում գյուղացիներն օգտվում են մոլախոտի, միջատների և սնկերի դեմ պայքարի համար նախատեսված թունանյութերից: Գյուղացիներին սպասվող մյուս դժվարությունը կապված է պարարտանյութի և դիզելային վառելիքի սուբսիդավորման վերացման հետ: Մինչև նախորդ տարի կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի և դիզելային վառելիքի համար, սակայն նախորդ տարեվերջին որոշում կայացվեց, որ 2018 թ. սուբսիդավորում չի լինելու: Մեկ պարկ պարարտանյութի ամենացածր գինը, որ կկարողանան գյուղացիները ձեռք բերել, կլինի 7- 8 հազար դրամը՝ նախկին 6 հազար դրամի փոխարեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: