Asekose.am-ը գրում է.

Ընդամենը մի քանի ամիս և կրկին կմեկնարկի «Միսս Արմենիան» համահայկական գեղեցկության մրցույթը, որը, սակայն, այս անգամ կկրի «Միսս Հայուհի» անվանումը: Asekose.am-ը զրուցել է մրցույթի ղեկավար, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանի հետ, ով խոսել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների, մասնակիցների ընտրության և մրցանակային ֆոնդի մասին:

«Քանի որ անցած տարի փոքր-ինչ խնդիրներ ունեցանք մրցույթի անվանման հետ կապված, որոշեցինք փոխել դրա անվանումը՝ խուսափելով ավելորդ անիրավական գործունեությունից: Նոր՝ պայմանական անվանումը, որն է «Միսս Հայուհի», դեռ քննարկվում է տնօրենների խորհրդի շրջանակներում: Ինչպես նաև որոշակի անակնկալ է պատրաստվում թագի հետ կապված, որի հեղինակը դիզայներ Նուռն է»,- նշեց Գոհար Հարությունյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ շատ շուտով կսկսվի մրցույթին մասնակցել ցանկացող աղջիկների հայտագրումը.

«Շատ շուտով արդեն կլինեն քասթինգի հայտարարությունները, բացի դրանից, այս ընթացքում պատրաստել ենք հետաքրքիր տեսանյութեր, որոնք պատմում են «Միսս Արմենիան 2017»-ի մասնակիցների կյանքի և գործունեության մասին մրցույթից հետո: Փորձել ենք ցույց տալ, որ մեր մրցույթն արժեք և հեռանկար ունի: Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք մրցույթին, ապա անելու ենք ամեն բան, որպեսզի այն անցնի անթերի՝ ունենալով միմիայն լավ և դրական արձագանքներ»,- նկատեց Գոհար Հարությունյանը:

Հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով նախորդ մրցույթի շուրջ առաջացած քննարկումները և քննադատությունները կարող են հիմք հանդիսանալ, որ շատ աղջիկներ պարզապես չմասնակցեն «Միսս Հայուհուն», Գոհարը պատասխանեց.

«Այո, ճիշտ եք: Քննարկումներ եղան ոչ միայն բուն մրցույթից հետո, այլ՝ ողջ տարվա ընթացքում: Բայց, ինչ խոսք, արդեն լավ է, որ մարդիկ հետաքրքրված են, որ քննարկում են: Ցանկացած միջոցառում ունի իր առավելություններն ու թերությունները: Օրինակ, նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցան շատ  կարևոր իրադարձություններ, որոնց մարդիկ այդքան էլ կարևորություն չտվեցին, բայց ի տարբերություն այդ իրադարձությունների՝ բոլորը քննարկում էին հենց «Միսս Արմենիան»-ը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այն բոլոր տհաճ պատմությունները, որոնք եղան՝ սկսած դատական գործընթացներից, վերջացրած թագը հետ վերցնելուց,իսկ հետո արդեն կրկին վերադարձնելուց, չլինեին, բայց միևնույն է, հասարակության շրջանում կար հետաքրքրություն դեպի մեր գեղեցկության մրցույթը: Նույնիսկ շատ աղջիկներ անմիջապես «Միսս Արմենիան»-ից հետո ցանկություն հայտնեցին մասնակցել հաջորդ մրցույթին: Այստեղ կա նաև մի կարևոր փաստ. մենք մեր հաղթող մասնակցին՝ Լիլի Սարգսյանին, ուղարկեցինք «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթին»,- ասաց Գոհար Հարությունյանը՝ շարունակելով.

«Եթե կան աղջիկներ, ովքեր մտածում են, որ ներկայիս «Միսս Արմենիան» ճանաչված մասնակցից ավելի գեղեցիկ են և ավելի պատվով կներկայացնեն իրենց երկիրը տարբեր գեղեցկության համաշխարհային մրցույթներում, ապա դա արդեն պատվի հարց է: Նրանք կարող են գալ և մասնակցել «Միսս Հայուհի 2018» մրցույթին: Պետք չէ վախենալ և խուսափել հնարավոր խոսակցություններից, քննարկումներից, դրանք բնական են»,- նկատեց Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը:

Անդրադառնալով մրցույթի գործընկերներին, ինչպես նաև մրցանակային ֆոնդին՝ Գոհար Հարությունյանը տեղեկացրեց, որ այս ամենի մասին իրենք դեռևս հստակ պատկերացում չունեն.

«Հայաստանում, առհասարակ, ամեն բան արվում է վերջին պահին, նույնիսկ նախորդ մրցույթից մի քանի օր առաջ շատ ընկերություններ դիմեցին մեզ, որպեսզի դառնան մեր գործընկերները: Այս տարի որոշել ենք կազմակերպչական շատ փոփոխություններ անել, որպեսզի նման բաներ չլինեն: Բայս այս պահի դրությամբ, մեր ամենակարևոր խնդիրը լավ մասնակիցներ ունենալն է: Ընտրելու ենք այնպիսի աղջիկների, ովքեր բազմակողմանի զարգացած կլինեն, բարդույթավորված չեն լինի և տաղանդավոր կլինեն տարբեր ոլորտներում: Օրինակ, այն աղջիկները, ովքեր մասնակցեցին «Միսս Արմենիան 2017»-ին Երևանի լավագույն մոդելներից էին, բայց նրանք ևս քննադատվեցին»,- նկատեց Գոհար Հարությունյանը՝ հավելելով.

«Կապված «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հետ՝ առաջին հերթին փորձում ենք հասկանալ հասարակության ակնկալիքը մրցույթի մասնակիցների վերաբերյալ: Բայց սրա հետ մեկտեղ՝ պետք է հաշվի առնել նաև մեր ազգային առանձնահատկությունները, շատ աղջիկների  մարմնի ոչ մկանոտ կառուցվածքը, քանի որ մենք այդքան էլ սպորտային ազգ չենք: Այդ իսկ պատճառով, եթե մենք աղջիկներին ընտրելիս հաշվի առնենք ընդունված շատ նեղ չափանիշներ, հնարավոր է, որ ընդհանրապես մասնակից չունենանք: Այս ամենին էլ գումարվում է այն փաստը, որ մենք շատ փոքր ազգաբնակչություն ունենք, որ շատ աղջիկների ընտանիքիներում կան տարբեր կարծրատիպեր, որոնց համաձայն՝ նրանք չպետք է մասնակցեն նմանատիպ մրցույթների: Այնպես որ, այս ամենի համար ընդամենը ժամանակ է պետք, այս պատճառով էլ մեր մրցույթը պետք է շարունակական լինի, որպեսզի, ինչպես ընդունված է ասել, շատերի մոտ «սառույցը կոտրվի», որ տարիներ հետո այս մրցույթին մասնակցելն աղջիկների համար պատիվ լինի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել