Վերջին շրջանում հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող հարցի` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մասնագիտական տարատեսակ մեկնաբանություններ ու կարծիքներ հնչեցին: Լավ կլինի պարզել նաև, թե ինչ է մտածում երիտասարդությունը, որն էլ այդ ամենի հետևանքների կրողն է լինելու:

Այս խնդրի մասին երիտասարդության կարծիքն իմանալու նպատակով սոցիալական կայքերից մեկում հարցում անցկացրինք, ինչպես նաև զրուցեցինք մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:

 

 

Սոֆի Մխեյան

Որպես այս երկրի քաղաքացի և հայ` հետաքրքրվում եմ այս հարցով և լավ տեղեկացված եմ, սակայն չեմ կարծում, որ արվեստի մարդիկ պետք է ներգրավված լինեն քաղաքականության մեջ: Վստահ եմ` ամեն ինչ լավ է լինելու:

Կարեն Գրիգորյան

Թուրքիայում էլ կան մարդիկ, ովքեր դեմ են սահմանի բացմանը: Կարծում եմ` տնտեսական առումով շահեկան կլինի, կունենանք այլընտրանքային ճանապարհ, ինչպես նաև` շփման ընթացքում թուրքերը կընդունեն իրենց պատմական սխալը:

Հ.Տ. Հայկո

Անտարբեր չեմ այս թեմայի նկատմամբ, բայց շատ էլ հետաքրքրված չեմ: Եթե սահմանի բացումը օգնելու է մեր տնտեսությանը և բարելավվելու է մարդկանց կյանքը, ուրեմն` պետք է բացվի: Կարծում եմ, որ սահմանի բացումից հետո մարդկանց կյանքը կլավանա:

Գոհար Հովհաննիսյան

Շատ չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ: Կարծում եմ, որ մեր հարաբերութունների կարգավորման շնորհիվ թուրքերը կլսեն մեր ժողովրդական երգերը և դրանց միջոցով էլ կծանոթանան պատմությանը:

 

 

Արման Մուշեղյան, 30 տարեկան, ք. Աբովյան, տնտեսագետ

Կողմ եմ սահմանի բացմանը, բայց ոչ այն ձևով, ինչպես հիմա է արվում. ամեն ինչ իր ժամանակն ունի: Առանց այն էլ մեր երկիրն ամեն առումներով թույլ է Թուրքիայից, և այդ արձանագրությունն էլ ավելի է թուլացնում մեզ Թուրքիայի առջև:

Լիլիթ Զեյնալյան, 25 տարեկան, Արարատի մարզ, գ. Սուրենավան, ծրագրավորող

Կողմ եմ հարաբերութունների կարգավորմանը, սահմանի բացումը չպետք է կապել ցեղասպանության հարցի հետ: Ինչու չէ, միգուցե սահմանի բացումը հնարավորություն տա թուրք ժողովրդին ավելի մոտիկից ծանոթանալու մեր պատմությունը:

Արթուր Շարբաթյան, 27 տարեկան, ք. Երևան, դիզայներ, տնտեսագետ

Կողմ եմ, մենք սահման ենք բացում մեր իսկ հողերի առաջ և մեր հայրենակիցներին կկապենք մեր պատմական տարածքներին: Շրջափակման մեջ գտնվող թույլ պետությունը ավելի մեծ խնդիրներ ունի, քան եթե դուրս գա շրջափակումից:

Մուշեղ Հովսեփյան, 13 տարեկան, ք. Երևան, պատանի լրագրող

Դեմ եմ, ինձ թվում է` սա Թուրքիայի հերթական խաղն է: Եկեք չմտնենք այդ խաղի մեջ ու չշարժվենք նրանց կանոններով:

 

 

Արմինե Մուրադյան, 25 տարեկան, ք. Վանաձոր, նկարիչ-մոդելավորող

Սահմանը պետք է բացվի, բայց չպետք է մոռանանք մեր պատմությունը: Եվ եթե այդ բացումն առանց նախապայմանների պետք է լինի, կնշանակի, որ Թուրքիան դեռ պետք է հատուցի իր արած ոճրագործության համար:

Վիլեն Ղարիբյան, 18 տարեկան, ք. Արմավիր, ապագա տնտեսագետ

Սահմանի բացումն անխուսափելի է, բայց դրանից չպետք է տուժի ո°չ հայ սպառողը, ո°չ հայ արտադրողը: Միայն տնտեսական շահը չէ կարևոր, այլ նաև ազգայինը. չպետք է զիջումների գնանք քաղաքական հարաբերություններում:

Լիլիթ Խալաթյան, 16 տարեկան, ք. Երևան, աշակերտուհի

Պետք է փորձել փոխհամաձայնության գալ: Ես եղել եմ Թուրքիայում և տեսել եմ, որ իրենք լավ են մեզ վերաբերվում: Հին վերքերը չեն բուժվի, բայց նոր սերունդը մեղավոր չէ իր ապուպապերի գործած սխալների համար:

Շուշան Խուրշուդյան, 17 տարեկան, ք. Գյումրի, ապագա դեղագործ

Պետք չէ անիմաստ տեղը լարել դրությունը, շատ լավ է, որ սահմանը բացվելու է, քիչ-քիչ ամեն ինչ կլինի£ Ներկայիս թուրք երիտասարդությունը չի ողջունում իր պապերի կատարած ոճրագործությունը և մի օր էլ մեր հողերը կվերադարձնեն:

 

 

Գրիգոր Բաղդասարյան, 16 տարեկան, ք. Մասիս, ապագա միջազգայանագետ

Ես ուզում եմ սահմանները բացվեն, քանի որ դրանով մեծ փոփոխություններ կլինեն տնտեսական բնագավառում, մեր երկրում կզարգանա տուրիզմը, հնարավորություն կունենանք տեսնել մեր Մասիսը:

 Գոհար Աքելյան, 18 տարեկան, ք. Երևան, բանասեր

Սահմանի բացումը անհրաժեշտ է առաջին հերթին մեզ: Իհարկե, լավ է, որ կան բողոքներ, թող աշխարհը տեսնի, որ եթե մեր ազգային շահերը վտանգվեն, կարող ենք պայքարել:

Լիլիթ Աղաջանյան, 27 տարեկան, ք. Երևան, քարտեզագիր

Դեմ չեմ սահմանի բացմանը, քանի որ դրանով կլուծվեն մի շարք տնտեսական խնդիրներ, իսկ դա չի նշանակում, թե մենք մոռանում ենք մեր պատմությունը կամ թուրքերին ընդունում ենք հարազատի պես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել