Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակԿենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին: Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը: Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրացմանը: Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները: Ի դեպ, շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ: Մասնավորի հետ արդյունավետ համագործակցության հերթական արդյունք հանդիսացող երևանյան այս նորույթը միանգամից գրավել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ուշադրությունն ու հիացմունքը: Տարածքը, ի դեպ, վերահսկվում է տեսախցիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել