ԻՐԱՆ-ԻՐԱՆ․ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ ԱՆԳԱՄ ԻՐԱՆՈՒՄ
Քաղաքական վերլուծություններն ու կանխատեսումներն ունեն որակի մեկ պարզ չափանիշ՝ որքանո՞վ են դրանք ճշգրիտ: «Ազատություն» ռադիոկայանն այսօր մեջբերել է Իրանի վերջին իրադարձությունների նախագահ Ռուհանիի գնահատականը. «Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ ցույցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգեւոր դասը, որն արգելակում է հասարակության ազատություններն ընդլայնելու եւ Արեւմուտքի հետ հարաբերությունը բարելավելու իր պլանները»: Մամուլում դա անվանեցին «իրավիճակի անսպասելի շրջադար»: Այս կապակցությամբ պարզապես արտատպում եմ ստորեւ հունվարի 4-ին հրապարակված հոդվածս:

ԻՐԱՆ. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՂԸ 
Կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է, ինչպես հայտնի է, սակայն երբ խոսքը մեր անմիջական հարեւանի, այն էլ՝ դարավոր ու պատմական գործընկերոջ՝ Իրանի մասին է, անհրաժեշտ է գոնե փորձել կանխագուշակել զարգացումները:

Կարծում եմ, որ Իրանի ապստամբության հետեւանքը լինելու է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության բնույթի եւ երկրի քաղաքական ընթացքի փոփոխություն: Կարելի է կանխատեսել, որ արդյունքում ուժեղանալու է նախագահ Ռուհանիի աշխարհիկ թեւը, եւ թուլանալու է այաթոլլա Խամենեիի եւ կրոնական շրջանակների ազդեցությունը: Դա բերելու է Իրանի դանդաղ, բայց հստակ արդիականացմանը՝ ավելի դանդաղ, քան ցանկանում են ընդվզողները, սակայն հավանաբար ներկայումս դա հնարավոր առավելագույնն է՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիայի անթաքույց թշնամությունը եւ դրսի այլ ճնշումները: Հենց արտաքին ճնշումն է այս պահին դանդաղեցնում բարեփոխումները Իրանում, որքան էլ դա զարմանալի թվա: Երկրի պատմությունը հիմք է տալիս իրանցիներին խորը արմատավորված անվստահություն պահպանել Արեւմուտքի նկատմամբ, ուստի Թրամփի խրախուսանքներն այս պահին ավելի շատ խանգարում են, քան օգնում դրական զարգացումներին:
Այնուամենայնիվ, բարեփոխումները տեղի են ունենալու գոնե կենսաբանական պատճառներով․ Իրանում ընթանում է սերնդափոխություն, եւ 1979 թվականի իսլամական հեղափոխության սերունդը հեռանում է ասպարեզից: Երիտասարդությունը եւ հատկապես կանայք դառնում են Իրանի շարժող ուժը, թեեւ սուննի-շիա հակամարտությունը մնալու է Իրանի հիմնական մարտահրավերը եւ բնականոն զարգացման գլխավոր արգելակը:
Հայաստանի համար նման զարգացումները բարենպաստ են, քանի որ մի կողմից դա պահպանում է մեր հարավային սահմանները չափազանց մեծ լարվածությունից առանց այն էլ թեժացող իրավիճակում, մյուս կողմից ապահովում է Իրանի աստիճանաբար ընթացող արդիականացումը, տնտեսական եւ քաղաքական, ինչը կարեւորագույն հակակշիռ է ապահովում ի հեճուկս Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան նշմարվող դաշինքի: Արեւմուտքի հանդեպ բաց, ժողովրդավար եւ զարգացող Իրանը հանդիսանալու է Հայաստանի համար ամենակայուն եւ ապահով թիկունք:
(5165 news.com, հունվարի 4, 2018 թ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել