«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, եւ պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են: Այսօր էլ հայտնի դարձավ, որ նման երեւույթ դիտվել է Երեւանում: Առայժմ, սակայն, օդի անհամապատասխան բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսության համար վտանգավոր չի դարձել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Որ ընդհանուր առմամբ անոմալ եղանակ է, Հիդրոմետ ծառայությունը հայտարարել է, այսինքն բազմամյա միջինի համեմատ օդի ջերմաստիճանը բարձր է: Բայց դա չի նշանակում, որ այս պահին մենք կարող ենք գնահատական տալ, որ սա վնաս կպատճառի գյուղատնտեսությանը: Հիմա, քանի որ գիշերները լինում է բացասական ջերմաստիճան, դա թույլ չի տալիս, որ ծառերի մոտ հյութաշարժություն սկսվի: Ես անձամբ այս պահին գտնվում եմ Տավուշի մարզում:
Այսինքն՝ այն մարզում, որն ամենացածրադիր վայրերից մեկն է եւ ամենատաքը: Ո՛չ բողբոջած ծառ ունենք, ո՛չ թուփ: Գուցե այնպիսի մի տեղ, որը հարավային կողմում է, արեւի անմիջական ճառագայթների տակ, գտնվում է տաք մի վայրում, թեկուզ Երեւան քաղաքում, չի բացառվում բնության մեջ նման երեւույթ լինի: Բայց որ դա զանգվածային բնույթ կրի եւ գյուղատնտեսությանը վնաս պատճառվի, նման խնդիր այս պահին չկա»:
Նախարարի տեղակալի խոսքով, իրենց միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպես չլինի՝ առանց ձյան տեղումների եղանակը էապես ցրտի եւ գրանցվի -15-ից ցածր ջերմաստիճան: Այդ դեպքում աշնանացանը կարող է տուժել:
«Այն տարածքներում, որտեղ աշնանացանը ծածկվի ձյան շերտով, թեկուզ 5-10 սմ, նշանակում է մինչեւ -20 -30 աստիճանին կդիմանա առանց խնդիրների: Իսկ այս պահին կդիմանա մինչեւ -15-ին: Ծառերի, խաղողի այգիների առումով, եղանակը ինչքան ցրտի, այնքան օգուտ է»,- շարունակեց Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի նվազում: «Ինձ թվում է՝ բնությունը կկարգավորի, սառը հոսանքներ կգան: Այսօր դեռ ընդամենը հունվարի 9-նն է»,- լավատեսորեն եզրափակեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: