Մասնագիտությունների մասին խոսելիս հարկ է նշել, որ հին ժամանակներում գոյություն են ունեցել այնպիսի մասնագիտություն-զբաղմունքներ, որոնց մասին այսօր սարսափով ենք խոսում: Օրինակ՝ ոմանք դիակներ էին վաճառում, մյուսները տզրուկներ էին հավաքում: Եկեք ուսումնասիրենք այդպիսի մասնագիտություններից մի քանիսը:
Տզրուկներ հավաքող

Տզրուկաբուժությունն առաջ չափազանց տարածված էր: Բժիշկներն այս արնածուծներին նշանակում էին յուրաքանչյուր հիվանդության բուժման համար: Իհարկե, կային նաև մարդիկ, ովքեր ինչ-որ կերպով հավաքում էին տզերին: Այդ մարդիկ քայլում էին բոբիկ և մերկ ոտքերի վրա հավաքում արնածուծներին: Երբ տզերը խմում էին նրանց ոտքի արյունը, մնում էր միայն պոկել դրանց ոտքերի վրայից: Այս մասնագիտությունը վատ չէր վճարվում, սակայն դրա տեր մարդիկ հաճախ աշխատանքի ընթացքում կորցնում էին գիտակցությունը արյան կորստի հետևանքով:
Ծեծվող տղա

XV-XVI դդ. Անգլիայի թագավորական պալատում այնպիսի մասնագիտություն ստեղծվեց, ինչպիսին էր «ծեծի համար նախատեսված տղան»: Նրան ներկայացնում էին երիտասարդ արքայազնին: Երբ արքայազնը կարգապահական շեղումներ էր թույլ տալիս, չարաճճիություններ էր անում, ամբողջ պատիժը նրա փոխարեն ստանում էր ծեծի համար նախատեսված տղան: Համարվում էր, որ այդ ամենը տեսնելով արքայազնը պետք է ամոթանք ապրեր, որ իր փոխարեն ուրիշին են ծեծում. չէ՞ որ հենց արքայազնին դիպչելն արգելվում էր: Որոշ ծեծվող տղաներ իրենց «աշխատանքի» վերջում վարձատրություն էին ստանում:
Դիերի գող

Բժշկության զարգացման հետ մեկտեղ բժիշկներն ու ուսանողները կարիք էին ունենում դիակների, որոնց օգնությամբ անատոմիա կսովորեին: Սակայն այդ ժամանակ դիահերձում անելն արգելված էր կաթոլիկ եկեղեցու կողմից: Հայտնվեցին մարդիկ, որոնք պատրաստակամություն հայտնեցին «թարմ» թաղված դիերը գողանալու և տանելու համալսարաններ համապատասխան վարձավճարի դիմաց: Չնայած հասարակության բուռն բողոքներին՝ այս մասնագիտությունը ծաղկում ապրեց մինչև XIX դարի վերջը:
Միաժամանակ կային այնպիսի մարդիկ, որոնք չէին ցանկանում համբերել մինչև հերթական թաղումը: Իռլանդացի գաղթականներ Ուիլյամ Բերկն ու Ուիլյամ Հեյրը սպանում էին մարդկանց, այնուհետև վաճառում Էդինբուրգի անատոմիական դպրոցին:
Թագավորական աթոռի պահապան

Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, մինչ XIX դարի վերջը բրիտանական միապետական դղյակում ամենացանկալի աշխատանքը թագավորական աթոռի պահպանումն էր: Այդ աշխատանքը կատարողները բառացիորեն մաքրում էին թագավորի հետույքը: Բանն այն է, որ միապետի մարմինը սուրբ էր համարվում, և դրան դիպչել իրավասու էին միայն ընտրյալները: Գոյություն ուներ հատուկ սենյակ, որտեղ, բացի անցք ունեցող, թավշով ծածկված արկղից, դրված էին նաև ջրով լի կուժ ու սրբիչ: Աթոռի պահապանը պարտավոր էր կարգի բերել թագավորի «ներքին հատվածն» այն բանից հետո, երբ նա կհոգար իր բնական կարիքները:
Սակայն այս աշխատանքի գլխավոր պայմանն այն էր, որ աթոռի պահապանը թագավորի հետ միայնակ էր մնում: Այդ իսկ պատճառով, երբ բնական կարիքները հոգալու գործընթացը երկարում էր, միապետը հաճախ նրա հետ քննարկում էր պետական հարցեր: Պահապանները լավ վարձատրություն էին ստանում:
Առնետներ որսացող

Երբ ինկվիզիցան դաժան պայքար էր տանում կատուների դեմ, որոնց համարում էր սատանայից ծնված կենդանիներ, առնետների քանակը քաղաքաներում հասավ կրիտիկական թվի: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ առնետներ որսացողի մասնագիտությունը: Այս աշխատանքը վտանգավոր էր կյանքի համար, քանի որ առնետները համարվում էր զանազան վարակների կրողներ:



