2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները եթե մինչև նշված ժամկետը (այսինքն՝ 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով՝ անկախ այն հանգամանքից՝ ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե ոչ:
Կատարված փոփոխության համաձայն՝ վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այսինքն՝ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո:
Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=872843982877724&set=a.152222964939833.1073741825.100004563913793&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել