Լեոնարդո դա Վինչին "Մարդն ըստ Վիտրուվիոսի" նկարը գծագրել է 1490-1492թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում: Գծագրի չափերն են՝ 34.3x24.5սմ, աշխատանքը կատարված է թանաքով և ջրաներկով՝ մետաղական գրչահատի կիրառմամբ: Նկարի և կից տրված բացատրությունների հիմքում ընկած են հռոմեացի ճարտարապետ և քանդակագործ Մարկոս Վիտրուվիոս Պոլլիոյի (Ք.ա.70թ.-Ք.հ.15թ.) "Ճարտարապետություն" ("De Architectura") երկում տրված մարդու կատարյալ կազմվածքի համամասնությունները: Երկու ստանդարտ դրություններում մարդուն շրջանի և քառակուսու մեջ առնելու գաղափարը նույնպես պատկանում է Վիտրուվիոսին:
Առաջնորդվելով մարդու կազմախոսության հիմքում ընկած կատարյալ համաչափության սկզբունքով` Լեոնարդո դա Վինչին ցանկանում էր շեշտել մարդու անխզելի կապը բնության հետ և ներկայացնել մարդ էակին որպես տիեզերական կարգավորության փոքր մոդել՝ միկրոկոսմոս: Այժմ տանք պատկերին կից ներկայացվող դա Վինչիի մեկնաբանությունների ձեռագրական թարգմանությունը:
Նկարի վերևում գտնվող հատվածում գրված է.
- Ճարտարապետ Վիտրուվիոսն իր երկում նշում է, որ մարդկային մարմնի համամասնությունները բնության կողմից սահմանված են հետևյալ կերպ.
Ձեռքի ափի երկարությունը հավասար է չորս մատի բացվածքի լայնությանը,
Ոտնաթաթը հավասար է երեք ափի,
Արմունկը հավասար է վեց ափի,
Մարդու հասակը հավասար է չորս արմունկի (24 ափի),
Մարդկային քայլի երկարությունը հավասար է չորս ափի: Այս համաչափությունը Վիտրուվիոսը կիրառում էր իր շինություններն ու արձանները ստեղծելիս:
Նկարից վար շարադրված պարագրաֆում ընթերցում ենք հետևյալը.
- Եթե դուք կանգնած դիրքում ոտքերին այնպիսի բացվածք հաղորդեք, որպեսզի գլխի բարձրությունը գետնից կրճատվի ձեր հասակի 1/14-ականով և տարածեք ձեռքերն այնպես, որպեսզի ձեր մատները հասնեն գլխի մակարդակին, ապա իմացեք, որ նման դրության մեջ կենտրոնում ցայլքի փոխարեն հայտնվում է պորտը, իսկ ոտքերն իրենց միջև ընկած հեռավորությամբ հավասարակողմ եռանկյունի են կազմում:
Հորիզոնական տարածած ձեռքերի երկարությունը հավասար է մարդու հասակին,
Ճակատի մազերի գծից մինչև ծնոտն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/10-ին,
Գլխի գագաթից մինչև ծնոտն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/8-ին,
Գլխի գագաթից մինչև կուրծքն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Ճակատի մազերի գծից մինչև կուրծքն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/5-ին,
Ուսերի առավելագույն հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Արմունկից մինչև մատների ծայրը եղած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Արմունկից մինչև ուսը եղած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/8-ին,
Ձեռքի ափի երկարությունը հավասար է մարդու հասակի 1/10-ին,
Ցայլքը գտնվում է մարդու հասակի կենտրոնում,
Ոտնաթաթի երկարությունը հավասար է մարդու հասակի 1/8-ին,
Ծնկից մինչև ոտնաթաթն ընկած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Ծնկից մինչև ցայլքը եղած հեռավորությունը հավասար է մարդու հասակի 1/4-ին,
Ծնոտից մինչև քիթը, քթից մինչև ունքերը, ունքերից մինչև ճակատի մազերի գիծը ընկած հեռավորությունները հավասար են միմյանց, ինչպես նաև ականջների երկարությանը և կազմում են համապատասխանաբար դեմքի երկարության 1/3-ը:
Դա Վինչիի այս ձեռագիրը 1810թ.-ին գնել և հրապարկել է իտալացի արվեստագետ Ջուզեպպե Բոսսը, իսկ 1815թ.-ին նրա մահվանից հետո ձեռագրի այս թերթը մինչ օրս պահվում է Վենետիկի Ակադեմիայի թանգարանում և հազվադեպ է ցուցադրվում:
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/04/vitruvian-man.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել