Անտիկ աշխարհից մեզ հասած բառեր՝ մոնարխ, օլիգարխ կամ օլիգարխիկ իշխանություն, քաղաք պետություն, Հռոմի քաղաքացի, ավելի ուշ՝ ֆեոդալ, բուրժուա և այլն: Այս բառերը ներկայացնում են մարդկության պատմության որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններ՝ հասարակության կյանքի կամ համակարգերի ձևավորումներ, գործունեություն, կենցաղավարություն, իրավական դաշտի ձևավորում, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ և այլն: Հա, ասեմ, որ միտում չունեմ բոլոր բառերի պատմական վերլուծությունն անել: Ինքներդ կդասավորեք, թե որ բառը հայաստանյան որ ժամանակահատվածին, իրադարձությանը կամ երևույթին է վերաբերում: Մեծերից մեկն ասել է, և ես հաճախ եմ սա կրկնում՝ «Պատմության թերությունն է, որ նա հաճախակի է կրկնվում»: Մենք այս բառերին կամ ավելի շուտ «երևույթներին» չէինք ծանոթանա, եթե այն ամենը, ինչ կատարվում է վերջին քսան տարիներում, նման չլիներ հին աշխարհի պատմությանը: Թեև անկեղծ ասեմ, կոնկրետ այսօր այս բոլորը մի տեսակ միքսվել են Հայաստան կոչվող կաթսայում: Ու ներվեր է պետք, որ դրանք իրարից ջոկես, մեկը ֆեոդալ է, մյուսը՝ բուրժուա, էն մյուսը՝ օլիգարխ, ու էս ամենի վրա միապետն է նստած: Պատմությունն էլ ուրիշ բան չուներ, որոշեց բոլոր ժամանակները միանգամից գլխներիս թափել ու մի խառնաշփոթ առաջացնել: Մենք ականատես եղանք ԽՍՀՄ-ի փլուզմանը: Խորհրդային հանրապետություններում իշխանությունը պատկանում էր կոմունիստական կուսակցությանը, որն էլ, ըստ նրա գաղափարախոսության, ժողովրդի իշխանությունն էր: Երանելի սոցիալիզմ: Անկեղծ, երանի էդ ժամանակներին, երբ մի ողջ պետություն՝ իր արդյունաբերությամբ, տնտեսությամբ և ռեսուրսներով, պատկանում էր ժողովրդին: Սրան իր հերթին փոխարինեց հետզհետե զարգացող օլիգարխիան, որի ներկայացուցիչները կասկածելի ճանապարհներով կուտակեցին կամ ավելի շուտ՝ այդ նույն ժողովրդից հափշտակեցին փլուզվող երկրի հարստություններն ու ռեսուրսները՝ ժողովրդին և այդ ռեսուրսները ծառայեցնելով սեփական շահերին և հարստություն կուտակելուն: Այստեղ հասարակությունը վերածվեց «ոչխարների հոտի» կամ պարզապես՝ ոմանց համար շահագործվող ստրուկների: Այսօր, ժողովուրդ և օլիգարխ հակամարտության արդյունքում, Ժողովուրդը հյուծվել է և գրեթե կամայազրկվել: Թեև առկա են մի քանի ընդվզման «օջախներ», որոնք փորձում են բոցավառվել և տարածել դժգոհության կրակը: Եթե ուշադրություն դարձնեք, այսօր Հայաստանը, որպես այդպիսին, չկա, կա «քաղաք պետություն՝ Երևան»-ը: Այսպես կտրուկ եմ արտահայտվում, որովհետև մի ողջ «պետություն» շահագործվում է հանուն մի քանի հոգու և հանուն մի քաղաքի, որտեղ ուրբանացման արդյունքում կենտրոնացել է հասարակության թե՛ աշխատուժը և թե՛ ֆինանսական կապիտալը: Մարզերը դատարկվում են, հանրապետությունում գրանցված է տնտեսական աճ, որի թվերն ու տոկոսները պարզապես հիշեցնում են օճառի պղպճակներ: Աղքատության ցուցանիշը «зашкаливает», իսկ սահմանամերձ գյուղերում շուտով մի երկու շուն կմնա, որոնց երևի գայլերը կհոշոտեն: Ծերացող Հայաստանի ֆոնին վեր է խոյանում գեղեցիկ և փարթամ Երևանը, և ես կասեի՝ «Օլիգարխների անճաշակ Երևանը» և ոչ թե Հայաստանի մայրաքաղաքը կամ երևանցիների բնակավայրը: Ուշադրություն դարձրեք այսօրվա՝ Երևանի քաղաքապետի և ավագանու անդամների թեկնածուների նախընտրական պայքարին և կոչերին՝ «Սկսենք Երևանից և փոխենք Հայաստանը»: Արդյունքում՝ տոնածառի նման զարդարվող անճաշակ էլիտար Երևան: Ամենևին էլ միտում չունեմ վիրավորելու «ժողովրդին պատկանող երևանցիներին»: Մարզերի և Երևանի միջև աճող կոնտրաստը գրգռում է հասարակության համբերությունը ու հունից հանելու քայլերի դրդում: Հասարակության հետզհետե աճող դժգոհությունը պետք է որ որպես ազդակ ծառայի, քանի որ հասունանում է համընդհանուր ժայթքում: Քաղաքացիների մոտ ինքնագիտակցման ծնունդ կա, որը վերածվում է ինքնագիտակցված կազմակերպվածության: Կանաչների ընդվզումն ու ընդդիմությունը իշխանական կամայականությանը հանգեցրին նրան, որ վերջինիս զիջումները բացահայտեցին օլիգարխիայի «Աքիլլեսյան գարշապարը», ուրեմն՝ հնարավոր է: «Նեմեց Ռուբոյի օբյեկտում» կատարված սպանությունը՝ բողոքի ալիք բարձրացրեց, որը ամրապնդեց քաղաքացիական ինքնագիտակցման ծիլերը՝ վերածելով այն ծաղկող շյուղի: Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում ՀՀԿ-ական թեկնածուի խայտառակ պարտությունը ապացուցեց, որ քրեաօլիգարխիկ իշխանությունները կախված են ժողովրդի քմահաճույքից: Ոմանք կարող են ասել, թե նախագահական հետընտրական ցնցումները ուղղված էին այդ իշխանությունները տապալելու, սակայն ես այլ կարծիքի եմ: Ըստ իս, ժողովրդին գիտակցաբար շեղեցին կարևոր իրադարձություններից և ինչպես իմ ՖԲ – ստատուսներից մեկում էի արտահայտվել՝ Րաֆֆին դարձավ Սերժի «սեյսմիկ բարձիկը», որը մեղմացրեց ժողովրդի բողոքի ալիքները: Երանիով և ցավով եմ հիշում 2008-ի Մարտի 1-ը, քանի որ համարում եմ, որ ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համազգային բողոքի` պայքարի տրագեդիկ վախճանն անկրկնելի է: Համենայն դեպս, մոտ ապագայում դա բացառված է: Այսօր՝ բավական կարճ ժամանակ անց, Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունները կանգնած են քայքայման եզրին, քանի որ ցանկացած տնտեսական աճին զուգահեռ աճում է բարոյաարժեզրկումը՝ ինչպես հին աշխարհում, առանց արտաքին թշնամու կազմաքանդվեց Հռոմի կայսրությունը, ուստի, մի քանիսի իշխանությանն ու նրանց ղեկավարած ՀՀ կուսակցությանը սպառնում է նույն ճակատագիրը, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Այսօր, մի բուռ Հայաստանի՝ արդեն իսկ սպառվող ռեսուրսների պատճառով, օլիգարխների միջև տեղի են ունենում ներքին պառակտումներ և ռեսուրսների տեղաբաշխման գործընթացներ: Ժողովրդի լեզվով ասած՝ արդեն սկսել են իրար ուտելը: ՀՀԿ-ղեկավարության և իշխանությունների անտաղանդ և ձախողված ղեկավարման մեջ՝ իշխանական էլիտայի՝ մեղավորներ և քավության նոխազներ փնտրելն ու պատժելը վաղ թե ուշ հանգեցնելու է ներքին դժգոհությունների և ողջ համակարգի քայքայմանը: Կարծում եք՝ միայն ժողովո՞ւրդն է այդ պայքարի մեջ հիասթափվում, խաբվում, հյուծվում, աղքատանում: Ժողովուրդը միշտ էլ հզոր է եղել և նույնիսկ այս փոքրիկ առճակատումներին դիմագրավելու համար օլիգարխներից մեծ ճիգեր, նյարդեր և ռեսուրսներ են պահանջվում: Եվ եթե այսօր սրանք՝ Հռոմեական կայսրների նման, ժողովրդին հաց և խրախճանք են առաջարկում՝ «էլիտար Երևան» անվան տակ, ապա այսօր իսկ ժողովուրդը ընդվզում է այդ անճաշակությանը, այդ «հացն ու խրախճանքն» արդեն դեմ է առել երևանցիների կոկորդներին, ու եթե «Երևանի փոփոխությունները» սկսվեն շարքային քաղաքացիներից, ապա հույս ունեմ, որ այդ փոփոխությունները կհասնեն Հայաստանի բոլոր մարզերը, իսկ եթե ոչ, ուրեմն թող Երևանն այնքան մեծանա, որ ձգվի, հասնի Հայաստանի հեռավոր մարզերը: Այդ ժամանակ էլ չենք երգի «Երևան դարձած իմ Էրեբունի» այլ կերգենք «Երևան դարձած իմ Հայաստան»: Պատկերացնո՞ւմ եք, ձեզ հարցնում են, թե Երևանի ո՞ր թաղում եք բնակվում, դուք պատասխանում եք Սյունիքի, Շիրակի կամ Տավուշի ծայրամասային թաղում: Սպասենք և հետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը, հաղթանակների ամիսը ցույց կտա, թե որքանով է այդ կոչը իրական և հաղթական: Պատմությունը կրկնվում է, մեզ միայն մնում է համբերությամբ սպասել այն երանելի և սպասված ժամանակին, երբ նա կայցելի Հայաստան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել