Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի նախկին վարորդ Հմայակ Միքայելյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման` միաժամանակ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, հայտնում է iravaban.net-ը:
Գործով նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի դատավճռով ամբաստանյալ Հմայակ Միքայելյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել է 278.372 ՀՀ դրամ գումար` որպես քրեական գործով իրականացրած փորձաքննությունների ծախս:

 

 


ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) Հմայակ Միքայելյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա դատարանում ցուցմունք է տվել, որ վարել է Սոֆի Դևոյանին պատկանող «Մերսեդես-Բենց S 500» մակնիշի ավտոմեքենան` փոխադրելով նրան ու նրա ընտանիքի անդամներին, իսկ աշխատանքն ավարտելուց հետո ավտոմեքենան մնացել է իր տրամադրության տակ։
2012թ. հունիսի 3-ին ժամը 05.20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերը նշված ավտոմեքենան, որն եղել է տեխնիկապես սարքին և կառավարելի, առանց ուղևորի և բեռի, վարել է Երևան քաղաքում և ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին։
Վթարից հետո իջնելով մեքենայից` փորձել է օգնություն ցույց տալ վթարված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին, սակայն ստացված վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել, որից հետո հեռացել է վթարված ավտոմեքենաների մոտից, բարձրացել մոտ 30 մետր դեպի Գայի պողոտայի ուղղությամբ, մոտ 10-15 րոպե խոսել բջջային հեռախոսով։ Դրանից հետո իրեն է մոտեցել մի ոստիկանության աշխատակից, ում հայտնել է, որ հանդիսանում է վթարված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որից հետո ոստիկանի ուղեկցությամբ մոտեցել է վթարված մեքենաներին։
Գործով երկու տուժողներն ու պատահարի հետևանքով մահացած տուժողի իրավահաջորդները դատարանում հայտնել են, որ իրենք ցանկանում են՝ պատահարի մեղավորը ենթարկվի քրեական պատասխանատվության: Գործով որպես վկա ցուցմունք է տվել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

 

 Դատարանը պատիժ նշանակելիս գտել է, որ ամբաստանյալ Հմայակ Միքայելյանի վերաբերյալ գործով պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանդիսանում հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, իսկ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` նրա խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաներ ունենալը, անկեղծորեն զղջալը, նախկինում դատվածություն չունենալը։

Տեղեկացնենք, որ դատավճիռը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը պաշտպանական կողմը բաց է թողել: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Հմայակ Միքայելյանը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարել և վերականգնել: Դատարանը մերժել է:

Նյութը` ILur.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել