Անցնող շաբաթվա միջազգային կարևորագույն իրադարձությունը, թերևս, կարելի է համարել Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընթացած զարգացումները: Ասամբլեան ընդունեց բանաձև, որով կոչ է անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ քվեարկեցին 128 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

 

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:

 

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»: Բանաձևը պահանջում է նաև, որ բոլոր պետությունները չճանաչեն այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:

 

Այս բանաձևին Հայաստանի «կողմ» քվեարկությունը կանխատեսելի էր մի քանի պատճառով: Պարզ էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում հայտնվելու է փոքրամասնության մեջ, և Հայաստանը, ըստ ամենայնի, գերադասել է համերաշխ գտնվել միջազգային հանրության հետ: Բացի այդ, գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության հարցը ու, չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդում է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո:

 

Երուսաղեմի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը «սև բիծ» է համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ։ Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ իշխանությունները մշտապես կարծել են, որ եթե իրենք ուժեղ են, ապա ամեն ինչի իրավունք ունեն, սակայն միջազգային հանրությունը հակառակն է ապացուցել։

 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական օգնությունը երկրներին, որոնք կաջակցեն բանաձևին։ Այն դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը։ Մինչ քվեարկությունը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է նվազեցնել բանաձևին աջակցող երկրների ֆինանսական աջակցությունը:

 

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Թրամփը ստեղծել է հակամարտությունների կարգավորման նախադեպ` հիմնված գոյություն ունեցող փաստերի վրա: Այս նախադեպը կարող էր դրական հեռանկարներ բացել նաև ԼՂ խնդրի կարգավորման համար:

 

Հ.գ. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ–ին անվանել է «ստի որջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել