Վրաստանի նախագահի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը տեղի ունեցավ ինչ-որ տեղ սպոնտան։ Դեկտեմբերի 25-ին, ինչպես գիտեք, նախատեսված էր Վրաստանի ու Հայաստանի վարչապետերի հանդիպումն արդեն Հայաստանում, դրա փոխարեն, սակայն, հենց երեկ չէ առաջին օրը Սերժ Սարգսյանը մեկնեց Թբիլիսի, որտեղ, ի դեպ, նրա ու առաջին տիկնոջ անունից տրվեց պաշտոնական ընթրիք։ Եվ ուրեմն՝ ինչն էր խնդիրը այդ հապշտապ հանդիպման։
Ինչպես գիտեք, օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ վրաց-աբխազական երկաթուղու այլընտրանք հանդիսացող ճանապարհներով դեպի Ռուսաստան բեռներ ներկրելու դեպքում Հայաստանն ու Թուրքիան նույնպես կարող են օգտվել դրանից, եթե, իհարկե, դրան համաձայնվի Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանին սա այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ հենց նրա տարածք են բեռներ տեղափոխվելու, այլ ոչ թե ինքն է տեղափոխելու։ Վրաստանը տվել է իր համաձայնությունն, ու հարցը մնում է միայն այն, որ ռուսները դրան համաձայնվեն։ Հիմա ո՞րն է Սերժ Սարգսյանի այցելությանը իմաստը։ Սարգսյանը, մեծ հաշվով, գնացել է ու փորձելու է հետագայում նաև համոզել Ռուսաստանի իշխանություններին զիջման գնալ այդ հարցում՝ փոխարենն իր տարածքով ԵԱՏՄ շուկայում Վրաստանի ապրանքաշրջանառության մասին որոշակի երաշխիքներ տալով։ Այդպիսով Հայաստանը ձեռնարկում է առաջին քայլերը ԵԱՏՄ ու այս պահին եվրոպական ուղով ընթացող Վրաստանի համար կամուրջ հանդիսանալու համար։ Բացի այդ՝ այդ պարագայում հնարավոր է նաև ռուս-վրացական հարաբերությունների որոշակի լավացում, քանի որ «վրացական երազանքն», ի տարբերություն «միացյալ ազգային շարժմանը», ռադիկալ չի տրամադրված Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ։