Յուրաքանչյուր, կյանք մտած եւ դրա բարդություններից լոկ մի քանիսին հանդիպած մարդուն ծանոթ կլինի այն իրավիճակը, երբ նրա ծանոթներից կամ հարազատներից մեկն անբուժելի հիվանդ է (Աստված հեռու պահի, տանից-տեղից հեռու): Ենթագիտակցորեն նա գիտի, որ այդ մարդուն ապրելու շատ քիչ ժամանակ է մնում, սակայն մինչեւ վերջին պահը նա հույս եւ հավատ է ունենում, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Եվ միայն իր մտերիմի մահկանացուն կնքելուց հետո է նա հասկանում, որ որքան էլ նա պատրաստված էր, միեւնույն է, ցավն ու վիշտը չափազանց մեծ են, եւ նա չի կարողանում հաշտվել տեղի ունեցածի հետ:

 Իսկ հիմա մեկ պահ կանգ առնենք: Գուցե ես շատ դրամատիկ օրինակ բերեցի, որի համար ընթերցողների ներողամտությունն եմ հայցում, ուղղակի անմիջապես «Բավարիա» – «Բարսելոնա» խաղից հետո մտքիս առաջինը սա եկավ: Բայց եւ այնուամենայնիվ… Եկեք զուգահեռներ անցկացնենք վերը նշածս օրինակի եւ բառացիորեն մի քանի րոպե առաջ ավարտված խաղի միջեւ: Երբ «Բարսելոնան» մեծ դժվարությամբ հասավ կիսաեզրափակիչ, որտեղ նրան բաժին հասավ մյունխենյան ակումբը, մասնագետներից շատերն ասացին, որ ի տաբերություն նախորդ երկու մրցակիցների, «Բավարիան» չի հապաղի պատժել «Բարսային», եւ գնդակը մրցակցի տուգանային հրապարակ հասցնելուց հետո կընտրի գրոհի եզրափակման ամենաօպտիմալ տարբերակը, ինչը միեւնույն պատճառներով չարեցին թե՛ Միլանը եւ թե՛ ՊՍԺ-ը, չօգտվելով «Բարսայի» ակներեւ թույլ պաշտպանությունից: Եվ իրոք, այս 2 թիմերը դեռ չափազանց երիտասարդ են, եւ ժամանակ առ ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ իրենք էլ չէին հավատում, որ կարող են հաղթել «Բարսային»: Համաձայնեք, որ փորձի առումով տարբերությունն իրոք մեծ է, Նիանգի, Էլ Շարավիի, Պաստորեի կամ Լավեցիի փորձը չես համեմատի Գոմեսի, Ռոբենի կամ Ռիբերիի ունեցածի հետ, այդպես չէ՞: Այնպես որ, «Բարսելոնայի» տապալումը որոշ չափով կանխատեսված էր (ինչպես վերեւի օրինակում կանխատեսված էր այդ մարդու վախճանը): Սակայն, անգամ առաջին գոլից հետո շատերին թվում էր, թե շուտով կատալոնացիները ոտքի կկանգնեն, ասենք Մեսսին իր կախարդական ձախով հրաշք կգործի, կամ Ինյեստա-Չավի զույգը մի ելք կգտնի (ինչպես վերեւում վախճանվողի հարազատները մինչեւ վերջին պահը հավատում էին, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի): Սակայն երբ հնչեց խաղի ավարտը արձանագրող մրցավարի սուլիչի ձայնը, բոլորը հասկացան, որ իզուր էին նրանց հույսերը (ինչպես եւ մարդու մահկանացուն կնքելուց հետո բոլորը հասկացան, որ ամեն ինչ վերջացավ): Դրամատիզացնո՞ւմ եմ: Գուցե!!! Սա էլ իր պատճառն ունի, քանի որ լավ ճանաչելով «Բարսայի» մի շարք երկրպագուների, ես գիտեմ, որ «Բարսելոնան» նրանց համար ուղղակի ակումբ չէ, այլ շատ ավելին: Վստահ եմ, որ խաղի ավարտից հետո նրանք առնվազն մի քանի վայրկյան քարացած մնացին հեռուստացույցի առջեւ: 4:0!!!!: Փորձելով հիշել, թե երբ է «Բարսելոնան» վերջին անգամ նման հաշվով պարտություն կրել, առաջինը մտքիս գալիս է Չեմպիոնների Լիգայի 1994 թվականի եզրափակիչը, որտեղ Ֆաբիո Կապելլոյի «Միլանը» ջախջախեց Յոհան Կրոյֆի «Բարսելոնային»: Ինչեւիցե, այս խայտառակ պարտության պատճառները կարող ենք անվերջ փնտրել եւ մի քանիսը կգտնենք: Օրինակ` որ Գոմեսի գոլը խաղից դուրս վիճակից էր, որ մինչ Ռոբենը դրիբլինգով շրջանցում էր մրցակցի խաղացողներին, Մյուլլերը խախտում էր կանոնները, որ Վիլանովան չգիտես ինչու շարունակում է վստահել Ալեքսիս Սանչեսին, իսկ այս անգամ Կարլես Պույոլի դիրքում դուրս էր բերել Բարտրային, եւ իհարկե, համոզված եմ, «Բարսայի» ֆանատների գլխավոր արդարացումը այն է, որ Լեոնել Մեսսին դեռ լիովին չէր ապաքինվել վնասվածքից: Սակայն այստեղ, կրկին վերադառնալով իմ օրինակին, կհասկանանք, որ դա այլեւս ինչ-որ բան չի փոխի, եւ երկրպագուների  վերքը միայն կխորացնի: Վերեւի օրինակում, եթե մահացողը ձեզ համար ուղղակի ծանոթ մարդ է, դուք ուղղակի կտխրեք, բայց որոշ ժամանակ անց կդզվեք: Սակայն եթե մահացողը ձեզ հարազատ է (եւ կրկին` Աստված որ չանի), ապա այս վիշտը երկար ժամանակ կմնա ձեր սրտում: Նույնն էլ այստեղ է, անձամբ ինձ, ուղղակի դիտորդի համար, ցավալի է, որ այսպիսի ակումբը այսպես ստորացվեց, իսկ ահա «Բարսայի» երկրպագուներն այս պարտությունը դեռ երկար չեն մոռանա: Ուղղակի պետք է հասկանալ, որ վաղ թե ուշ սա պետք է տեղի ունենար, եւ լավ է, որ դա եղավ հենց Վիլանովայի ժամանակով, քանի որ բավական էր խեղճ Խորդի Ռուորան թուք ու մուր ուտեր ամեն մի պարտության համար, որում նրա մեղքն ըստ երեւույթի չկար:



Իսկ ահա «Բավարիան»... Վրեժ!!!: Այլ կերպ չես ասի, ընդ որում` դաժան վրեժ: 4 տարի առաջ «Բարսան», օգտվելով նրանից, որ «Բավարիայի» պաշտպանները չէին կարողանում արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, ջաղջախեց մյունխենցիներին` 4:0 հաշվով: Այս անգամ «Բավարիան», օգտվելով «Բարսելոնայի» ամենաթույլ տեղից, այն է` 2-րդ հարկում պայքարից եւ ուղղակի ուժային պայքարից, նույնով պատասխանեց մրցակցին: Եվ պետք չէ կարծել, որ 4 տարվա հնությամբ խաղում «Բարսայի» նորընծա մարզիչը հանդիսացող Գուարդիոլան այսօր ինչ-որ խորհուրդներ էր տվել Հայնկեսին, թե ինչպես հաղթել իր նախկին թիմին: «Բարսելոնայի» թույլ տեղը բոլորն արդեն վաղուց են բացահայտել: Սակայն մի բան է բացահայտել, մեկ այլ բան՝ օգտագործել այդ բացերը: «Միլանը» չկարողացավ, ՊՍԺ-ն չկարողացավ, իսկ «Բավարիան» կարողացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել