Երգչուհի Թամար Կապրելյանին Հայաստանում ճանաչեցին դեռ 2015 թվականին, երբ «Genealogy» խմբի կազմով մասնակցեց «Եվրատեսիլին»: Այս տարի Թամարը որոշել է հայտ ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագծին` ներկայացնելով իր հեղինակային երգը:

«Թույն արի». այսպես է կոչվում նրա հեղինակային երգը, որը հանկարծակի ծնված սիրո մասին է: Ինչպես Թամարն է նշել BlogNews.am-ի հետ զրույցում, այս երգն իր համար ժանրային առումով նորություն է. «Շատ օրգանական էր, մենք գրեցինք մի հրաշալի երգ, որը համապատասխանում է «Եվրատեսիլի» ֆորմատին, և որոշեցինք մասնակցել ծրագրին: Մեր առաջնային և գլխավոր նպատակն է ցույց տալ Հայաստանում եղած տաղանդը»:  

Երգի ստեղծման վրա մեծ թիմ է աշխատել՝ Դեր-Հովան, Սեբու Սիմոնյանը և «Նվակ» ծրագրի երիտասարդ երգահանները` Սանահի Փափազյանը, Օվսաննա Խուբլարյանը և Յանա Կարապետյանը, իսկ ելույթի բեմադրության գեղարվեստական ղեկավարը Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գարունլյանն է. «Սա համագործակցության մեծ փորձ էր, յուրաքանչյուրս մեր անփոխարինելի դերն ունենք այս երգի ստեղծման մեջ: Այս երգը ցույց է տալու իմ «ես»-ը լրիվ ուրիշ կողմից: Ելույթիս ժամանակ լինելու եմ մեկ ուրիշ կերպարով, ոչ դաշնամուրի մոտ նստած: Երգն արագ տեմպի մեջ է, ունի հայկական էթնիկ էլեմենտներ, հայերենի և անգլերենի միքս է, շատ ժամանակակից է հնչում»:

Թամարը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում. ղեկավարում է «Nvak» նախագիծը, որն ուղղված է հայ երիտասարդներին օգնելուն: Քչերն, իհարկե, գիտեն նախագծի մասին, բայց ինչպես նա է նշում, «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագծին մասնակցելը կօգնի նրան և իր նախագծերը ճանաչելուն նաև Հայաստանում. «Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան իմ իրական կերպարը որպես երգչուհի, երգահան և սոցիալական ձեռնարկատեր»:

IMG_7004 copyIMG_7107 copyIMG_7150black copyIMG_7151black copy

Նա այն մասնակիցն է, ով ժամանակին փորձ ունեցել է կանգնելու մրցութային բեմի վրա. ասում է, որ լավ գիտի` ինչ սխալներ պետք չէ թույլ տալ. ««Եվրատեսիլը» մոտ 60 տարի է, ինչ անց է կացվում: Մեծ շանս էր երգելու եվրատեսիլյան բեմից, երբ քեզ դիտում է 200 միլիոն մարդ: Այս մրցույթը կարող է օգնել արտիստին առաջ գնալ իր կարիերայում, եթե ամեն ինչ ճիշտ է արված: Մենք ունենք հնարավորություն այդ բեմից ցույց տալու Հայաստանում եղած տաղանդը, ինչն ամենից շատն է ինձ ոգևորում: Միանշանակ, գիտեմ ինչ սպասել այդ մրցույթից: Առաջին անգամ մասնակցելուց հետո շատ բան եմ սովորել, գիտեմ ինչպես խուսափել սխալներից»:

Այս տարի նախագծին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև Մհերը, Սևակ Խանաղյանը, Արսեն Գրիգորյանը։ Խոսելով մրցակիցների մասին՝ երգչուհին այսպես ասաց. «Հիացած եմ բոլոր այն մասնակիցներով, ում հետ որ պետք է կիսեմ բեմը: Մենք բոլորս էլ յուրահատուկ ենք մեր տեսակով: Ես հավատում եմ, որ այն մարդը, ով կարժանանա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու հնարավորությանը, պատվով կանի դա»,- եզրափակեց երգչուհին։

IMG_7157 copy
IMG_7159 copy
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Գևորգ Խուրշուդյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել