Ներքաղաքական պրոցեսները գնալով թեժանում են: Բնականաբար, Կարեն Կարապետյանը կցանկանա մնալ վարչապետ կառավարման կարգի փոփոխությունից հետո․ չեմ կարծում, որ որևէ ռացիոնալ քաղաքական գործիչ այլ ցանկություն ունենար, բայց այս հարցից զատ կան այլ կարևոր հարցեր էլ:
Իշխանության ներքին խնդիրները, եթե մի կողմ ենք թողնում, ունենում ենք ավելի տխուր պատկեր՝ ընդդիմություն, որը միասնական միայն ԱԺ դահլիճից դուրս գալ գիտի, ու եթե չնայենք լոկալ կամ անձնավորված խոսակցությունները, որոնք քաղաքականության հետ այնքանով կապ ունեն, որ տվյալ մարդը պատգամավոր է կամ գոնե պատգամավորի ազգական, քաղաքական ելույթների ու գործողությունների մակարդակով 0 ակտիվություն է։
Ընդդիմությունն էլ իր մեջ պետք է վերադասավորումներ անի, խմբակցության ղեկավարից մինչև խմբակցության քարտուղար պետք է վերանայվեն, ի վերջո նոր համակարգ ենք մտնում, բայց ոնց հասկանում եմ, նման բան տեղի չի ունենալու, ու մարդկանց համար թիվ մեկ հարցը Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյանն է մնում: Իհարկե, սա էլ ունի իր բացատրությունը՝ ամեն մեկն իր ցանկության մասին է խոսում, ոչ թե քաղաքական անհրաժեշտությունից ելնելով:
Ավելի տխուր է արտախորհրդարանական ուժերի վիճակը: Նրանք կա՛մ «Սասնա ծռերի» հերթական դատական նիստից հետո քաղբանտարկյալների պլաստինկան են միացնում, կա՛մ էլ «Բան չմնաց, հեսա հեղափոխությունը կլինի» հիթն են պտտում: Հա՜, ու ով միտինգ անի, կապ չունի՝ ուսանողներն են, հանքափորներն են, թե տիեզերագնացները, այդ թեմայով թամաշա են անում, ու 5 տարի հետո կլսենք՝ «Կեղծեցին, մեր հավաքած 70 տոկոս ձայնից թողեցին 1 տոկոսը», բայց չեն հասկանա, որ թամաշա անելով մեծ քաղաքականության մեջ անելիք չունեն: